Արմեն Սարգսյանի նախագահական վոյաժը. Փարիզ

Նախագահ Սարգսյանի վոյաժի երկրորդ կանգառը եղել է Ֆրանսիայում՝ Փարիզում: Այցը Փարիզ, հավանաբար, մտահղացվել է որպես միջանկյալ օղակ՝ Լոնդոնում հունիսի 21-ին եւ Վաշինգտոնում հունիսի 26-28-ին ծրագրված միջոցառումների միջեւ բացված մի քանի ազատ օրերի պատուհանը փակելու համար:

Ուրիշ որտե՞ղ, եթե ոչ Ritz-ում կամ Maurice-ում

Սարգսյանի արտերկրյա շրջագայության շրջանակում Փարիզում նախատեսվող երկու միջոցառման մասին էր նախապես հայտարարվել: Համաձայն նախագահականի հունիսի 18-ի հաղորդագրության՝ «Փարիզում Արմեն Սարգսյանը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ՝ Հայաստանի մրցակցային առավելությունները ներկայացնելու եւ ներդրումային հնարավորությունները քննարկելու նպատակով: Նախագահ Սարգսյանը Փարիզում աշխատանքային հանդիպում կունենա նաեւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միքաել Ժանի հետ։ Կքննարկվեն հոկտեմբերի 7-12-ը Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում գործարար համաժողովի անցկացման հետ կապված հարցեր»:

Սա ծրագրվել էր եւ բարձրաձայնվել… իսկ ինչ է իրականացվել:

Ֆրանսիացի գործարարների հետ հանդիպումների մասով. նախագահականի տեքստից ամենեւին չէր հասկացվում, թե հանդիպումներն ով էր կազմակերպելու, որտեղ եւ ինչ ձեւաչափով: Փարիզյան հանդիպումներից հետո տարածված հաղորդագրությունից արդեն այն տպավորությունն էր, որ, հավանաբար, պրն Սարգսյանը փարիզաբնակ մի գործարար ընկերոջ հետ հունիսի 24-ի եւ 25-ի երեկոներին գնացել է Ritz կամ Maurice, եւ ֆրանսիացի գործարարներից ով այդ երեկո նույն ռեստորանում ճաշելիս է եղել, իրեն ծանոթացրել են, զրուցել է:

Ուրիշ մի տարբերակով՝ հազիվ թե այնպիսի խայտաբղետ հանդիպումներ հնարավոր լիներ մեկտեղել, ինչպիսիք թվարկել էր ՀՀ նախագահականը: Ըստ նախագահականի՝ Արմեն Սարգսյանը Փարիզում հանդիպել էր «Dassault systemes»-ի, «Channel»-ի, «Crédit Agricole» բանկի, «Aéroport de Paris»-ի, «Lactalis group»-ի, «CNIM»-ի, «Egis-Group»-ի, «Surys»-ի եւ այլ ընկերությունների ղեկավարների հետ:

Ստորեւ ընդամենը մի քանի տողով ծանոթացնենք, թե թվարկված ընկերություններից յուրաքանչյուրը որ ոլորտից է, ինչ գործունեություն է ծավալում, ինչ կապիտալի է տիրապետում, եւ ընթերցողը թող դատի, թե այդքան տարբեր, միմյանց հետ առնչություն չունեցող եւ խայտաբղետ խմբի ներկայացուցիչների Արմեն Սարգսյանը, պատկերավոր ասած, ուրիշ ինչպես կարող էր հանդիպել, եթե ոչ պատահաբար կամ պայմանավորվածությամբ նույն ռեստորանում ճաշելով:

Նոր փաթեթավորմամբ Օլիվիե Դասոն եվ մյուսները

Dassault Systemes-ը, ավելի ստույգ՝ այդ ընկերությունը ներառող Dassault Group-ի սեփականատերերից Olivier Dassault-ը, ակներեւաբար, Արմեն Սարգսյանի հիմնական եւ անփոխարինելի կոնտակն է Ֆրանսիայում, այդ երկրի քաղաքական եւ գործարար շրջանակներում: Այս տարի փետրվարին նախագահի թեկնածուի կարգավիճակով Արմեն Սարգսյանն այցելել էր Փարիզ, հանդիպել էր Օլիվիե Դասոյին, տարածել նրա հետ լուսանկար եւ հաղորդագրություն Ֆրանսիայի Ազգային ժողովում ունեցած հանդիպման մասին, քանի որ Օլիվիե Դասոն Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր է:

Այժմ, կես տարի անց, արդեն ՀՀ նախագահի կարգավիճակում Արմեն Սարգսյանը կրկին այցելել է Փարիզ, դարձյալ հանդիպել Օլիվիե Դասոյին, նորից տարածել կես տարի առաջվա լուսանկարը՝ այս անգամ Օլիվիե Դասոյին ներկայացնելով գործարարի կարգավիճակում: Ասել, թե Արմեն Սարգսյանի պարագայում` որքան այցելություն Լոնդոն, այնքան հանդիպում Ալան Դանքընի հետ, որքան այցելություն Փարիզ, այնքան հանդիպում Օլիվիե Դասոյի հե՞տ… Հրաշալի է, միայն թե նոր հանդիպումներից հետո հին լուսանկարները չարժե հրապարակել, առավել եւս՝ չարժե նույն անձին ամեն անգամ տարբեր դերերում ներկայացնել…:

