Սրմաքեշը կյանքում չի կարող պարտք ունենալ որևէ խանութի․ Սամվել Բալասանյան

Երեկ Գյումրու ավագանին որոշեց ռադիոզավոդի նախկին շենքը 99 տարի անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել շվեյցարական ժամացույցներ արտադրող «Ֆրանկ Մյուլլեր» ընկերությանը, որի հիմնադիր-տնօրենն ազգությամբ հայ Վարդան Սրմաքեշն է։ Գործարարը նպատակ ունի Հանրապետության երկրորդ քաղաքում ընկերության արտադրամասերից մեկը հիմնել՝ մոտ մեկ միլիոն դոլարի ներդրում կատարվելով։ Գյումրու ռադիոզավոդի շենքը վաղուց վթարային է, սակայն շենքում բնակվում է շուրջ 11 ընտանիք։ Հենց այդ հանգամանքն էլ պատճառ դարձավ, որպեսզի ավագանու անդամները երկար քննարկեն, բանավիճեն, թե ինչ է լինելու այդ 11 ընտանիքի ճակատագիրը։ Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի խոսքերով՝ բնակիչների հարցը լուծվելու է, նրանց վերաբնակեցնելու են այլ տարածքներում։

Ավագանու անդամ Լևոն Բարսեղյանին հետաքրքրեց, թե ինչ ասել է բնակեցման հարցը լուծվելու է, այդ ինչպես։ «Դե, փոխհատուցման, բանակցությունների արդյունքում, տարբեր ընտանիքներ են, տվյալ ընկերությունն է պատասխանատու։Նման խոշորամասշտաբ ծրագիր իրականացնողը չեմ կարծում այդ հարցը չլուծի»,- ասաց ճարտարապետը։ Քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ միջամտեց՝ ասելով, որ շատ հաճախ բնակիչների պահանջը ավելին է․ «Շատ դեպքերում չեն համաձայնում, ասում են՝ հենց էստեղ երկու հարկանի տուն կառուցեք, տվեք»։

Քաղաքապետի խոսքերով շենքի բնակիչներն անգամ ուրախ են, ողջունում են նախագիծը, որովհետև ծանր պայմաններում են ապրում։Ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Սուսաննա Աստոյանն ասաց, որ իրեն շվեյցարաբնակ գործարարի գործունեությունը վստահություն չի ներշնչում, նա հիշեցրեց Գյումրու երկաթգծի հիվանդանոցի պատմությունը, որ տարիներ առաջ նույնպես հանձնվեց այդ ընկերությանը՝ կարի արտադրամաս բացելու նպատակով, ինչը մինչ օրս չի իրագործվել, փոխարենը հսկայական պարտքեր է կուտակվել շինանյութերի խանութներում։Սամվել Բալասանյանին այս միջամտությունը դուր չեկավ։ «Սրմաքեշը կյանքում չի կարող որևէ խանութի պարտք ունենալ, պարտք կարող է ունենալ շինարարը։ Եթե շինարարական կազմակերպությունը պարտք է, դա չի նշանակում, թե Սրմաքեշն է պարտք»,-ասաց նա։

Նշենք, որ «Ֆրանկ Մյուլլեր» ընկերությունը, Հայաստանում կատարել է 1.3 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում, ինչի արդյունքում կազմակերպվել է ժամացույցների կորպուսների և ոսկյա զարդերի արտադրություն։ Ընկերության տնօրեն Վարդան Սրմաքեշը 2013 թ. նշանակվել է Մարսելում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոս։ Նա գործունեություն է ծավալում նաև բանկային ոլորտում, մասնավորապես, «Արցախբանկի» 39.1 տոկոսի և «Արմսվիսբանկի» 80 տոկոսի բաժնետերն է։ Իսկ 1999 թվականից «Արարատ» ֆուտբոլային ակումբի համասեփականատերն է։

Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X