Իսկ հիշողությու՞նը…

Հուլիսի 10-ին ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը Ստեփանակերտի հուշահամալիրում «հանդիպել է իր հարազատներին եւ համակիրներին»՝ ինչպես երեւույթն անվանել է Արցախի հանրային հեռուստատեսությունը եւ ավելացրել, որ «հանդիպմանը հնչել են ինքնաբուխ ելույթներ»: Հարց է ծագում՝ ակցիան նախապես համաձայնեցվե՞լ է Ստեփանակերտի քաղաքային իշխանությունների հետ, թե համարվում է, որ դա «ինքնաբուխ հավա՞ք» էր:

Սա էական հանգամանք է, եթե նկատի ունենանք, որ Արցախում ընդունվել եւ ուժի մեջ է մտել հավաքների մասին օրենքը: Տպավորություն է, որ քաղաքային իշխանությունները չեն իրազեկվել, ոստիկանությունն էլ ՊԲ նախկին հրամանատարի՝ իր «հարազատների եւ համակիրների հետ հանդիպմանը» չի միջամտել: Այն դեպքում, երբ այլոց անհամեմատ սակավամարդ հավաքներին ոստիկանությունը ոչ միայն միջամտում, այլեւ խոչընդոտում է, եթե դրանք համարում է չարտոնված: Բայց «մանրուքը» մի կողմ թողնենք: ՊԲ նախկին հրամանատարը Ստեփանակերտի հուշահամալիրում բավական հետաքրքիր ելույթ է ունեցել: Նախ նա ասել է, որ երկու օր առաջ հանդիպել է նախագահ Բակո Սահակյանին եւ նրա հետ քննարկել մարդկանց հուզող հարցերի ամենալայն շրջանակ՝ սկսած առաջնագծում իրավիճակից, վերջացրած սահմանադրական բարեփոխումներով եւ իշխանության ապակենտրոնացմամբ:

Թեեւ ելույթի սկզբում Սամվել Բաբայանը հավաստիացրել է, որ չի եկել հեղափոխություն անելու, չի եկել որեւէ մեկին աթոռից հեռացնելու եւ նրա տեղը նստելու համար: ՊԲ նախկին հրամանատարի ստեփանակերտյան հայտնությունը չափազանց ուշագրավ է ավելի վաղ նրա արած այն հայտարարության համատեքստում, թե կգնա Արցախ, եթե այդպես որոշի Հայաստանի իշխանությունը: Հայաստանի իշխանությունը նման որոշում ընդունե՞լ է, ո՞րն է Արցախի նախագահի հետ նրա հանդիպման իմաստը: Սամվել Բաբայանը ներարցախյան զարգացումներում լուրջ դերակատարության հա՞յտ է ներկայացրել:

Ի՞նչ է հասկանում նա իշխանության ապակենտրոնացում եւ սահմանադրական բարեփոխումներ ասելով: Հանդես է գալիս Արցախում նախագահական կառավարումը խորհրդարանականով փոխարինելու ծրագրո՞վ: Ո՞րն է ՊԲ նախկին հրամանատարի քաղաքական հենարանը: Ավելի վաղ նա համագործակցում էր Հայկ Խանումյանի հետ: Ներկայումս խոսում է, որ շուտով Ստեփանակերտում գրասենյակ կբացի, որը կղեկավարի ԼՂՀ ԱԺ պատգամավորներից մեկը: Ո՞վ է այդ պատգամավորը: Այս հարցերի պատասխաններն, ինչպես ասում են, մնում են օդում կախված: Բայց դա չէ ամենակարեւորը. Սամվել Բաբայանը Լեռնային Ղարաբաղում քաղաքական գործունեություն ծավալելու բարոյական իրավունք ունի՞: 2000թ. նա այդ հնարավորությունն ուներ՝ սպասվում էին խորհրդարանական ընտրություններ: Բայց մարտին տեղի ունեցավ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձը: Սամվել Բաբայանը եւ նրա մի քանի մերձավորներ ձերբակալվեցին: Տեղի ունեցավ դատավարություն: Սամվել Բաբայանը դատարանի վճիռը չի բողոքարկել, չի պայքարել՝ ապացուցելու, որ մահափորձի կազմակերպիչն ինքը չէ: Ստեփանակերտի հուշահամալիրում նա հայտարարել է, որ անցյալի եւ այսօրվա միջեւ պետք է գիծ քաշել, փակել «խռովության» էջը: Ակնարկը հասկանալի է, բայց ի՞նչ անել մարդկանց հիշողության հետ:

Մեկնաբանություն
X