Արմեն Սարգսյանի նախագահական վոյաժը. Լոնդոն

Ներկա շաբաթը չափազանց էական, անգամ որոշիչ է լինելու Հայաստանի միջազգային հարաբերությունների առումով: Մայիսի սկզբից իբրեւ ՀՀ վարչապետ պաշտոնավարող Նիկոլ Փաշինյանը վերջապես կմեկնի Եվրոպա: Իհարկե, դա պաշտոնական այց չէ որեւէ եվրոպական երկիր, ոչ էլ այց է որեւէ եվրոպական երկրի հրավերով․ Փաշինյանը տասնյակ այլ երկրների ղեկավարների թվում մեկնում է Բրյուսել՝ ընդամենը մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին` իբրեւ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի խաղաղարար առաքելությանը մասնակցող երկրի ղեկավար:

Բայց, այսպես թե այնպես, հուլիսի 11-12-ին Փաշինյանը վերջապես լինելու է Եվրոպայում, եւ, վստահաբար, Երեւանից ավելի Բաքվում, Մոսկվայում եւ այլուր կհետեւեն, թե նա ինչ հանդիպումներ է ունենում, ինչ արդյունքների է հասնում, ի վերջո՝ երկու ամիս ձգվող Հայաստանի գրեթե միջազգային մեկուսացումը ճեղքվո՞ւմ է, թե՞ ոչ: Որքան էլ Երեւանի Հանրապետության հրապարակում ապրիլ-մայիսին դատարակախոսում էին Հայաստանի միջազգային վարկի բարձրացման, Հայաստանի նկատմամբ հետաքրքրության աճի մասին, իրականությունն ու փաստն այն է, որ Փաշինյանին մինչ այսօր արեւմտյան որեւէ երկրից այցի հրավեր չի եղել, նրա հետ ԵՄ որեւէ ղեկավար նույնիսկ հեռախոսազրույց չի ունեցել… Իսկ դա շատ խոսուն հանգամանք է, որքան էլ դեսպան Սվիտալսկին հավատացնի, թե Փաշինյանին Բրյուսելում սպասում են կամ ջերմորեն կընդունեն:

Եթե ՀՀ վարչապետի հանդիպումները Բրյուսելում չսկսվեն ու ավարտվեն Մոգերինիի մակարդակում, Փաշինյանը հանդիպի ԵՄ նախագահին կամ Եվրահանձնաժողովի նախագահին, Գերմանիայի կանցլերին, Ֆրանսիայի նախագահին կամ ԵՄ այլ երկրների առաջին դեմքերի, կարելի է այցը դրական գնահատել` նույնիսկ անկախ հանդիպումների արդյունքներից։ Իսկ եթե Փաշինյանը ԵՄ առաջին դեմքերին հանդիպել չկարողանա, դա արդեն հիմք կտա այլ հետեւությունների… Սակայն իրադարձություններից առաջ չընկնենք, միայն նշենք, որ ներկա պահի դրությամբ Բրյուսելում նշանակալից հանդիպումների հեռանկար ուրվագծված չէ: Առայժմ Մնացականյան-Մամեդյարով հանդիպման մասին է հայտարարվել, ԱԳ նախարար Մնացականյանն էլ մայիսից ի վեր պաշտոնական այցով միայն Բեռլինում է հյուրընկալվել, Բրյուսելում էլ եղել է ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի առիթով եւ վերջ:

