Միհրան Պողոսյանը երկու անգամ փորձեց հարց հնչեցնել, երկու անգամ էլ թույլ չտվին (տեսանյութ)

Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է մի շարք վարչական իրավախախտումներից առաջացած տուգանքների համաներման նախագիծը։ Այն քննարկվում է էքսպրես ռեժիմով, որպեսզի հասցնեն տեղավորվել 24-ժամյա ռեժիմում։ Նախագծի վերաբերյալ բանավոր առաջարկներ էր ներկայացրել և այսօր նախագծի զեկուցող, արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանին հարցեր ուներ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը։

Բայց նրան ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը թույլ չտվեց հարց հնչեցնել՝ նշելով, որ կանոնակարգը թույլ չի տալիս, և ինքը երեկ այդ մասին հայտարարել էր, որ կարող են հարց հնչեցնել միայն նրանք, ովքեր գրավոր առաջարկներ են ուղարկել երեք ժամվա ընթացքում։ Պողոսյանը այդ ընացքում քանիցս փորձեց «համոզել», որ հարց տա, բայց ոչ մի կերպ թույլ չտվեցին։ Հետո ելույթ ունեցավ հարցի հարակից զեկուցող Արփինե Հովհաննիսյանը, ով անդրադարձավ թե՛ Պողոսյանի, թե՛ այլոց առաջարկություններին։

Հովհաննիսյանի ելութից հետո, Միհրան Պողոսյանը ևս մեկ փորձ կատարեց հարց ուղղելու, բայց նորից նրան արգելեցին։ Պողոսյանը նկատեց, որ Արփինե Հովհաննիսյանն իր ելույթում տվել է իր անունը, բայց պարզվեց՝ դա էլ «հաշիվ» չէր։ Միհրան Պողոսյանին առաջարկեցին ընդամենը գրանցվել ելույթի համար, և իր հարցադրումները հնչեցնել ելույթի տեսքով, ինչն էլ արեց ի վերջո։

Մեկնաբանություն
X