Համայնքներում ջրի խնդիր է, մեղավորներին իրար մեջ են որոնում

Տարվա այս շրջանում հայաստանյան համայնքներում կատաստրոֆիկ իրավիճակ է, որոշ համայնքներում ջուր չկա, իսկ որտեղ էլ, որ քիչ թե շատ կա, գյուղացիները բախվում են այլ խնդիրների հետ։ Բանն այն է, որ գյուղերում տարվա այս ժամանակահատվածում, երբ մշակաբույսերի, հատկապես կարտոֆիլի ոռոգման ակտիվ սեզոնն է, ու երբ շաբաթը մեկ անգամ պարբերականությամբ պետք է ոռոգել կարտոֆիլի բոստանները, գյուղացիները սկսում են իրար հետ վիճաբանության մեջ մտնել, շատ հաճախ բանը հասնում է հայհոյանքներին ու ծեծկռտուքներին, քանի որ չեն կարողանում միմյանց մեջ կիսել ոռոգման ջուրը։

Այդ խնդիրը կարգավորելու համար գյուղերում ժամանակվոր աշխատողներ են կարգվում, որոնց շատ համայնքներում «միրավ» են անվանում։ Նրանց խնդիրը բնակիչներին ցուցակագրել է և ժամանակին ջուր հասցնելը, իսկ այն համայնքներում, որտեղ ջրի սակավություն կա, նրանց շատ հաճախ, կես կատակ, կես լուրջ, «ցամաք առվի միրավ» են անվանում։ Արի ու տես, որ միրավի պաշտոնում նշանակվածները հաճախ երկար չեն էլ աշխատում, այսինքն՝ ինչպես ասում են՝ «չեն ձգում», քանի որ շատ հաճախ նրանց նույնպես հայհոյում ու ծեծում են։

Արդյունքում տուժում է միրավը, ում գործը միայն բնակիչներին ցուցակագրելն ու ջուր հասցնելն է, իսկ համայնքի ղեկավարներն ու ջրամատակարարման համար պատախանատու «ջրի տնօրեններն» ու «ջրի պետերը» չեղած ջրից չոր են դուրս գալիս։ Իմիջիայլոց, խնդիրը այս տարի առաջացել է նաև այն գյուղերում, որոնք մշտապես ջրամատակարարման առումով ինքնաբավ են եղել, ինչպիսիք են, օրինակ, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Գավառ, և այլ շրջանների համայնքները։ Սակայն այս անգամ ահազանգը Կոտայքի մարզի Սոլակ համայնքից էր։ Այս համայնքում ջուր կա, բայց ջրամատակարարումը համակարգող չկա․ ջրօգտագործման «Հրազդան» տեղամասի բաժնի պետ Վարդան Ալեքսանյանին են բնակիչները մեղադրում․

«Անցած տարի օգոստոսին էլի սեզոնի վճարումները արել եմ, էս տարի հուլիսն ա, էլի ջուր չկա, ու չգիտեմ՝ ոնց անեմ։ Ամբողջ մեր չարչարանքը 15-20 օրում սաղ կչորանա, չգիտեմ՝ ոնց անենք։ Ինքը ճիշտ չի կարողանում կազմակերպի։ Եթե ես մի հատ աշխատող ունենամ, աշխատացնեմ, գումարը չտամ, էլի կաշխատի՞։ Գյուղում սաղ ասում են՝ աշխատանք չունեմ, մի հոգի չկա՞, որ գա էս սեզոնին աշխատի։ Որ ինքը փող չի տալիս, ո՞նց կգա, կաշախատի։ Ես երեկ գիշեր էլի իրեն զանգել եմ, խնդիրը գումարը չի, բայց ես խ՞ի պիտի իրեն անընդհատ զանգեմ, անընդհատ զանգեմ։ Ասում ա՝ էսա ջուրը հասնում ա, սպասեցի՝ էդ օրը գնաց կորավ։ Հետո ասեց՝ գիշերը ջուր եմ տալիս, էլի չտվեց։ Չգիտեմ՝ տղա ջան, ինչով կարող եք օգնել»,- մեզ հետ զրույցում ասաց Սոլակ համայնքի բնակիչ Սերյոժա Բաբայանը։

Իսկ բնակիչներին օգնելու համար կապվեցինք Վարդան Ալեքսանյանի հետ։ Նա էլ պնդում է՝ «բնակիչները յոլա չեն գնում, սաղ ուզում են առաջինը իրենք ջրեն»․