Ինչեւէ, թե ինչ ընթացք կունենա Փաշինյանի բրյուսելյան այցը, կամփոփենք շաբաթվա վերջում, իսկ մինչ այդ տեսնենք, թե ինչպիսին էր նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնամուտից ի վեր առաջին այցն արտերկիր, որն ուշագրավ էր հատկապես չհստակեցված ձեւաչափի պատճառով: Ինչպես այցի մասին հայտարարելիս, այնպես էլ դրա ավարտից հետո կատարելապես անհասկանալի մնաց, թե նախագահ Սարգսյանի ուղեւորությունը Լոնդոն, Փարիզ եւ Վաշինգտոն արդյոք մասնավոր անձի շրջագայությո՞ւն էր, թե՞ պետական պաշտոնյայի այցելություն: Առավել եւս անհասկանալի է, թե շուրջ երկու շաբաթ ձգված այդ ուղեւորությունից եւ մերթընդմերթ կայացած «աշխատանքային», «քաղաքավարական», «պաշտոնական», «ոչ պաշտոնական», չգիտես էլ ինչ հանդիպումներից որեւէ արդյունք ակնկալվո՞ւմ էր: Եթե այո` ապա ի՞նչ արդյունք արձանագրվեց պետքարտուղար Պոմպեոյի հետ photo-opportunity-ից բացի:

Լոնդոնում՝ ինչպես միշտ

Արմեն Սարգսյանի արտերկիր մեկնելու մասին ՀՀ նախագահականից hունիսի 18-ին տարածված հաղորդագրությունում ասված էր. «Նախագահ Արմեն Սարգսյանը, նախնական պայմանավորվածությունների համաձայն, աշխատանքային հանդիպումների նպատակով հունիսի 18-ին մեկնել է արտերկիր: Հանրապետության նախագահը Միացյալ Թագավորությունում պաշտոնական եւ ոչ պաշտոնական ձեւաչափով մի շարք հանդիպումներ կունենա: Արմեն Սարգսյանը կհյուրընկալվի Բուքինգհեմյան պալատում: Որպես ՄԹ-ում Հայաստանի նախկին դեսպան` նա հրաժեշտի հանդիպումներ կունենա արտաքին գործերի նախարարությունում: Լոնդոնից հանրապետության նախագահը կմեկնի Ֆրանսիա»:

Այնուհետ հաղորդվում էր Ֆրանսիայում եւ ԱՄՆ-ում ծրագրված միջոցառումների մասին եւ հաղորդագրությունն ավարտվում էր նախադասությամբ. «Նշված երկրներում գտնվելու ընթացքում հնարավոր են նախագահ Սարգսյանի քաղաքավարական հանդիպումներն այդ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ»: Ասվածից ենթադրելի էր` ԱԳ նախարարի հետ հանդիպման ակնկալություն կար նաեւ Լոնդոնում:

Մի քանի օր անց ՀՀ նախագահականը նոր տեքստ տարածեց Սարգսյանի` Լոնդոնում ավարտված այցի մասին, որտեղ մասնավորապես ասված էր. «Միացյալ Թագավորության արտաքին գործերի եւ համագործակցության նախարարության Եվրոպայի եւ Ամերիկաների նախարար սըր Ալան Դանքընի անունից հանրապետության նախագահի պատվին տրվել է աշխատանքային ճաշ, որի ընթացքում նախագահ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները:

Այցի շրջանակում Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել նաեւ Լոնդոնի դիվանագիտական կորպուսում թագուհու ներկայացուցչի հետ, ով միապետի անունից հրաժեշտի ջերմ խոսքեր է փոխանցել Միացյալ Թագավորությունում երկար տարիներ պաշտոնավարած ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանին: Հունիսի 21-ին նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ հյուրընկալվել է թագավորական ընտանիքի անունից Բուքինգհեմյան պալատում կազմակերպված ընթրիքին»:

Հաղորդագրություններից հասկանալի է, որ ՄԹ արտաքին գործերի գերատեսչության ղեկավարի` Բորիս Ջոնսոնի հետ Արմեն Սարգսյանն այդպես էլ չի հանդիպել, որքան էլ նման ակնկալություն կամ ցանկություն ունեցել է եւ մինչեւ Լոնդոն մեկնելը նախագահականի հաղորդագրությամբ այդ մասին բարձրաձայնել էր: Լոնդոնում հազիվ թե երկրորդ նման դեպք կարողանան մտաբերել, երբ ՄԹ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանը հանկարծ դեսպանից տեղափոխվել է իր երկրի նախագահի պաշտոնին, առավել եւս, որ այդ դեսպանը կամ նախագահը եղել է Մեծ Բրիտանիայի քաղաքացի, բայց արի ու տես՝ ողջ այդ բացառիկությունն էլ պրն Արմեն Սարգսյանին չի օգնել:

