Չեմ ուզում հավատալ, որ չարաշահումներ են տեղի ունեցել

Օրեր առաջ Գլխավոր դատախազությունը հաղորդում տարածեց, որ Հանրային հեռուստաընկերությունում կատարված չարաշահումների փաստով քրեական գործ է հարուցվել՝ լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա։

Ավելի ուշ Հանրային հեռուստաընկերությունն արձագանքեց դատախազության հայտարարությանը՝ նշելով, որ քրգործի հարուցման համար առիթ համարվող հրապարակումները պետք է ուսումնասիրվեն։ Նույն հայտարարության մեջ դատախազության որոշմանն անդրադարձել էր նաեւ Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը՝ որոշ ձեւակերպումներ որակելով ոչ կոռեկտ եւ չհիմնավորված: Միաժամանակ հույս հայտնելով, որ Քննչական կոմիտեն զերծ կմնա հանրությանը հաճոյանալուց եւ նախաքննությունը կիրականացնի անաչառ:

Խորհրդի այս հայտարարությանը նախօրեին արձագանքել է Գլխավոր դատախազությունը` Հ1-ին հորդորելով զերծ մնալ չհիմնավորված հայտարարություններից։ Տարածված հաղորդագրության մեջ նշված էր, որ խորհուրդը Հանրային հեռուստաընկերության «փաստաբանի» դերն է ստանձնել եւ անվստահություն դրսեւորել դատախազության անաչառության նկատմամբ։

Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամներից է, ով աշխատանքի բերումով հեռուստատեսությունը ներսից գիտի։ «Խայտառակ վիճակում էր հեռուստատեսության եւ ռադիոյի շենքն իր բակերով, արխիվով հանդերձ, ջրերի մեջ էր, իմ աչքով տեսածն եմ ասում։ Այն, ինչ արեցին Ռուբեն Ջաղինյանն ու Մարգարիտ Գրիգորյանն իրենց պաշտոնավարման շրջանում, հսկայական գործ էր։ Պետք է առնվազն խիղճդ կորցնես, որպեսզի դա չտեսնես․ ե՛ւ շենքային պայմանների մասին է խոսքս, ե՛ւ տեխնիկայի, ե՛ւ ստեղծագործական եթերի մասին»,- ասում է նա ու նկատում, որ, ի տարբերություն խորհրդի մյուս անդամների, ինքը որեւէ ձեւով կապված չէ Հ1-ի հեռուստաեթերի հետ, չունի ոչ մի հեղինակային հաղորդում, թեեւ առաջարկներ եղել են։

Այն, որ Հանրային հեռուստաընկերությունում կատարված չարաշահումների փաստով քրեական գործ է հարուցվել, Մերուժան Տեր-Գուլանյանի համար անակնկալ է եղել․ «Որովհետեւ մի անգամ ստուգել էին, եւ կարծես ամեն ինչ կարգին էր, ինչի շուրջ մենք զրուցել ենք խորհրդի նիստում, Ջաղինյանը տեղյակ է պահել մեզ, եւ մենք էլ ուրախացանք, որ ամեն ինչ կարգին է։ Վերջին հաշվով դա մեր տունն է ու նաեւ մեզ է առնչվում, չնայած «չարաշահում» հասկացության հետ մեր խորհուրդը կապ չունի, եթե, իհարկե, այդպիսի բան կա։ Մեր աշխատանքը չի վերաբերում ֆինանսական մասին, մենք միայն բյուջե հաստատողն ենք»։ Չե՞ն վերահսկում, թե ինչի վրա է ծախսվում բյուջեն։ Տեր-Գուլանյանը նշեց, որ, իհարկե, իրենց տեղյակ են պահում, թե ինչի վրա է ծախսվել բյուջեն, բայց այդքանը։