«Կռիվ-ղալմաղալ չկա, էդ բնակիչները պետք ա իրար հետ յոլա գնան, ջուրն էլ բացված ա։ Ուղղակի խնդիրը նրանում ա, որ ամեն մեկը ուզում ա առաջինը ինքը ջրի։ Քանի կար անձրևներ էր էստեղ, հիմա միանգամից չորություն ա, ամեն մեկը ուզում ա առաջնահերթը ինքը ջրի, դրա համար չեն կարողանում։ Սոլակ համայնքը էն համայնքներից մեկն ա, որ ջուր ունի մի քանի տեղից՝ Սոլակի պոմպակայանից, Հրազդան- Սոլակ գծից ու էլի 2 տեղից։ Հրազդան-Սոլակ գիծն ա մի քիչ ուշ բացվել, որովհետև վթարները շատ էին, մի խոսքով հասցրել ենք, անում ենք։ Հենց նոր Սոլակի համայնքապետի հետ էի զրուցում, միասին կաշխատենք, կհամագործակցենք, էդ խնդիրները կլուծենք։ Մի քիչ բողոքավոր ա մեր ժողովուրդը, բայց կաշխատենք նորմալ իրանց ջրամատակարարումը ապահովենք»։

Հարցրինք, թե ինչո՞ւ աշխատողներ չեն ընդունում, ընդունելու դեպքում էլ ինչո՞ւ չեն վճարում․ «Սոլակ համայնքում 2 աշխատող ունեի, մեկը կեսից հրաժարվեց, մի աշխատող էլ գյուղապետը իր կողմից նշանակել ա, օգնում ա, մինչև 2-րդ աշխատողին ընդունենք։

Աշխատողներին վարձատրողը ես չեմ, միությունից են վարձատրվում, բայց վարձատրում ենք։ Ճիշտ ա՝ աշխատավարձը մի քիչ շատ քիչ ա։ Իմիջիայլոց, որ ձեզ կզանգեն, ես խնդրում եմ՝ անունները գրեք, մեկ էլ հարցրեք՝ վճարե՞լ եք, թե՞ չէ։ Անցած տարի Սոլակ համայնքին տվել է 3 մլն 2 հարյուր հազարի ջուր, հավաքել եմ 2 հարյուր հազար դրամ»։

Սոլակ գյուղի բնակիչը մեզ հետ զրույցում ասաց, որ ջրի համար իրենց հետ հավասար տանջվում է նաև համայնքի ղեկավարի նորանշանակ պաշտոնակատար Էդգար Խաչատրյանը։ Նրա հետ նույնպես կապ հաստատեցինք՝ պարզելու, թե այնուամենայնիվ ո՞րն է խնդիրը՝ Ալեքսանյա՞նը ջուր չի տալիս, թե՞ բնակիչները յոլա չեն գնում․

«Ճիշտ է, իրոք ջրի խնդիր կա, էդ բնակիչն իմ հետ էլ է զրուցել, ուրեմն մեր գյուղում կա «Վերևի» թաղամաս, որի ջուրը կողքի գյուղից է գալիս՝ Քաղսի գյուղից, մոտ մի 2-3 կիլոմետր, էդ ջրից օգտվում է նաև Քաղսի համայնքը։ Հիմա հերթ ենք սահմանել, որ 3 օր մեր գյուղը գա, 3 օր Քաղսի գյուղը գնա։ Քանի որ այս տարի ջրելու պրոցեսը մի քիչ ուշ են սկսել, մի 6-7 օր առաջ է առաջին ջուրը եկել։ Հիմա ժողովուրդը չի հասցնում ջրի, ջուրն էլ Քաղսիից չի հասցնում գա, աշխատողի խնդիր ունենք։ Ալեքսանյան Վարդանը աշխատուժի խնդիր ունի, ջուրը չի գալիս։ Ես՝ որպես համայնքապետ, իմ տեղակալներով, մշակույթի տան տնօրենով, բոլոր տղամարդկանցով գնում ենք, ջուրը կապում-բերում ենք, որ մեր համայնքին ջուր հասցնենք, բնակիչներին էլ չի հասնում ջուրը, խնդիրը դա է»։

Կորյուն Սիմոնյան

Մեկնաբանություն
X