Քաղաքապետի «էտալոնը»

Կարդացածիս չէի հավատում` Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել: Ոչ մի բառ չկար այն մասին, թե ինչու է գնացել այդ ծայրահեղ քայլին: Ո՛չ դրդողի անուն կար, ո՛չ բրթողի: Հա, հենց այդպես, վերցրել ու հրաժարական է տվել, երեւանցիներից էլ ներողություն խնդրել` հետագա համագործակցությունը դադարեցնելու համար:

Դուրս եկա պատշգամբ, որ տեսնեմ` Երեւանը չի՞ փոխվել, արդյոք, այդ լուրից: Տեսա` չէ, քաղաքային տրանսպորտն աշխատում է, աղբահավաք մեքենան աղբամանն է քաշքշում, դեսուդեն սլացող գժական «յաշիկներ» չկան, լուսացույցները միալար կարգավորում են մեքենաների ու հետիոտների շարժը: Չէ, ոչինչ չկար առանձնահատուկ, որ գուժեր Մարգարյանի հրաժարականը: Պատշգամբիս ներքեւում լուռ զրուցում էին երկու ջահել ընկուզենիները, որ, ականատեսների պատմելով, Տարոն Մարգարյանն էր տնկել տվել` հենց այն տեղում, որտեղ անբարեխիղճ գործարարը կտրել էր իր խանութի մուտքը փակող՝ գրեթե բաոբաբ հիշեցնող ծեր ընկուզենին:

Տեսնես Լուսիկ տատին հայտնե՞լ են արդեն: Չի դիմանա խեղճ կինը: Ընտրություններին էն ինչ էր անում, էն ինչ էր անում Տարոն Մարգարյանի համար: Հերարձակ դուրս էր եկել կամերաների դեմ ու` Տարոնս, Տարոնս… Բոլոր ալիքներով այդ օրերին Լուսիկ տատին էին ցույց տալիս: Երեւի պետք է բակի տարեց մարդկանցից խումբ կազմել եւ ուղարկել Լուսիկ տատի մոտ, որ հեռվից պատմելով գան, այլապես հանկարծ կիմանա, ու հարկ կլինի խեղճ կնոջը հոգեբույժի տանել, իսկ հոգեբույժների մոտ այս օրերին մեծ հերթեր են: Ահա, խնդրեմ, թերթերը գրում են, որ Երեւանի քաղաքապետարանի կանայք մի կերպ են դիմացել Մարգարյանի հրաժեշտի հանդիպմանը` որը անձեռոցիկով, որը թաշկինակով քողարկելով հուզմունքը:

Մեղքս ինչ թաքցնեմ, ես էլ վատ եղա այդ լուրից: Մանավանդ, որ հոդված էի գրել Տարոն Մարգարյանի դեմ սկսված ցույցերի օրերին ու կրծքով պաշտպանել քաղաքապետին, թե այդ ո՞ւմ դեմ եք ելել, նա ընտրված քաղաքապետ է եւ ընտրվել է մի ընտրությամբ, որի արդյունքներն ընդունել է թե՛ «Ելքը» եւ թե՛ մանավանդ, «Երկիր ծիրանին»: Դրանից հետո, ի պաշտպանություն Տարոն Մարգարյանի, մեծ խմբով մարդիկ հավաքվեցին քաղաքապետարանի մոտ եւ թավշյա ցուցարարներին «թավշյա» խռիկ տվեցին այդ տեղանքից: Այնպես էլ չէր, որ Տարոն Մարգարյանն իմ գրածը կարդալուց հետո էր կանչել յուրայիններին: Տարոն Մարգարյանը ե՞րբ էր իմ գրածները կարդում որ: Փոխարենը ոմանք ընդհուպ պնդում էին, որ քաղաքապետի կողմնակիցներն իրենք են գլխի ընկել, որ այդկերպ կարող են պաշտպանել իրենց ընտրյալին: Ես այս թեզին էլ շատ չէի հավատում, որովհետեւ այդ զանգվածին լավ եմ ճանաչում, հիմնականում մեր թաղեցիք էին:

Ես վատ եղա, որովհետեւ Տարոն Մարգարյանն իսկական քաղաքապետ էր, Հայաստանի Հանրապետությանը, հին, թե նոր՝ էական չէ, խիստ բնորոշ պաշտոնյա: Ի՞նչ ճշտապահությամբ, ընտրությունների ժամանակացույցին ինչպիսի՞ համապատասխանությամբ էր նա ասֆալտապատում բակերը, երկրորդական փողոցները, ինչ ջանադրությամբ էր փոխում կեղտոտ պադյեզդների դռները, նորոգում Լենինի թվի վերելակները: Ես կմոռանա՞մ, թե քանի անգամ իմ դիմում-խնդրանքներով փորձեցի կոռումպացնել այդ մարդուն, բայց չստացվեց: Այդպես էլ նա իմ ոչ մի դիմումի դրական արձագանք չտվեց, ինձ ոչ մի անգամ չարժանացրեց յուր բարձր տեսությանը: Իմ որոշ հարեւաններ, Տարոն Մարգարյանից ծածուկ, ինչ ասես, որ չարեցին բակում` է՛լ ծառ կտրել, է՛լ տարածք զավթել, է՛լ չափառ քաշել, է՛լ խաղահրապարակ հարամել: Թե Տարոնը կիմանա՛ա՛ա՛ր… Մի՞թե ես կարող էի ինձ թույլ տալ, առանց այդ մարդու գիտության, խաղողի թարմա բարձրացնել 4 ձողի վրա: Բնավ, երբեք: Եվ հիմա բակն այլանդակած իմ այդ հարեւաններն ուրախ են, որ Տարոնը գնաց ու այդպես էլ չտեսավ իրենց գործած ավերները:

Իմ սիրտն իսկապես ցավում է Տարոն Մարգարյանի հրաժարականի կապակցությամբ: Քանի դեռ նա քաղաքապետ էր, ես պայքարող տեսակ էի համարում ինձ: Հիմա չգիտեմ ինչ է լինելու վիճակս, ով է լինելու քաղաքապետ, որ խնդիրներս թարմացնեմ ու պահանջեմ լուծել: Էս էրեխեքից խելքս բան չի կտրում: Սրանք ասֆալտ անո՞ղ են, աղբ թափո՞ղ են, ծառ տնկո՞ղ են, խաղողի թարմայի թույլտվություն տվո՞ղ են: Հազիվ սելֆի ու լայվ են անում: Ասում են` ամեն ինչ ժողովրդինն է, բայց առայժմ ամեն ինչ իրենցն է, ոչնչի ժամանակ չունեն, ոչ մեկի դարդին դարման անելու քեֆ չունեն: Մի հատ ապուշ վիճակ, որ քաղաքագիտական ոչ մի բնորոշման չի ենթարկվում:

Ի՞նչ անեմ: Երեւի գնամ, մեր հարեւան Շմավոնին խնդրեմ` իր նման 2-3 հոգու հավաքի ու գնա Լուսիկ տատին հրաժարականի լուրը փոխանցելու…

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Մեկնաբանություն
X