Ես փորձում եմ նույն մարտերը ցույց տալ, բայց մարդու մտքի մեջ

Այս տարի «Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն է աշխարհահռչակ ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ Դարեն Արանոֆսկին, ով նախօրեին ՀԲԸՄ-ի դահլիճում հանդիպեց իր կինոարվեստի սիրահարների հետ, ովքեր իսկապես շատ-շատ էին։

«Խորություն», «Շատրվան», «Երազանքի ռեքվիեմ», «Պի» «Նոյ», «Ըմբիշը», «Սեւ կարապ», «Մայրը» ֆիլմերի ռեժիսորն ասում է. «Իմ նկարելու ձեւն այնքան սպեցիֆիկ է, որ ուրիշ ձեւ անհնար է։ Իմ համար ֆիլմը 3 անգամ է նկարահանվում՝ սցենարով, բուն նկարահանման ժամանակ եւ մոնտաժելիս։ Ռեժիսոր լինելը նվագախմբի դիրիժորի պես մի բան է կամ էլ ամուսնության նման՝ միշտ չէ, որ ամեն ինչ կատարյալ է։ Այսինքն՝ շատ վայրիվերումներով ես անցնում»։ Արանոֆսկին նկատում է, որ լավ կլիներ ֆիլմարտադրությունն արվեստ լիներ, բայց այն ավելի շատ բյուրոկրատիա է՝ ֆինանսների հայթայթում, թղթաբանություն, եւ շատ քիչ է արվեստին տեղ մնում։

Արանոֆսկին պատասխանում է առասպելության դերի եւ կարեւորության մասին իր ֆիլմերում․ «Ինձ գրավում են բիբլիական պատմությունները։ Որպես պատմիչ՝ ես փորձում եմ էմոցիոնալ արձագանքի հասնել․ դա կինոյի ուժն է։ Ի վերջո մեծ կինոն ինչո՞վ է պայմանավորված, նրանով, որ մարդկային զգացմունքները համամարդկային են։ Ի՞նչն է այդ բիբլիական պատմությունների ուժն ու հզորությունը․ այն, որ Իկարոսի պատմությունը լսելիս միանգամից հասկանում ես ուղերձը։ Երբ ես «Նոյը» նկարեցի, մտածում էի՝ ինչպես շաղկապենք Նոյի պատմությունը մեր այսօրվա վիճակի հետ, եւ գտնվեց։ Այսօր էլ բնությանը, կենդանիներին փրկելու կարիք կա»։

Ռեժիսորը խորհուրդ է տալիս չմտահոգվել ֆիլմի կոմերցիոն հաջողությամբ։ Նա հիշում է՝ երբ իր ֆիլմերից «Ըմբիշը» մրցանակ ստացավ, ինքն այդ ժամանակ փող էր մուրում «Սեւ կարապի» համար, որովհետեւ․ «Սարսափ սիրողները բալետ չեն սիրում, բալետ սիրողները՝ սարսափ»։ Ի դեպ, այս ֆիլմը, որի բյուջեն 13 մլն էր, աշխարհում հավաքեց 320 մլն դոլար։ Ֆիլմն առաջադրվեց «Օսկարի» 5 անվանակարգերում, իսկ գլխավոր դերասանուհի Նատալի Փորթմանը ստացավ «Օսկար»՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում։ «Նատալին ասաց, որ «Սեւ կարապի» ավարտն այսպես պետք է լինի։ Եթե ճիշտ համագործակցություն ունենաք, կարող եք լավ արդյունքի հասնել»։

Ի վերջո ինչո՞ւ են իր հերոսներն ինքնաոչնչացման գնում, ո՞րն է մոտիվացիան։ «Չգիտեմ, երեւի իմ հոգեբույժին պետք է հարցնեք»,- կատակում է Արանոֆսկին, ում կարծիքով՝ ամեն մարդ էլ կարող է ուրիշ մարդու զգացմունքների հետ էմպատիա ունենալ։ Արվեստագետի գործը հենց դրանում է՝ լինել էմպատիկ։

Ռեժիսորի կարծիքով՝ պարտադիր չէ ֆիլմ նկարել հենց այն մասին, ինչը քեզ ցավ է պատճառում, կարելի է ուղղակի ֆիլմ նկարել շան մասին․ «Դրդիչ հանգամանքները տարբեր են, բայց մենք բոլորս նույն բանն ենք զգում»։

Արանոֆսկու ֆիլմերը մինչեւ գիտակցություն հասնելը սկսվում են ենթագիտակցությունից․ «Ամեն ինչ սկսվում է ենթագիտակցության մեջ, շատերը դա կոչում են մուսա, բայց դա ներքին զգացում է, որին հետեւում ես եւ համարձակություն, նույնիսկ գոռոզություն պիտի ունենաս առաջ գնալու, ասելու «ոչ» քեզ «ոչ» ասողներին»։

Ըստ նրա, միշտ էլ կան սահմանափակումներ կինոյի մեջ՝ փողի, ժամանակի, ստեղծագործական ձիրքի․ դա հենց ոսկե եռանկյունին է։ «Ինձ ավելի շատ հետաքրքրել է մարդկանց մտքի մեջ խորանալ։ Ես փորձում եմ նույն մարտերը ցույց տալ, բայց մարդու մտքի մեջ»։

Ռեժիսորն անկեղծանում է՝ փորձում է խույս տալ իր ֆիլմերը նայելուց, ասում է՝ դա ժամանակի վատնում է․ «Ինձ համար ամենադժվարը մոնտաժի տաղավարում է, երբ փորձում ես քո հանդիսատեսի աչքերով նայել։ Ու հենց դադարում ես երկխոսել հանդիսատեսիդ հետ, մնում ես մենակ մոնտաժի տաղավարում»։ Ռեժիսորը նկատում է՝ իր հանդիսատեսն այն մարդիկ են, ովքեր ուզում են, որ իրենց մարտահրավեր նետվի։

Մեկնաբանություն
X