«Մի խնդիր կա, ես շատ կուզենայի, որ ե՛ւ դատախազությունը, ե՛ւ մասնավոր անձինք, որոնք նեղված են հեռուստատեսության այսօրվա ղեկավարությունից, որովհետեւ ծրագրեր են ունեցել, փակվել են դրանք եւ այլն, նեղվածությունը՝ նեղվածություն, բայց խիղճը՝ խիղճ։ Ով քիչ թե շատ առնչվել է հեռուստատեսությանը եւ ռադիոյին, պիտի հստակորեն տեսած լինի, որ իսկապես հսկայական բան է փոխվել դեպի լավը։ Այդպիսի մեծ փողեր ծախսել այսպիսի մեծ շինարարության, տեխնիկայի վրա, նման պարագայում կարող են եւ վրիպակներ լինել, բայց ես չեմ ուզում հավատալ չարաշահումներին եւ ոչ միայն չեմ ուզում, այլ նաեւ չեմ հավատում, որ չարաշահումներ տեղի են ունեցել»։

Նա հաստատում է՝ երկրում իրավիճակ է փոխվել, եւ նոր իշխանությունները բացահայտումներ են անում, եւ լավ է, որ արվում է այդ ամենը, բայց․ «Մի բանի համար տխուր եմ, սակայն, հենց մեր հեռուստատեսության առումով, մեծ բացահայտումները՝ այո, սակայն փոքրիկ բացահայտումները՝ մի դպրոցի տնօրեն մի պահակ ավել է պահել եւ այլն, դա հեռուստատեսությամբ հնչելու բան չէ։ Պատժեք այդ մարդուն, թող փողը հետ բերի տա։ Հակառակ դեպքում ստացվում է այնպես, որ ազգովի գող ենք․ սա արդեն վատ բան է։ Այդ մանր բաները, կարծում եմ, իմաստ չունի ցույց տալու, թեկուզ հենց մեր ալիքով»։

Եթե խորհուրդը ոչ կոռեկտ ու անհիմն էր բնութագրել դատախազության հայտարարությունը, դատախազությունն էլ անտրամաբանական ու ոչ բարոյական էր բնութագրել խորհրդի հայտարարությունը եւ հորդորել էր չկասկածել իրենց անաչառությանը․ «Ես մտածում եմ, նաեւ համոզված եմ, որ Հանրային հեռուստաընկերության բոլոր թղթերը բաց են դատախազության առաջ։ Ինչ վերաբերում է ձեւակերպմանը, որ հանրությանը դուր գալու համար դատախազությունը նման քայլ է արել, ես գտնում եմ, որ կարիք չկար, որ այդ ձեւակերպումը լիներ խորհրդի անունից»։

Այսինքն՝ տեղյա՞կ չէիք այդ հայտարարությունից, որը խորհրդի անդամների անունից է հրապարակվել։ Տեր-Գուլանյանն ասաց․ «Ես քաղաքում չէի, ինձ հեռախոսով տեղյակ են պահել, բայց հեռախոսով տեքստը կարդալը մի բան է եւ մի այլ բան, երբ դու ես այն կարդում։ Այդ արտահայտությունը թյուրիմացություն էր եւ կարիք չկար մտցնել պատասխանի մեջ։ Հետո՝ դատախազությունն իր գործն է անում, թողնենք թող իր գործն անի։ Չի վստահում, թող նորից ստուգի, թող 3-րդ անգամ ստուգի։ Վերջին հաշվով, մարդիկ իրենց գործն են անում»։

Տեր-Գուլանյանը համոզված է՝ պետք է իրար մի քիչ խնայենք․ «Բոլորիս է վերաբերում, եւ ժամանակից շուտ չհայտարարել, եթե հաստատ չգիտես՝ չարաշահում կա, թե չկա։ Չմոռանանք նաեւ մի կարեւոր բան․ երբ ձի ենք նստում, Աստծուն չմոռանանք, երբ ձիուց կիջնենք, եկեք ձիուն չմոռանանք։ Ես չեմ հավատում, որ չարաշահում է եղել, իսկ եթե ապացուցվի, ես պատրաստ եմ հրապարակավ ներողություն խնդրել դատախազությունից իմ չհավատալու համար»։

Մեկնաբանություն
X