Ով ինչ գրում է, գլուխը պատովն է տալիս, ես ինչի՞ համար պիտի հրաժարական տամ

ՀՀ մի շարք համայնքների ղեկավարներ արդեն իսկ հրաժարական են տվել, որոշ համայնքների ղեկավարներ էլ առայժմ անդրդվելի են՝ իրավացիորեն պնդում են, որ իրենք ընտրովի պաշտոնում են աշխատում եւ չեն պատրաստվում առանց հիմնավոր պատճառի, իներցիայի ուժով ազատման դիմում գրել: Արթիկում վերջին շրջանում լուրեր են շրջանառվում, թե հրաժարական տալու հերթը Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավար Մխիթար Վարագյանինն է, ով այդ պաշտոնում ընտրվել է 2016-ին: Հիշեցնենք, որ նրա մրցակիցը նախկին ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանն էր, որին առաջադրել էր ՀՀԿ-ն: Վարագյանն էլ, լինելով ՀՀԿ-ական, ինքնառաջադրվել էր եւ հաղթել իր վաղեմի ախոյան Պետոյանին: «Արթիկցիք ոչ թե ընտրել էին Վարագյանին, այլ չէին ընտրել Պետոյանին»,- մեր զրույցում նկատեց արթիկցիներից մեկը՝ նշելով, թե Վարագյանն իր տեղը պինդ պահելու համար հեղափոխությունից հետո «ընդդիմադիր խաղեր կուդա»՝ փորձելով ամեն կերպ սիրաշահել, ինտեգրվել նոր իշխանությանը, սակայն «գիտի, որ իր օրերը հաշված են»:

Վարագյանի մյուս եղբայրը՝ Արթիկի նախկին քաղաքապետ Խաչատուր Վարագյանը, հիշեցնենք, վերջերս է ազատվել Շիրակի առաջին փոխմարզպետի պաշտոնից եւ առայժմ որեւէ այլ պաշտոնի չի նշանակվել: Թերթերից մեկը ժամանակ առաջ գրել էր, թե Արթիկի քաղաքապետի դեմ չորս քրեական գործ կա հարուցված, եւ այդ «հողի վրա» էլ քաղաքապետը ստիպված կլինի առաջիկայում լքել պաշտոնը: Իսկ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի հավակնություններ ունի ՀՀԿ խմբակցությունը լքած, Ն. Փաշինյանի վարչապետ դառնալուն կողմ քվեարկած Ֆելիքս Ցոլակյանի մտերիմը՝ Արթիկի նախկին քաղաքապետ Արսեն Աբրահամյանը: Քանի որ երկու շաբաթ է՝ փորձում էինք կապ հաստատել պարոն Վարագյանի հետ՝ իր հրաժարականի մասին լուրերը ճշտելու, սակայն նա չէր արձագանքում մեր զանգերին, մենք դիմեցինք քաղաքապետի խորհրդական Գեւորգ Փթուկյանին:

«Հրաժարականի մասին լուրերը հեքիաթի ժանրից են, կեղծիք, չկա նման բան: Նա ինչի՞ պիտի հրաժարական տա»,- կոշտ արձագանքեց խորհրդականը: Նկատեցինք, թե երկրում իրավիճակ է փոխվել, համայնքների ՀՀԿ-ական ղեկավարներից շատերն ինքնակամ հրաժարական են տալիս, ինչին Փթուկյանն այսպես պատասխանեց. «Դա ոչ մի նշանակություն չունի, թող էն ՀՀԿ-ականները հրաժարական տան, որոնք կեղծիք են թույլ տվել, որոնք կոռուպցիայի մեջ են, որոնք միլիոններ են դիզել, որոնք մեքենաների ու շքեղ առանձնատների տիրակալներ են: Վարագյանը Հայաստանում նույնիսկ մի հատ սեփական կվարտիրա չունի, վարձով է ապրում»: Ղազախստանում հայտնի գործարար, այդ երկրի նախագահի հետ նստող-ելնող մեծահարուստ եղբայր ունի ու վարձո՞վ է ապրում՝ տարակուսեցինք: «Դա ի՞նչ կապ ունի, Ձեր եղբայրը Ձեզ շա՞տ է օգնում, ո՞վ է հիմա ում օգնում, որ նրա եղբայրն էլ իրեն օգնի:

Նա պիտի օգնության համար դիմի, որ օգնեն: Ես չգիտեմ՝ նրան Դուք ինչքանով գիտեք, ծանոթ եք, թե չէ, բայց ինքն այնպիսի բնավորություն ունի, որ որեւէ մեկից որեւէ բան չի խնդրում»,- վստահեցրեց քաղաքապետի խորհրդականը: Ինչ վերաբերում է հարուցված քրեական գործերին, ապա այդ մասին մամուլի տեղեկությունները եւս Փթուկյանը հերյուրանք որակեց: «Մամուլն ինչ ասես՝ հորինում է, ով շուտ արթնանում է՝ խելքին փչածը գրում է: Հեքիաթներ... Հիմա Դուք որ լուր եք ստացել, թե Վարագյանը պիտի հրաժարական տա, էդ ստահոդ լուրերն ինչ-որ մարդիկ են, չէ՞, տարածում, որն էլ հասել է ձեր թերթին»,- ասաց նա: Խորհրդականը նշեց նաեւ, որ քաղաքապետը մասնակցել է երեկ տեղի ունեցած մարզխորհրդի նիստին, որի ժամանակ, ի դեպ, մարզպետ Կարեն Սարուխանյանը, դիմելով ներկաներին, ասել է. «Ես բոլորիդ կոչ եմ անում թափանցիկ ու աչալուրջ աշխատելու, պետք է ընդունեք, որ երկրում իրավիճակ է փոխվել: Համատեղ ու հոգատար աշխատանքով մենք կկարողանանք դրական տեղաշարժ արձանագրել»:

Ավելի ուշ՝ մարզխորհրդի նիստից հետո, մեզ հետ կապվեց Մխիթար Վարագյանն ու, մեկնաբանելով իր հրաժարականի մասին լուրերը, բարկացկոտ տոնով ասաց. «Ուզում եք՝ դուք էլ գրեք... ով ինչ գրում է, գլուխը պատովն է տալիս: Ես ինչի՞ համար պիտի հրաժարական տամ, երբ որ իմ ժողովուրդը կպահանջի իմ հրաժարականը, էդ ժամանակ էլ կտամ: Մի հատ ժողովրդից հարցրեք՝ գո՞հ են իմ աշխատանքից, թե՞ ոչ: Եվ երբ ասում եք՝ ստեղծված իրավիճակ, ես չեմ հասկանում՝ այդ ի՞նչ իրավիճակ է ստեղծվել... Թե ով է հրաժարական տալիս, ինչու, դա իմ խնդիրը չէ, բայց ես ինքնառաջադրվել եմ, ինձ որեւէ կուսակցություն չի առաջադրել»:

Մենք զրուցեցինք նաեւ Արթիկի նախկին քաղաքապետ Արսեն Աբրահամյանի հետ՝ ճշտելու, թե իրո՞ք խոսակցություն կա, որ Վարագյանի հրաժարականից հետո ինքն է հավակնելու քաղաքապետի պաշտոնակատարի, ապա՝ քաղաքապետի պաշտոնին: «Որքան ինձ հայտնի է, քաղաքապետի պաշտոնը դեռեւս թափուր չէ, ի՞նչ հավակնության մասին է խոսքը: Ես արդեն տարուց ավելի է՝ պետական որեւէ աշխատանքում ներգրավված չեմ, զբաղված եմ ակտիվ հասարակական գործունեությամբ: Չգիտեմ, գուցե որոշ մարդիկ աշխատեցնում են իրենց երեւակայությունն ու իմ անձի մասին նման լուրեր տարածում: Ինչ վերաբերում է Ֆելիքս Ցոլակյանին, ապա ես ոչ միայն պարոն Ցոլակյանի, այլ նաեւ նախկինում մարզպետ աշխատած եւ պաշտոններ զբաղեցրած այլ անձանց հետ ունեմ մտերիմ հարաբերություններ»,- ասաց Աբրահամյանը: Նա նշեց, որ չի ցանկանում «եթե»-ներով առաջնորդվել, երբ Արթիկի քաղաքապետի պաշտոնը թափուր կլինի, այդ ժամանակ գուցե ինքն իր համախոհների հետ քննարկի իր առաջադրվել-չառաջադրվելու հարցը:

«Այնպես չէ, որ ես առավոտից նստած սպասում եմ, թե երբ պետք է քաղաքապետի պաշտոնը թափուր լինի, որ ես հավակնեմ, ես բազմաթիվ այլ կարեւոր խնդիրներով եմ զբաղված»,- ասաց նախկին քաղաքապետը: Ի դեպ, վերոհիշյալ հրապարակման մեջ նշվում էր նաեւ, թե Աբրահամյանն իր պաշտոնավարման տարիներին մեծ գումարներ է փոխանցել տարբեր ՍՊԸ-ների, որոնք նպատակին չեն ծառայել, եւ այսքանից հետո «նրա վերադարձի մասին լուրերը ոչ միայն չեն ոգեւորել, այլեւ բարկացրել են արթիկցիներին»: «Դա կատարյալ սուտ է, հերյուրանք, եւ ես կառաջարկեի նման լուրեր տարածողներին դիմել դատախազություն. եթե կա կասկած, որ չհիմնավորված փոխանցումներ են եղել ինչ-ինչ մասնավոր ձեռնարկությունների, ապա թող դիմեն իրավապահ մարմիններին։ Վստահ լինելով, որ այժմ նրանց աշխատանքը կլինի անաչառ ու արդյունավետ, թող անպայման դիմեն»:

Աբրահամյանը նշեց նաեւ, որ սոցցանցերում նույնպես նմանատիպ կեղծ տեղեկություններ են շրջանառվում իր մասին, թե իբր ժամանակին թալանել է համայնքի բյուջեն: Նա այդ հարցով արդեն իսկ դիմել է դատախազություն՝ իր բարի համբավը վերականգնելու նպատակով: «Հնարավոր է այդ օգտատերերը ֆեյքեր լինեն, ուստի պետք է նրանց հայտնաբերել եւ պատասխանատվության ենթարկել: Սա ես այդպես եմ մեկնաբանում. որոշակի շրջանակներ, հավանաբար, ենթադրում են, որ կլինի քաղաքապետի հրաժարական (որը ես չեմ կարծում, որ կլինի), ենթադրում են, որ կլինեն առաջադրումներ, ես էլ կլինեմ համար առաջին հավակնորդը, այդ նպատակով շրջանառում են նման տեղեկություններ՝ փորձելով վարկաբեկել ինձ նման ճղճիմ քայլերով»,- ասաց նախկին քաղաքապետը: Նա, ի դեպ, մեկ տարի առաջ է դուրս եկել ՀՀԿ-ից, այս պահին անկուսակցական է եւ մտադիր չէ անդամագրվել որեւէ կուսակցության:

Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ

Մեկնաբանություն
X