Սա Գարեգին Բ գեղարդագողի եւ իր կլանի ծրագիրն է

Երեկ առավոտյան ոստիկանությունը Մայր Աթոռի դիվանատնից դուրս է բերել շուրջ 3 օր այնտեղ նստացույց իրականացնող «Նոր Հայաստան՝ նոր հայրապետ» նախաձեռնության անդամներին։ Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին նախաձեռնության անդամները մուտք էին գործել դիվանատուն եւ դիվանապետ Արշակ սրբազանից պահանջել ցույց տալ Սուրբ գեղարդը, այնուհետ հայտարարել, որ չեն լքի դիվանատունը, մինչեւ կաթողիկոս Գարեգին Բ-ն հրաժարական չտա։ Նախաձեռնության անդամ Կարեն Պետրոսյանից փորձեցինք ճշտել, թե ինչ հիմքով է ոստիկանությունը նրանց հեռացրել դիվանատնից, քանի որ մինչ այդ նույն ոստիկանության կողմից հայտարարվել էր, որ դիվանատունը ոստիկանության կողմից հատուկ պահպանվող տարածք չէ եւ դիտարկվել է որպես հանրային վայր։

- 3 օր դուք մնացիք դիվանատանը, եւ միայն 4-րդ օրն են ձեզ հանել այնտեղից։ Իրավախախտո՞ւմ է ձեր կողմից կատարվել, ոստիկանությունն ի՞նչ պարզաբանում է տվել ձեզ։

-Մենք հարցրել ենք, թե որն է պատճառը, մեզ պատճառ չեն ներկայացրել՝ ըստ էության, մեզ ասել են, որ բողոքներ կան, ասել ենք՝ ի՞նչ կապ ունի, որ բողոքներ կան, հիմա ձեր իրավական պահանջը ո՞րն է, ասել են, որ հետո գրավոր կտեղեկացնեն։ Այսինքն՝ որեւէ օրինական պահանջ չի եղել։ Մենք էլ ասել ենք՝ եթե օրինական պահանջ չկա, 3 օր մենք էստեղ ենք եղել, եթե իրավախախտում լիներ, դուք 3 օր առաջ մեզ կհանեիք, բայց եթե չեք հանել, ուրեմն ոչ մի իրավական խնդիր չի եղել։ Մեզ 10 րոպե են տվել, որ դուրս գանք, ասել եմ՝ չեմ ընդունում էդ պահանջը, ես շարունակում եմ իմ խաղաղ նստացույցը, ինձ մի քանի հոգով, ֆիզիկական ուժով դուրս են հանել էդ տարածքից։ Մենք մոտ 20 հոգի էինք առավոտյան, մեզ հետ նաեւ կանայք կային։

- Այս օրերին խոսվում էր, որ դուք Մայր Աթոռի դիվանատունը վերածել եք գինարբուքի վայրի, ծնունդներ եք նշել, խրախճանքներ կազմակերպել, երբեմն նաեւ ոգելից խմիչքներ օգտագործել։ Ի՞նչ կասեք։

-Ոստիկանները մեզ հետ են եղել էս ամբողջ ընթացքում, ոստիկանները կարող են փաստել, թե այնտեղ ինչ է եղել։ Որեւէ մարդ, նստացույց անելով, հացադուլի մեջ չէ, իրավունք ունի սնվելու։ Այո, տարածքում մարդիկ հաց կերել են, ոգելից խմիչք այնտեղ ընդհանրապես չի օգտագործվել․ ես դա պաշտոնապես եմ հայտարարում, դա լկտի սուտ է։ Մենք վերջերս բազում ստերի ականատես եղանք, երբ որ 1 օրվա մեջ 3 տարբեր հոգեւորականներ գեղարդի վերաբերյալ 3 տարբեր իրարամերժ հայտարարություն արեցին։ Պետք է ժամանակագրորեն փոքրիկ վերլուծություն արվեր եւ հանրությանը ցույց տրվեր, որ 1 օրում եղել է 3 իրարամերժ հայտարարություն, որպեսզի էդ սուտն ու կեղծիքը քողարկվեին։ Այսինքն՝ էնտեղ եղել է շատ նորմալ, մենք աղոթական ժամերը միշտ ունեցել ենք, պահել ենք, իսկ մնացած ընթացքում եղել է խաղաղ նստացույց։

- Ձեզ սկսեցին ծաղրել, որ ձեր աղբի միջից տակաշորեր են հայտնաբերվել, եւ դուք օգտվել եք դրանցից, քանի որ զուգարանները կողպված են եղել։

-Դրանք բոլորը, էլի եմ ասում, սուտ են, եւ դա ցույց է տալիս էն ճղճիմ վիճակը, որն այսօր տիրում է Մայր Աթոռում։ Սա Գարեգին Բ գեղարդագողի եւ իր կլանի ծրագիրն է։

- Հայր Կորյունն այդ 3 օրվա ընթացքում ձեզ հե՞տ է եղել։

-Անշուշտ, ինքը հիմնականում մեզ հետ է եղել եւ էնտեղ էլ մնացել է, որոշ ընթացքին դուրս է եկել։ Մեր նախաձեռնության բոլոր անդամները կարճ ժամանակով հնարավոր է, որ դուրս եկած լինեն։

