Ապրիլի 22-ին տեղի ունեցածը հանցագործություն էր

Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը կարծում է, որ ապրիլի 22-ին Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի եւ Արարատ Միրզոյանի ձերբակալությունները կատարվել են ապօրինի: Նրա խոսքով՝ ձերբակալում տեղի չի էլ ունեցել, տեղի է ունեցել դասական առեւանգում: «Քրեական դատավարության օրենսգրքի 128 հոդվածի համաձայն, ձերբակալումն անձի կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու նպատակով նրան․ 1) արգելանքի վերցնելն է, 2) հետաքննության կամ վարույթ իրականացնող մարմին բերելը, 3) համապատասխան արձանագրություն կազմելը 4) եւ այդ մասին նրան հայտարարելը:

Այսինքն՝ եթե նույնիսկ Փաշինյանին, Միքայելյանին եւ Միրզոյանին արգելանքի էին վերցրել օրինական, ապա հարց՝ արգելանքի վերցնելուց հետո նրանց ո՞ւր տարան, քննիչի՞ մոտ։ Չեմ հավատում: Այսինքն՝ սա արդեն չեղավ ձերբակալում: Ինչ-որ ոստիկանական գործողություն էր, բայց ոչ ձերբակալում: Ավելին, Քրեական դատավարության օրենսգրքի նույն հոդվածի երրորդ մասի համաձայն, ձերբակալումը կատարվում է բացառապես երկու հիմքով.

  1. հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա,

  2. քրեական հետապնդման մարմնի որոշման հիման վրա: Այժմ հարց՝ դրանցից ո՞ր հիմքն էր․ եթե անմիջական կասկածանքի հիման վրա, ապա դա աբսուրդ է, քանի որ թավշյա հեղափոխության ակցիաները՝ փողոցներ փակելը եւ այլն, սկսվել էին ոչ թե ապրիլի 22-ի ցերեկը, այլ՝ մարտի վերջից:

Հետեւաբար, ապրիլի 22-ի ցերեկը իրավապահների մոտ նման կասկած ծագել չէր կարող: Հատկապես որ բողոքի ակցիաների մասնակիցներն ու նրանց ղեկավարները պարզ հայերենով ասում էին, որ տեղի է ունենում ոչ այլ ինչ, քան հեղափոխություն: Փաշինյանի, Միքայելյանի եւ Միրզոյանի «ձերբակալումը» չէր կարող կատարվել նաեւ քրեական հետապնդման մարմնի որոշման հիման վրա, քանի որ այդպիսի որոշում կայացվում է, եթե ապագա ձերբակալվողը գտնվում է այլ տեղանքում, կամ նրա գտնվելու վայրը հայտնի չէ (Քրեական դատավարության օրենսգրքի 130 հոդված): Ես այն հստակ կարծիքին եմ, որ ապրիլի 22-ին տեղի ունեցածը հանցագործություն էր, որին պետք է տրվի քրեաիրավական գնահատական: Եթե մոտակա ժամանակներս դատախազն ինքնուրույն այդ գնահատականը չի տալու (անցել է 2 ամսից ավելի ժամանակ), ես՝ որպես շարքային քաղաքացի, ինքս եմ տալու հաղորդում հանցագործության մասին»:

Մեկնաբանություն
X