Հայ ազգային կոնգրեսն առաջարկով դիմել է Ռուբեն Ջաղինյանին

Հայ ազգային կոնգրեսն առաջարկով դիմել է Ռուբեն Ջաղինյանին՝ «Հայաստանի կորսված գարուն» ֆիլմը եթերում ցուցադրելու համար։

Հայտարարությունն ամբողջությամբ․

«Պարոն Ջաղինյան,

Ինչպես հայտնի է, 2008թ. փետրվար-մարտ ամիսներին Հայաստանում տեղի են ունեցել լայնածավալ ընտրակեղծարարություն, այնուհետ սահմանադրական կարգի տապալման ճանապարհով՝ իշխանազավթում: Այս մասին ասված է նաեւ վերջերս հրապարակված Հատուկ քննչական ծառայության հայտարարության մեջ: Այս ամբողջ ժամանակահատվածում, ընդհուպ մինչեւ Թավշյա հեղափոխության հաղթանակը, այդ ոճրագործությունը կատարած իշխանությունն ամեն ինչ արել է այն պարտակելու համար: Ինչպես նաեւ արգելվել է հանրային եթերով այդ իրադրությունների մասին նկարահանված ֆիլմի ցուցադրումը:

Հաշվի առնելով, որ ոճրագործ ռեժիմը հեռացված է իշխանությունից, եւ ստեղծվել են նախադրյալներ մամուլի ազատության եւ տեղեկությունների ազատ շրջանառման համար, հաշվի առնելով նաեւ, որ անհրաժեշտ է մեր հասարակությանը եւ ժողովրդին ծանոթացնել այդ ոճրագործության մանրամասներին, Հայ Ազգային Կոնգրեսը առաջարկում է Հանրային հեռուստատեսության եթերում ցուցադրել ականավոր հրապարակախոս եւ ռեժիսոր Տիգրան Պասկեւիչյանի «Հայաստանի կորսված գարուն» փաստավավերագրական ֆիլմը, որը անաչառ ներկայացնում է կատարվածը»:

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ՝

Լևոն Զուրաբյան

Մեկնաբանություն
X