Դիմացինը միաբջիջ մի մարդ ա, որ ինձ փորձի վարկաբեկի, իմ ամբողջ տարիների վաստակը նսեմացնի․ Ալիկ Սարգսյան (տեսանյութ)

Արարատի նախկին մարզպետ ու նախկին ոստիկանապետ Ալիկ Սարսգյանը, ինչպես հայտնի է, ՀՔԾ-ում հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Արարատի մեկ այլ նախկին մարզպետի դեմ։ Սկզբում կասկածներ կային, թե խոսքը Հովիկ Աբրահամյանի մասին է, բայց պարզվեց՝ Վարդգես Հովակիմյանի մասին է, որը պաշտոնավարել է Սարգսյանից հետո։

Ալիկ Սարգսյանն այսօր ԱԺ արտահերթ նիստից առաջ լագրողների հետ զրույցում հաստատեց այս փաստը՝ նշելով․ «Դե անունն արդեն պարզ ա ձեզ, ես չեմ ուզում էդ անունը նորից վերարտադրել, իմ համար բավականին տհաճ ա։ Բայց, ամեն դեպքում, գիտեք՝ ում մասին ա խոսքը․․․ թերթ կարդացեք, Արարատի նախկին մարզպետի, այո»։

Սարգսյանը նորից հիշեցրեց, որ ինքը արժանավայել կյանքով է ապրել, և իր ամբողջ աշխատանքային ուղին անցել է շատ մաքուր, անբիծ․ «Ես զբաղվել եմ իմ գործով, ուրիշ ոչ մի չարաշահում չեմ արել, դրա համար խիղճս հանգիստ ա։ Իսկ էս բոլոր տեսակի զրպարտությունները, էս փորձերը՝ իրանց բերել-դնել, համադրել մի մարդու կողքին, որի արժանիքը իրենք չունեն»։

Hraparak.am-ի դիտարկմանը, թե ինքն էլ հսկայական կարողություն ունի՝ պաշտոնյա լինելով հանդերձ, Ալիկ Սարգսյանն ասաց․ «Ես ինչ կարողություն ունեմ, դրա համար ունեմ համապատասխան բացատրություն և արդարացում»։

-Պետական պաշտոն զբաղեցնելով՝ ինչպե՞ս եք ձեռք բերել այդ կարողությունը։

-Ցանկացած մարդ, Հայաստանի քաղաքացի իրավունք ունի ունենալ սեփականություն։ Սահմանադրությունը կարդացեք։

-Հնարավորությունն է խնդիրը, այդ հնարավորությունն ինչպե՞ս եք ձեռք բերել։

-Ես ասացի՝ ես կխոսեմ սեփականություն ունենալու տեսանկյունից և կհիմնավորեմ։

-Այդ լցակայանները, բիզնեսները․․․ չունե՞ք։

-Դե, ասում եմ, հերյուրանքներ են բոլորը, ո՞նց բացատրեմ։ Ժողովուրդ, ես մաքուր մարդ եմ և մաքուր եմ ապրել, և իմ խիղճը հանգիստ ա։ Միշտ հիշեք, որևիցե օրենքի առջև պատասխան տալու խնդիր չունեմ և չեմ էլ ունենալու, որովհետև մաքուր եմ ապրել։ Ու ոչ մեկը թող չփորձի իր անունը բերի համադրի իմ հետ։

Մանրամասն՝ Hraparak.am-ի տեսանյութում։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X