Իսկ բարեխիղճ վարորդներին ի՞նչ է սպասվում

Ազգային ժողովում երեկ քննարկվում էր կառավարության բերած նախագիծը՝ վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին։ Դրանով ներվում են 2012-ից մինչեւ 2017 թթ․ դեկտեմբերի 31-ը ներառված բոլոր խախտումները։ Հարցը զեկուցող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը թվարկեց այն խախտումները, որոնց տուգանքները չեն ներվելու՝ արգելված լուսաձայնային ազդանշանով երթեւեկելը, առանց ԱՊՊԱ կտրոնի մեքենան վարելը, կեղծված կամ փոփոխված համարանիշով մեքենան վարելը եւ այլն։ Մյուս խախտումները կներվեն։ Բայց մինչ արտահերթ նիստի մեկնարկը՝ առավոտ շուտ այս հարցը քննարկվեց նաեւ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում, որտեղ բուռն բանավեճ ծավալվեց իրավաբան պատգամավորների եւ արդարադատության նախարարի միջեւ։ Խնդիրը նախ նախագծի անվանման մեջ էր՝ «համաներում», ինչի մասին բարձրաձայնեց ՀՀԿ-ական փոխխոսնակ, հարցի հարակից զեկուցող Արփինե Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ այդ հասկացությունն ամրագրված է միայն Քրեական օրենսգրքում, վարչականում «համաներում» եզրույթը չկա, կա ընդամենը ամնիստիոն ակտ։ Ուստի հարց հնչեց՝ «համաներում» բառը կարո՞ղ է կիրառվել նաեւ վարչական տիրույթի համար։

Համաներման նախագծով ներվելու է 13.7 միլիարդ դրամի պարտավորություն։ Արփինե Հովհաննիսյանը հիշեցրեց 2013 թվականին իր կատարած մի խախտման վերաբերյալ օրեր առաջ երկրորդ անգամ նույն տուգանքի ծանուցագիրը ստանալու մասին, այն դեպքում, երբ ինքը տուգանքը վաղուց վճարել է։ Եվ հարց տվեց՝ այդ 13.7 միլիարդ դրամի մեջ, օրինակ, իր այդ վճարած տուգանքը ներառվա՞ծ է, թե՞ ոչ։ Եթե ներառված է, ապա դա արդեն 13.7 միլիարդ դրամ չէ։ Հարց հնչեց նաեւ, թե ինչու բոլոր խախտումների վրա չի տարածվում, օրինակ՝ տեխզննման կտրոնը չփակցնելու կամ, ասենք, պետհամարանիշն ընկնելու դեպքում առաջացած տուգանքի դեպքում։ Թե՛ պետաիրավականի նիստում, թե՛ ԱԺ նիստի ժամանակ բարձրացվեց մի կարեւոր հարց՝ հավասարության սկզբունքը, թե ինչու են ներվում ընդամենը մի խումբ խախտումներ, եւ երկրորդ․ ի՞նչ պետք է անեն այն բարեխիղճ վարորդները, որոնք 2012-2017 թթ․ բարեխղճորեն մուծել են իրենց տուգանքները։ Ստացվում է՝ նրանք, ովքեր չեն մուծել, այսօր ներվում են՝ անհավասար պայմաններում դնելով նրանց, ովքեր մուծել են, բայց կարող էին չմուծել եւ ներվել։

Կամ՝ խախտումներ են եղել, որոնք հանցավոր շղթայի արդյունք են, ինչի մասին նաեւ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էր բարձրաձայնել դեռ կառավարության նիստում, որ կան բազմաթիվ դեպքեր, երբ, օրինակ, տաքսի ծառայությունների ղեկավարներն իրենց մեքենաները տվել են գույք չունեցող վարորդների, որոնք էլ անխնա տուգանվել են, բայց քանի որ սեփականություն չունեն, պետությունը չի կարողացել նրանցից որեւէ բան բռնագանձել։ Եվ այս դեպքերով, ըստ դատախազի, այսօր բազմաթիվ քրգործեր են քննվում։ Բայց այս նախագծով նման անբարեխիղճ եւ հանցավոր շղթայում գործած վարորդները եւս համաներվում են։ Կամ, օրինակ, մի որեւէ օլիգարխի զավակ «հազարի տակ» արագաչափի տակով անցել է՝ ակնհայտ լկտիություն ցուցաբերելով երթեւեկության կանոնների նկատմամբ, տուգանվել է, դիցուք, 100 հազար դրամ ու չի մուծել, ու հիմա նրա տուգանքը եւս կհամաներվի։ Սա ակնհայտ անարդար մոտեցում է, որի պատասխանը չկար նախագծում։

Արտակ Զեյնալյանը փորձեց այս անարդարության թնջուկը բացատրել Եվրոպայի խորհրդի մի բանաձեւով, որով նախատեսվում է, որ համաներումը պետք է ունենա որոշակի չափանիշներ, որպեսզի չխախտվի հավասարության սկզբունքը։ «Տվյալ դեպքում, այն օրենքի նախագիծը, որը ներկայացված է, համապատասխանում է ժամանակակից չափանիշներին եւ չափորոշիչներին։ Կարո՞ղ է այդպիսի խնդիր առաջանալ, դա փիլիսոփայական հարց է, եւ դրա պատասխանը, եթե ես փորձեմ տալ, հակասության մեջ կմտնեմ այլ տեսությունների հետ»,- ասաց նախարարը՝ այդպես էլ հարցի պատասխանը չտալով։

Արփինե Հովհաննիսյանն էլ իր ելույթում հարց հնչեցրեց․ «Եթե մենք սոցիալական խնդիր ենք լուծում, պիտի հստակ երեւա՝ արդյոք դրանք էն մարդի՞կ են, որոնք անհուսալի են ճանաչվել։ Չափանիշը պարզ չի դառնում, 2018-ից էս կողմ եկածների մեջ սոցիալապես անապահովներ չկա՞ն, իրենց ինչի՞ չենք ներում»։ ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանն իր ելույթում նկատեց՝ ամեն անգամ նման գործառույթից հետո մենք խնդիր ենք ունենում․ «Բարեխիղճ վարորդների քանակը պակասում է։ Ես դեմ չեմ նման օրենքի ընդունմանը, բայց մենք պետք է ուշադրություն դարձնենք՝ էն բարեխիղճ վարորդները, որոնք վճարումները կատարել են ժամանակին, մենք պետք է անդրադառնանք նաեւ նրանց հարցին՝ ինչ-որ կերպ փոխհատուցենք ժամանակին կատարած նրանց վճարումները։ Մարդ, որ բարեխիղճ է, ինքը չպետք է տուժի»։

Նախագիծն ամեն դեպքում քվեարկվեց եւ ընդունվեց առանց դեմ ձայների, բայց բարձրացված հարցադրումներին հստակ պատասխաններ այդպես էլ չտրվեցին, եւ անհավասարության ու բարեխիղճ վարորդների հանդեպ անարդարության հարցը մնաց չլուծված։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X