Սպորտի ոլորտում շռայլումները շատ են․ Գյումրու ավագանու անդամ

Այսօր Գյումրու ավագանու արտահերթ նիստի օրակարգային հարցերից մեկն էլ վերաբերում էր գյումրեցի մարզիկներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելուն։ Ըստ նախագծի՝ 2018 թվականի աշխարհի և Եվրոպայի առաջնություններում չեմպիոն դարձած մարզիկներին և նրանց մարզիչներին պետք է շնորհել դրամական պարգևներ 3.950.000 (երեք միլիոն ինը հարյուր հիսուն հազար) դրամ:

Գյումրու քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ Լենա Ջիլավյանն էլ ասաց, թե պարգևատրման մասին նախագիծը նախօրոք կազմելը պայմանավորված է նրանով, որ գյումրեցի մարզիկները առանց մեդալ հետ չեն վերադառնում: «Գյումրեցին, որ գնաց, մեդալով կգա» ,-հպարտացավ նա՝ հիշեցրեց գյումրեցի վերջին չեմպիոնին՝ ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնության ոսկե մեդալակիր Կարեն Խաչատրյանին:

Սակայն ավագանու ՀՎԿ անդամ Հասմիկ Եղիազարյանը հակադարձեց՝ ասելով, որ մի մարզիկին մի քանի առիթներով պարգևատրելը շռայլություն է՝ առանց այդ էլ բյուջեի նման սուղ պայմաններում, երբ հաճախ անապահով կամ ծանր վիճակում գտնվող ընտանիքների երեխաներին ավագանու անդամները զլանում են դպրոց հաճախելու համար դրամական օգնություն ցուցաբերել:

«Սպորտի ոլորտում շռայլումները շատ են:Նույն մարզիկին մի քանի անգամ պարգևատրելը կամ ճոխ վերաբերմունքի արժանցնելն արդյոք արդարացի է»,-ընդգծեց ավագանու անդամը: Ավագանու որոշմամբ ֆինանսական աջակցություններն այսքանով չավարտվեցին: 500հզր դրամ էլ հատկացրեցին խիստ անապահով երեխաներին ճամբար ուղարկելու համար, նրանց ճանապարհածախսը հոգալու նպատակով: Եվ հենց այստեղ Բալասանյան դաշինքի ղեկավար Հրայր Կարապետյանը առիթը բաց չթողեց բոլորին հիշեցնելու, որ 500հզր-ի փոխարեն 750հզր պետք է հատկացնեին, 250հզրն էլ քաղաքապետը տվեց:«250հզր էլ իմ ջեբից տվեցի, պետք չէ բարձրաձայնել»,- «անկախ իրենից» բարձրաձայնեց քաղաքապետը։

Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X