Չեմ օգտվի այն իրերից, ինչը նախորդ քաղաքապետինն է եղել. Լիլիթ Ստեփանյան

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Լիլիթ Ստեփանյանը նշանակվեց Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Վերջինս Հրազդան քաղաքի բնակիչ է, 37 տարեկան է: Ուրբաթ օրը Հրազդանի քաղաքապետարանում, պաշտոնապես կներկայացնեն համայնքի ղեկավարի պաշտոնակատարին: Իսկ մինչ այդ, մի քանի հարց ուղղեցինք Լիլիթ Ստեփանյանին:

- Տիկի´ն Ստեփանյան, ինչպե՞ս ստացվեց, որ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեցիք, չէ՞ որ Ձեր անունը շրջանառվում էր Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

-Անկեղծ ասած, այդ լուրերը ես ինքս դրսից եմ լսել՝ կրթության վարչության պետի հետ կապված: Ինձ նույնիսկ շնորհավորել են: Ամբողջ խնդիրը կայացել է նրանում, որ ես ունեցել եմ իմ հիմնական աշխատանքը, պարզապես մարդիկ ինձ ցանկացել են էդտեղ տեսնել, հաշվի առնելով այս պահի դրությամբ նախկին աշխատանքս, որովհետեւ ես ներկայացրել եմ, կրթության ազգային ինստիտուտի Կոտայքի մասնաճյուղը: Խոսակցություններ եղել են, չեմ կարող հերքել, բայց ասել, որ հանդիպել եմ մարզպետի հետ, կամ ինչ-որ մարդկանց հետ, որ ինձ առաջարկեն, նման դեպք չի եղել:

-Անակնկա՞լ էր, Ձեզ համար այս նշանակում, թե՞ նախօրոք գիտեիք նշանակման մասին:

-Իսկապես անակնկալ էր, որովհետեւ այլ մարդկանց անուններ էին շրջանառվում, իսկապես անակնկալ էր:

-Ի՞նչ փոփոխություններ եք պատրաստվում անել Ձեր աշխատասենյակում:

-Անկեղծ ասաց, ես կսկսեմ աթոռի փոփոխությունից: Չեմ ուզի նստել այն աթոռի վրա, որին նստել է նախկին քաղաքապետը: Ընդանուր առմամբ, հաշվի առնելով նաեւ սեռերի տարբերությունը, բնականաբար, ես որոշ փոփոխություններ կանեմ, որ իմ աչքին հաճելի լինի: Գրասեղանին կդնեն նաեւ իմ դստեր լուսանկարը, մի քիչ ավելի կանացի, աշխատանքին տրամադրող պայմաններ կստեղծեմ: Չեմ օգտվի այն իրերից, ինչը նախորդինն էր:

-Ծառայողական ավտոմեքենայից էլ չեք օգտվի՞:

-Մինչեւ այս պահը, ես չեմ մտածել այդ մասին: Հաշվի առնելով իմ բնակության վայրը, ես բնակվում եմ Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասում, կարծում եմ անհրաժեշտություն կունենամ ավտոմեքենայի, բայց այս պահին դրա մասին խոսելը ճիշտ չի լինի: Ես չունեմ անձնական մեքենա:

-Աշխատանքի կգնաք տրանսպորտո՞վ:

-Ես չեմ խուսափում քայլելուց, եթե հնարավորություն կա տաքսիով, կամ մեքենայով: Ես կգերադասեմ քայլել, առավել եւս հիմա: Ես այս քաղաքի մի մասնիկն եմ, եւ ինչ անեմ, պետք է անեմ քաղաքի եւ քաղաքացիների համար: Հստակ գրված կանոն է, որպեսզի աշխատանքը, գործողությունները ունենան ավելի հասցեական բնույթ, բնականաբար պետք է ճիշտ ախտորոշել դրանց ակունքները: Իսկ ով ավելի ճիշտ այդ մասին կասի, եթե ոչ քաղաքացին: Ինչի՞ խուսափել քաղաքացուց:

-Առաջնահերթ ի՞նչ խնդիրներ կլուծեք քաղաքում:

-Որպես քաղաքի բնակիչ, ով ամեն օր իր տանից ոտքով հասնում է մինչեւ կանգառ, որ այնտեղից երթուղային տաքսիով հասնի իր աշխատանքի վայր: Կարծում եմ, առաջին հերթին աչքի հառնող աղբահանության հետ կապված խնդիրը, թափառող շների, փողոցային առեւտրի, տաքսիների կուտակումների հետ կապված խնդիրը: Մեր քաղաքը խնդիրներով խիստ ծանրաբեռնված է, ինչ -որ բանից պետք է սկսել: Կարծում եմ, ամենակարեւորը, որ քաղաքը դարձնենք վիզուալ, որ քաղաքացին իր քաղաքը սիրի: Հրազդանցուն այս տարիների ընթացքում պարզապես օտարել են իր քաղաքից:

- Համայնքի բյուջեն 1 միլիարդից ավելի է, կարո՞ղ եք այդ գումարով քաղաքի խնդիրներին լուծում տալ:

-Եթե անկեղծ ասեմ, որ 100 % տիրապետում եմ բյուջեի թվին, թե քաղաքապետարանում քաղաքապետը որքա՞ն աշխատավարձ է ստանում, կամ քաղաքապետարանը քանի՞ աշխատողներ ունի, մի քիչ դիլետանտություն կլինի իմ կողմից, բայց կարծում եմ նաեւ, որ քաղաքի բյուջեն գոնե թույլ կտար կոսմետիկ ինչ-որ խնդիրներ լուծել: Քաղաքում պարզապես ոչինչ չի արվել: Եթե կան փոփոխություններ, մասնավորապես քաղաքապետարանի դիմացի այգին, դա կատարվել է մասնավոր ոլորտից, եւ մասնավոր ընկերություններից տրված դրամական միջոցների հաշվին: Ամեն դեպքում, քաղաքը չի սկսվում եւ ավարտվում քաղաքապետարանի շենքով եւ հարակից տարածքով:

- Քաղաքապետարանում կադրային ջարդ կլինի՞:

-Եթե դուք ինձ տեսնեք, կհասկանաք, որ ես ջարդողներից չեմ, հավատացեք, կարծում եմ այս պահին ավելորդ է խոսել: Բնականաբար, չեմ բացառում, որ կապված նոր քաղաքական ուժի ներկայացուցչի հետ, որոշ մարդիկ ցանկություն չեն ունենա աշխատել, ինքնակամ կլքեն պաշտոնները: Իսկ նրանք, ովքեր կկարողանան նոր շնչով, նոր ռիթմով իրենց ամբողջ ներուժը, իրենց ռեսուրսը, իրենց տարիների աշխատանքն ու փորձը օգտագործեն, այդպիսի մարդիկ պետք են:

Նելլի Կարապետյան

Մեկնաբանություն
X