Ինչեւէ… եթե Օլիվիե Դասոյի հետ հանդիպումների հարցում ամեն ինչ պարզ է, ապա թվարկված երկրորդ ընկերության` Chanel-ի հետ հանդիպումն էկզոտիկա է: Նախ՝ Արմեն Սարգսյանն էլ, իր աշխատակազմն էլ նորաձեւության աշխարհից այնքան են հեռու, որ անգամ «Coco Chanel» անունը տառասխալով են գրել (գրել են Channel): Բայց եթե հաղորդագրությունում տառասխալ չանեին էլ, դարձյալ դժվար կլիներ հասկանալ, թե «Chanel» նորաձեւության տնից Արմեն Սարգսյանն ում է հանդիպել, արդյոք Կառլ Լագերֆելդի՞ն, եւ եթե հանդիպել է, ապա, ներեցեք, ինչի՞ց է զրուցել: Ակնհայտորեն, ո՛չ Սարգսյանը haute couture նորաձեւության աշխարհի հետ առնչություն ունի, ո՛չ էլ Երեւանն է Միլան, Փարիզ, Լոնդոն կամ Նյու Յորք, որտեղ Chanel-ը պատվախնդրություն ունենա podium-ներում ներկայանալու կամ boutique բացելու:

Անցնելով առաջ՝ թվարկված երրորդ ընկերությունը Crédit Agricole-ն է: Մի ընկերություն, որ, ի դեմս Credit Agricole Bank-ի, վաղուց ներկա է Հայաստանում: Ավելին, Credit Agricole Bank-ը ոչ միայն հաջողությամբ գործող առեւտրային բանկերից մեկն է երկրում, այլեւ, վախենամ՝ ֆիզիկապես շատ ավելի երկար է եղել Հայաստանում, քան պրն Սարգսյանը: Հետեւաբար, դարձյալ հետաքրքիր է, թե Սարգսյանն ինչ անհայտ նորություններ կարող էր նրանց հայտնել Հայաստանի մասին:

Հաջորդը «Aéroport de Paris» ընկերությունն է, որը շահագործում է Փարիզի միջազգային երեք օդանավակայանները եւ 34 օդանավակայաններ արտերկրում, այդ թվում` Թուրքիայում, Սաուդյան Արաբիայում, Հորդանանում, Բելգիայում եւ այլն: Ճիշտ է, ADP-ն նաեւ կառուցապատում է օդանավակայաններ, բայց, միեւնույն է՝ դժվար է հասկանալ, թե ADP-ն ինչ պետք է անի Հայաստանում, եթե այստեղ գործում է Էռնեկյանը, ում ընկերությունը նույնպես տասնյակ երկրների միջազգային օդանավակայանների կառուցապատող է եւ օպերատոր:

Մյուսը` Lactalis Group-ը, Ֆրանսիայում կաթնամթերքի արտադրության երկրորդ խոշորագույն ընկերությունն է Danon-ից հետո, 15-20 միլիարդ եվրոյի կարգի տարեկան եկամուտ ունի եւ տասնյակ կառույցներ ողջ աշխարհում, ասենք՝ Lactalis America, Lactalis Japan, Lactalis India եւ այլն: Այդուհանդերձ, այնքան էլ հասկանալի չէ, թե Լactalis-ն ինչ պետք է անի Հայաստանում, եթե այստեղ կաթնամթերքի արտադրության մի քանի տասնյակ տեղական ընկերություններ երկար տարիներ հաջողությամբ գործում են, Lactalis-ի President ապրանքանիշի պանիրներն ու կարագներն էլ Հայաստանում ներկայացված են:

Փոքր-ինչ տարբեր է CNIM-ի պարագան: Սա Եվրոպայի չափանիշներով փոքր, համեստ ընկերություն է՝ տարեկան ընդամենը կես միլիարդ դոլարի շրջանառությամբ, մի քանի տասնյակ միլիոն դոլարի եկամտով: CNIM-ը մասնագիտացած է շինությունների անվտանգության, էներգիայի խնայողության եւ նմանատիպ ոլորտներում նոր տեխնոլոգիական սարքավորումների մշակմամբ ու ներդրմամբ: Սարգսյանի հանդիպումների շարքում սա երեւի միակ ընկերությունն է, որի համար Հայաստանը կարող է հետաքրքիր լինել` թե՛ արտադրության կազմակերպման տեսակետից, թե՛ իրացման շուկայի:

Egis Group-ն ինչ-որ խորհրդատվական-շինարարական-ինժեներական ընկերություն է, որ գործում է հնարավոր բոլոր ոլորներում` շրջակա միջավայրից ու էներգետիկայից մինչեւ երկաթուղիներ, օդանավակայաններ, ավիացիա, ջրային համակարգեր, քաղաքներ եւ այլն։ Թե ինչ են անում` առանձնապես հասկանալի չէ, բայց հայտնի է, որ Հայաստանում ունեն ներկայացուցչություն` Երեւան, Տպագրիչների 9 հասցեում: Հետեւաբար, Egis Group-ին նույնպես Հայաստան հրավիրելն իմաստ չունի, քանի որ արդեն այստեղ են:

Թվարկվածներից վերջինը՝ Surys-ը, հետաքրքիր ընկերություն է: Հիմնադրվել է 1980-ականներին, մասնագիտացած է հոլոգրաֆիկ պաշտպանության տեխնոլոգիաների ոլորտում, պաշտպանիչ տեխնոլոգիաներ է մշակում, նյութեր է արտադրում եւ այլն, հետեւաբար, ինչպեսեւ CNIM-ը, կարող է Հայաստանում ե՛ւ սպառման շուկա ունենալ, ե՛ւ հետազոտական-արտադրական հզորություններ ստեղծել:

Ամփոփելով՝ ինչպես տեսնում ենք, ոչ մի ընդհանուր, միավորող հանգամանք ո՛չ միմյանց, ո՛չ Հայաստանի հետ վերոթվարկյալ ընկերությունները չունեն, դրա համար էլ հազիվ թե դրանց ղեկավարների հետ Արմեն Սարգսյանը հանդիպած լինի ռեստորանային սրահներից դուրս, մեկ այլ միջավայրում:

Միքաել Ժանի հետ հանդիպման չեղարկումը

Իսկ ահա այն, ինչ Ֆրանսիայում պետք է լիներ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից իրականացվող պետական պաշտոնական գործունեություն, հայտարարված հանդիպումն էր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միքաել Ժանի հետ, որը… դատելով ՀՀ նախագահականի լռությունից, չի կայացել: Եվ դա շատ ավելի լուրջ է, քան մնացյալ բոլոր գործարարների հետ ռեստորանային ժամանցները: Ինչո՞ւ է չկայացած հանդիպումը լուրջ:

Առաջինը՝ որովհետեւ հունիսի 18-ին հրապարակված Արմեն Սարգսյանի արտերկրյա այցի ծրագրում կար ընդամենը մեկ հանդիպում, որ այդ այցն անձնական շրջագայությունից կամ վոյաժից վերածում էր պետական պաշտոնյայի աշխատանքային կամ թեկուզ մասնավոր այցի։ Դա Միքաել Ժանի հետ հանդիպումն էր, քանի որ տիկին Ժանը միակ պաշտոնյան էր Լոնդոնում, Փարիզում եւ Վաշինգտոնում, որի հետ հանդիպման մասին նշված էր հաղորդագրությունում:

Երկրորդ․ հոկտեմբերին Երեւանում գումարվում է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողով, որի նախապատրաստության հարցերն իրոք կարեւոր են եւ քննարկման կարիք ունեն: Ի վերջո, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստերից այն կողմ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովներն ամենից բազմամարդ քաղաքական հավաքներն են երկրագնդի վրա:

Երրորդ․ Հայաստանում ծավալված ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո Արմեն Սարգսյանը Փարիզ այցելող առաջին հայաստանյան պաշտոնյան էր, եւ եթե Հայաստանի հետ, ինչպես ՀՀ ԱԳՆ-ն կասեր՝ «առանձնաշնորհյալ հարաբերություններ» ունեցող Ֆրանսիայի իշխանություններից ոչ ոք Սարգսյանին չէր ընդունելու, գոնե Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունում նրան ընդունեին: Մանավանդ, Միքաել Ժանն անձամբ Հայաստանում եղել է, գուցե ոչ մեկ անգամ, եւ ունի ջերմ, բարեկամական հարաբերություններ Հայաստանի հետ:

Հետեւաբար, թե ինչ սեւ կատու է անցել, ինչու Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի հետ Արմեն Սարգսյանի ծրագրված հանդիպումը չի կայացել, ավելի քան հետաքրքիր է: Նույնքան հետաքրքիր է նաեւ իրականությունը, որ անցած երկու ամսում Հայաստանի նոր իշխանությունների հետ Ֆրանսիան առհասարակ շփումներ չի ունեցել, բացառությամբ ԱԳ նախարար Ժան-Իվ լը Դրիանի մայիսի 27-28-ին ծրագրված տարածաշրջանային` Ադրբեջան-Հայաստան այցի:

Գլուխկոտրուկի վրա, թե ինչու է Ֆրանսիայի եւ ընդհանրապես ողջ Արեւմուտքի հարաբերությունները Հայաստանի հետ գրեթե առկախվել արդեն երկու ամիս, թող Փաշինյանը սելֆիներից ազատ ժամանակ գլուխ կոտրի եւ լուծի, իսկ նախագահ Արմեն Սարգսյանն ազատ է շրջագայելու եւ Փարիզից մեկնեց Վաշինգտոնում, որտեղ Մայք Պոմպեոյի հետ դարակազմիկ photo-opportunity-ին էր: Սարգսյանի այցի վերջին` վաշինգտոնյան կանգառի մասին՝ հաջորդիվ:

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեկնաբանություն
X