Ո՞վ կտապալի Ալիևին

Կարելի է վստահաբար ասել՝ հուլիսի 3-ից հետո աշխարհը գործ ունի բոլորովին այլ Ադրբեջանի հետ: Սեփական աղբյուրներին հղում անելով՝ քաղաքական վտարանդի Արիֆ Յունուսովը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ Մինգեչարուի ՋԷԿ-ում վթարը եւ դրա հետեւանքով հանրապետության ողջ տարածքի հոսանքազրկումն այն աստիճան խուճապի է մատնել իշխանություններին, որ վարչապետ Նովրուզ Մամեդովը շտապ կապվել է արտերկիր ամառային հանգստի մեկնած Իլհամ Ալիեւի հետ եւ խնդրել, որ շտապ վերադառնա Բաքու: Ալիեւի ծրագիրն այնպիսին էր, որ նա պետք է մեկ օրով ընդհատեր հանգիստը, ներկա գտնվեր Թուրքիայի նախագահի պաշտոնամուտի եւ երդմնակալության արարողությանը, ապա մեկներ Բրյուսել: Արտակարգ պատահարն ստիպել է նրան վերադառնալ Ադրբեջան: Բայց, չնայած գործադրված ջանքերին, Մինգեչաուրի ՋԷԿ-ի վթարը վերացված չէ, Ադրբեջանը շարունակում է էլէներգիա ներմուծել Վրաստանից եւ Ռուսաստանից:

Նույն օրը Գյանջայում մահափորձ է կատարվել քաղաքապետի նկատմամբ: Ինչպես նշում են սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերը, Գյաջան քաղաքապետի մահափորձի առթիվ ցնծում է, մարդիկ պարզապես հերոսացնում են Յունիս Սաֆարովին, որը «Մակարով» ատրճանակից երեք կրակոց է արձակել քաղաքապետի եւ նրա թիկնապահի վրա՝ երկուսին էլ ծանր վիրավորելով: Ըստ տեղեկությունների, հուլիսի 6-ին Գյանջայի քաղաքապետը ծայրահեղ ծանր վիճակում հատուկ չվերթով տեղափոխվել է Իսրայել՝ հետագա բուժման:

Իսկ հուլիսի 10-ին դարձյալ Գյանջայում հարյուրավոր հավատացյալներ ներխուժել են քաղաքապետարանին հարակից հրապարակ եւ փորձել ի պաշտպանություն քաղաքապետի դեմ մահափորձ իրականացրած Յունիս Սաֆարովի հանրահավաք անցկացնել: Ոստիկանության հետ ցուցարարների բախման ժամանակ ՆԳ Գյանջայի քաղաքային վարչության պետի եւ ՆԳ Նիզամիի շրջանային բաժնի պետի տեղակալն սպանվել են: Համացանցում տարածվել են կադրեր, թե ինչպես է ամբոխը ոտքի տակ տալիս ոստիկաններին: Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր Զահիդ Օրուջեւն այդ առթիվ ասել է, թե տեղի ունեցածն արտաքին ուժերի ձեռքի գործն է, բայց իշխանությունները թույլ չեն տա «Գյանջան վերածել Նարդարանի, Բաքուն՝ Դամասկոսի»:

Նարդարանը Բաքվին մերձակա ավան է, որտեղ աշխարհիկ իշխանություն չկա, բոլոր հարցերը կարգավորվում են շարիաթի օրենքներով: Ադրբեջանցի խորհրդարանականն, այսպիսով, ենթագիտակցորեն ուրվագծել է իր երկրում իսլամական հեղաշրջման տեսլականը՝ երբ Գյանջայում կհաստատվի կրոնապետություն, կսկսվեն քաղաքացիական բախումներ, որոնք, ի վերջո, կբերեն Ալիեւի իշխանության տապալմանը: Սա միանգամայն իրատեսական հեռանկար է, եթե, իհարկե, մինչ այդ գործին չմիջամտի զինվորականությունը եւ ռազմական հեղաշրջման միջոցով չկանխի Ադրբեջանի վերջնական իսլամականացումը: Ո՞ր սցենարը կաշխատի՝ կախված է հանգամանքների դասավորությունից: Ակնհայտ իրողություն է, որ Ադրբեջանում սառույցը շարժվել է:

Այլեւս անհնար է կանգնեցնել փոփոխությունների պահանջով պայմանավորված՝ հանրային շարժումը: Կա մեկ այլընտրանք՝ Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմ սկսել եւ փորձել այդ ձեւով կոնսոլիդացնել բոլորին: Բայց չկա երաշխիք, որ պատերազմի դեպքում իսլամականները եւ ազգային փոքրամասնությունները չեն ապստամբի: Ուստի Ալիեւին մնում է «վերեւից հեղափոխություն» անել: Բայց այդ դեպքում էլ նրան կտապալի կոռումպացված բյուրոկրատիան:

Վահրամ Աթանեսյան

Մեկնաբանություն
X