Տարոն Մարգարյանը, կարծում եմ, ուշ հասկացավ, թե ինչ է կատարվում

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, մինչև վերջերս Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ Տարոն Մարգարյանի հրաժարականն անակնկալ էր հենց իր՝ Տարոն Մարգարյանի համար, որովհետև նա որևիցե կերպ չէր պատկերացնում, որ ինքը մի օր պիտի գնա, և «նույնիսկ հեղափոխությունից հետո այդ միտքն իր համար անհասկանալի և անընդունելի էր թվում»,-երեկ մեզ հետ զրույցում ասաց Սիմոնյանը։

-Իսկ ինչո՞ւ հենց հիմա։ Նրա դեմ բազմաթիվ բողոքի ակցիաներ, ճնշումներ եղան, բայց նա դիմադրեց։ Հիմա, երբ ցույցեր չկային,եւ կարծես թե ամեն ինչ ավարտվել էր, ու մարդիկ վստահ էին, որ նա հրաժարական չի տա, անակնկալ հրաժարական տվեց։

-Դե, գիտե՞ք ինչ, ինքը, կարծում եմ, ուշ հասկացավ, թե ինչ է կատարվում, որովհետև ակնհայտ էր, որ եթե քաղաքական թիմը հեռացել է, իսկ Տարոն Մարգարյանը, մեծ հաշվով չլինելով քաղաքական գործիչ, կարծում եմ՝ իրավիճակը սխալ էր գնահատել և գնահատում, և չէր հասկանում, որ չէր կարելի լինել փողով և պետական ռեսուրսներն օգագործելով ընտրված «քաղաքապետ» և աշխատել Նիկոլ Փաշինյանի պես քաղաքական գործչի և էն մարդկանց հետ, ովքեր դրա դեմ պայքարել են։

-Հիմա, երբ նա գնաց, տեղեկություն կա, որ վարչական շրջաններում, կառավարման մյուս օղակներում նրա թիմակիցներին ևս պահանջելու եք, որ հեռանան։

-Պահանջ նախ չի եղել։ Ես կարծում եմ, որ որևիցե մեկը, նկատի ունեմ՝ հիմնականում միջին օղակի աշխատակիցներին, հեռանալու կարիք չկա, խոսքը քաղաքական թիմի մասին է։ Քաղաքական թիմը, բնական է, պիտի հեռանա, ինչպես Տարոն Մարգարյանը հեռացավ։ Ինչ վերաբերում է աշխատողներին, բոլոր հիմնարկներում կան, եղել են նորմալ աշխատողներ, որոնք կարող են, ըստ իս, չշտապել այդ հարցում։ Եվ հնարավոր է, որ այն մարդը, որն ապագայում կգլխավորի Երևանի քաղաքապետարանը, իրենց փորձն օգտագործի և իրենք օգնեն քաղաքապետին։

-Բայց կարծես թե քաղաքական մոնոպոլիայի է ձգտում նոր իշխանությունը՝ բոլոր հնարավոր օղակներում իր իշխանությունը հաստատելով։ Սա ինչ-որ պաշտպանակա՞ն նպատակ ունի, թե՞․․․

-Տեսեք, եթե մենք քաղաքական մոնոպոլիայի ձգտեինք, մենք երկու շատ կարևոր քայլ ենք արել, դրանցից մեկն այն է, որ անցողիկ շեմը ԱԺ-ում իջեցվի մինչև 4 տոկոս, իսկ դաշինքների համար՝ 6։ Դա արդեն խոսում է այն մասին, որ քաղաքական մոնոպոլիայի ցանկություն չկա։ Ինչպես նաև այն, որ միանգամից գործընթաց չսկսվեց, և նույն Տարոն Մարգարյանին չհորդորվեց, ինչպես պարոն Փաշինյանն էր ասում, որ երբ ես նրան հորդորեմ՝ նա, կարծում եմ, կգնա․․․

-Ի դեպ, չի՞ հորդորել Նիկոլ Փաշինյանը Տարոն Մարգարյանին։

-Ես որևիցե զրույցի մասին պարոն Փաշինյանի և Տարոն Մարգարյանի միջև, տեղեկություն չունեմ։

-Մի տեսակ դիկտատուրայի ոգով է հնչում՝ եթե ես հորդորեմ, նա կգնա։ Ի վերջո, համայնքի ղեկավարը ընտրված մանդատ ունի, և նրան այդպես մեկ հորդորով հեռացնելը համ հեշտ չէ, համ ճիշտ չէ։

-Չէ, էդտեղ տենց բան չկա, որովետև էդ նույն տրամաբանությամբ Սերժ Սարգսյանն էլ էր ընտրված։ Մենք բազմիցս ասել ենք, որ «զիբիլիքսի» գործ գոյություն ունի։ Եվ այդ ընտրությունների արդյունքում, «զիբիլիքսի» պարագայում համարել, որ Տարոն Մարգարյանն էդպես դեմոկրատաբար ընտրված է, կարծում եմ՝ էդքան էլ ճիշտ չէ։ Բայց, այնուամենայնիվ, եթե ուզում եք մեդալի երկորրդ կողմն էլ նայել, եթե տենց ինչ-որ մտավախություն կա, դրա պատասխանն այն է, որ, ըստ իս, լինելու են նոր ընտրություններ, և Երևան քաղաքի բնակիչն ընտրելու է նոր ավագանու անդամներ և նոր քաղաքապետ։

-Ի դեպ, ինչպե՞ս է լինելու այդ ընթացակարգը, դուք կառաջադրեք թեկնածու, որին էլի ձեր «հորդորներով» կամ ճնշումներով կա՛մ ձայն կտան, կա՛մ չեն տա և ավտոմատ ավագանին կլուծարվի ու կգնաք նոր ընտրությունների՞։

-Դուք հեղափոխությունը և ընտրությունները խառնում եք իրար։ Մենք ընտրությունների կգնանք ինչպես Սահմանադրությունը և օրենքներն են ասում։

-Բայց այս փուլում դեռ պետք է ավագանին իր միջից թեկնածու առաջադրի, և ՀՀԿ խմբակցությունն, օրինակ, կարող է իր թեկնածուին առաջադրել ու անցկացնել, քանզի նրանք մեծամասնություն են։

-Ես չեմ կարծում, կարող են, թող ընտրեն։

-Կարո՞ղ է ճնշումներ լինեն նրանց վրա, որ ստիպեք չառաջադրեն, կամ չքվեարկեն, ինչպես եղավ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի ընտրության ժամանակ։

-Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը դա անելու իրավունքն ուներ, որովհետև դա Հայաստանի Հանրապետության ժողովրդի պահանջն էր։

-Այստեղ էլ կասեք՝ ժողովուրդն է պահանջում։ Այստեղ ո՞վ ունի նման իրավունք։

-Էստեղ, կարծում եմ, նման բան տեղի չի ունենա, որովհետև չեմ կարծում, որ ՀՀԿ-ն նույնիսկ ի վիճակի կլինի հետագայում մասնակցել քաղաքի ընտրություններին։ Ես չեմ տեսնում այն թեկնածուն, որը ՀՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն է, և որը կարողանալու է 6 տոկոսանոց անցողիկ շեմը հաղթահարել։

-Հիմա Երևանի 2800-ամյակը ինչպե՞ս եք պատրատսվում նշել առանց քաղաքապետի։

-Կարծում եմ՝ այդ օրը մենք քաղաքապետ կունենանք, որովհետև հաշվարկները ցույց են տալիս, որ մոտավորապես սեպտեմբերի երկրորդ կեսին մենք քաղաքային ընտրություններ կունենանք։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X