- Առաջիկայում ի՞նչ եք պատրաստվում անել։

-Մենք էստեղ ենք, մեր օրակարգում ոչինչ չի փոխվել։ Առաջին իսկ հնարավորության դեպքում մտնելու ենք ու լինելու ենք այն տարածքներում, որոնք մեզ են պատկանում, վեհարանն էլ է մերը, դա հատուկ պահպանվող տարածք չէ, եւ ոստիկանությունը չնայած էսօր մեզ ներս չի թողնում, մինչդեռ դիվանատան աշխատողներն անարգել մտնում են, բայց մենք էստեղ ենք, շարունակելու ենք մեր բողոքի ակցիան։ Այն կաթողիկոսը, որը հեղինակություն չունի, իշխանություն չունի, չի կարող հայ եկեղեցում մնալ, առավել եւս՝ մենք չենք հանդուրժելու մեր երկրում կոռումպացված եւ կլանային համակարգ։

- Մայր Աթոռը ցուցադրեց գեղարդը, եւ այն, կարծես թե, անվնաս էր, դուք դարձյա՞լ պնդում եք, որ իսկական գեղարդից մաս է վաճառվել։

-Մենք գեղարդի հետ կապված ի սկզբանե ասել ենք, որ մաս է պակաս, ասել ենք՝ գեղարդից կտրվել ու վաճառվել է, որն իրենք միանգամից հերքել են։ Հետո, երբ մենք ճնշումներն ու փաստերը շատացրինք, Արշակ սրբազանը հրապարակեց, որ գեղարդից կտրվել է եւ նվիրաբերվել ռուս ուղղափառ եկեղեցուն։ Հետո ճշտվեց, որ դա ռուս եկեղեցուն չի նվիրաբերվել, այլ նվիրվել է Գեորգի Պոլտավչենկոյին։ Մենք հայտարարեցինք, որ դա վաճառվել է, եղել է փոխշահավետ գործարք, որի մասին չի հրապարակվել։ Ընդհանրապես, մասունքների փոխանակումը եկեղեցիների միջեւ լինում է հանդիսավոր կերպով եւ պաշտոնական․ փաստորեն, դա չի եղել հանդիսավոր, այլ ընդամենը գաղտագողի է տրվել կամ վաճառվել։ Եպիսկոպոսները տեղյակ չեն եղել, դա սրբագույն մասունք է ոչ միայն հայ ազգի համար, դա ազգային ու համաշխարհային գանձ է։ Հետո իրենք հայտարարեցին, որ մի փոքրիկ փշրանք է վերցվել, այսինքն՝ ընդունեցին մեր առաջադրած մեղադրանքը։ Մենք չենք ասել, որ ամբողջ գեղարդն է վաճառվել, մենք ասել ենք՝ մի փոքրիկ մաս, իրենք ընդունեցին մեր ասածը։ Բայց նույնիսկ այդ պարագայում՝ այն գեղարդը, որը ցուցադրվել է, բնօրինակը չէ, որովհետեւ իրենք բնօրինակից տեսանելի մաս են վերցրել, եւ ցուցադրելու ժամանակ բոլորը կնկատեին։ Գեղարդի մի քանի կրկնօրինակ կա, եւ այն գեղարդը, որով սուրբ մյուռոնն օծվում է, այդ գեղարդը ցույց չի տրվել, ես վստահեցնում եմ։ Դրա համար մենք ստիպված եղանք ԱԱԾ-ին եւ պետական իշխանությանը հորդորել, որ լուրջ հետաքննություններ անեն եւ բոլոր տարբերակները, վերջին հաշվով, ի ցույց դնեն ժողովրդի դատին։ Բայց դա եղա՞վ։ Չեղավ։ Իրենք մի տարբերակ ցույց տվեցին, թող իրենց բոլոր տարբերակները հիմա ցույց տան՝ ժողովուրդն ինքը որոշի։

ՀԳՀիշեցնենք, որ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել՝ «Ոստիկանները վերականգնել են հաստատության բնականոն աշխատանքը»․ «Օրերս ե՛ւ հոգեւորականներից, ե՛ւ քաղաքացիներից ոստիկանությունում բազմաթիվ բողոքներ են ստացվել, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատանը շուրջօրյա բողոքի ակցիա իրականացնող անձինք խաթարում են հաստատության բնականոն գործունեությունը։ Բացի այդ, ակցիայի մասնակիցների եւ մյուս կողմի միջեւ առկա էր հնարավոր բախումների վտանգ, որը նախկինում ոստիկանները կանխել էին, սակայն լարվածությունն այդպես էլ չէր մարում։ Հաշվի առնելով այս հանգամանքները՝ հուլիսի 10-ի առավոտյան ոստիկաններն ակցիայի մասնակիցներին հեռացրել են դիվանատան վարչական շենքից՝ վերականգնելով հաստատության բնականոն աշխատանքը»։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ

Մեկնաբանություն
X