Նոր մանրամասներ են պարզվել Դինքի գործով ցմահ ազատազրկված Յասին Հայալի մասին

Հուլիսի 10-ին Ստամբուլում կայացել է պոլսահայ անվանի լրագրող և հրապարակախոս Հրանտ Դինքի սպանության գործով 75-րդ դատական նիստը։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Նիստի ընթացքում հարցաքննվել են գործով անցնող մի շարք վկաներ։ Որպես վկա հանդես է եկել նաև Օգյուն Սամասթին սպանության դրդելու մեջ մեղադրվող և այդ հանցանքի համար ցմահ ազատազրկման դատապարտված Յասին Հայալի ազգական Ջոշքուն Իղջին։ Վերջինս իր ցուցմունքում հայտնել է, որ Հրանտ Դինքի սպանությունից առաջ Յասին Հայալն իրեն ասել է, որ պատրաստվում է սպանել Դինքին։

«2006թ․ հուլիսին սկզբին Յասին Հայալն ասաց, որ սպանելու է Հրանտ Դինքին։ Նա ասաց, որ Դինքը հայկական ծագմամբ լրագրող է, ով թուրքերի մասին չափից շատ է ավելորդ խոսում ու գրում»,- պատմել է վկան։ Այդ լուրն ստանալուց հետո Իղջին այդ մասին հաղորդել է հետախուզության աշխատակիցներ Վեյսելին և Օքանին։ «Ես հաղորդում տվեցի այդ մասին, որովհետև Յասինի խոսքը գործ էր։ Ես ուզում էի պաշտպանել Յասինին օգտագործվելուց, քանի որ Տրապիզոնում օղաբլիթ (սիմիթ) վաճառող մեկը նման հանցանք չի կարող ծրագրել ու իրագործել։ Իմ համոզմամբ՝ որոշ մարդիկ Յասինին օգտագործում էին իրենց նպատակին հասնելու համար», - հավելել է Իղջին։ Դատական հաջորդ նիստը նշանակվել է հուլիս 11-ին։

Դատական նիստից առաջ մամուլի հայտարարությամբ հանդես եկած «Դինքի ընկերներ» նախաձեռնության մասնակիցներից Բյուլենթ Այդընը հիշեցրել է, որ Դինքի սպանության գործով դատավարությունն արդեն 11 տարի շարունակվում է։ 2007թ․ հուլիսի 2-ին սկսված դատական գործով արդեն 85 մեղադրյալ է անցել, որոնցից 24-ը 2017թ․ ընթացքում ազատ է արձակվել։

Մեկնաբանություն
X