Լոնդոնում ՄԹ կառավարության` վարչապետ Մեյի կամ նրա կաբինետի անդամների հետ պրն Սարգսյանը հանդիպումներ չի ունեցել: Հանդիպել է միայն ԱԳ փոխքարտուղար, Եվրոպայի եւ Ամերիկաների հարցերով նախարար սըր Ալան Դանքընին, ով կարծես անձնական բարեկամություն ունի պրն Սարգսյանի հետ: Ամեն պարագայում Դանքընը երեւի միակ օտարերկրյա պաշտոնյան էր, որ ժամանեց Երեւան Սարգսյանի երդմնակալության արարողությանը: Նա իր կարիերան սկսել է նավթարդյունաբերության աշխարհում (ինչն էլ թերեւս հետաքրքրությունների ընդհանրություն է ստեղծել պրն Սարգսյանի հետ), այնուհետ մուտք է գործել քաղաքականություն, ՄԹ Համայնքների պալատի անդամ է արդեն մի քանի տասնամյակ, երկրի եւ գահի առջեւ իր ծառայությունների համար արժանացել է Բրիտանական կայսրության ասպետի կոչման եւ ՄԹ խորհրդարանի առաջին անդամն է պատմության մեջ, որ հայտարարել է միասեռական կողմնորոշման մասին:

Սըր Ալան Դանքընի հետ աշխատանքային ճաշը կարծես եղել է պրն Սարգսյանի միակ շփումը ՄԹ ԱԳՆ-ի, կառավարության, իշխանության հետ:

Բուքինգհեմյան պալատի անվան հոլովումը

Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանի պաշտոնից հեռանալու կապակցությամբ պրն Սարգսյանը շփումներ է ունեցել արդեն бրիտանական արքունիքի հետ: Որքան էլ ժամանակակից աշխարհում բրիտանական միապետությունն ասոցացվում է հիմնականում Բուքինգհեմյան պալատի հետ, քանի որ գլխավորապես այդտեղ են տեղի ունենում պետական ընդունելությունները, արարողությունները եւ այլն, այդուհանդերձ ավագության կարգով եւ պատմական դերակատարությամբ գլխավորը համարվում է Saint James’s պալատը, եւ ՄԹ-ում օտարերկրյա դեսպանի հավատարմագրումը պաշտոնական կոչվում է հավատարմագրում St. James’s արքունիքում:

Ահա, նախագահ Արմեն Սարգսյանը ՄԹ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնից հեռանալու կապակցությամբ հյուընկալվել է ո՛չ ԱԳՆ-ում կամ Բուքինգհեմյան պալատում, այլ թագուհու կարգադրությամբ դիվանագիտական կորպուսի փոխմարշալն է այցելել Սարգսյանի` Surrey-ում գտնվող առանձնատուն` նրան հրաժեշտ տալու: Բրիտանական արքունիքի շրջաբերականը (Court Circular) այդ մասին գրել է. «21 հունիսի 2018թ․, Վինձորյան ամրոց, Նորին մեծության կարգադրությամբ դիվանագիտական կորպուսի փոխմարշալ պրն Նեյլ Հոլանդը (Mr. Neil Holland Vice-Marshal of the Diplomatic Corps) այսօր այցելել է Նորին գերազանցություն դոկտ. Արմեն Սարգսյանին Չեյն Ուոք 11, Լոնդոն SW3-ում, Սեյնթ Ջեյմսի արքունիքում (St. James’s Court)՝ իբրեւ Հայաստանի Հանրապետության դեսպան պաշտոնավարման ավարտի կապակցությամբ Նորին գերազանցությանը հրաժեշտ տալու համար»:

Եվ ոչ մի հիշատակություն այն մասին, որ պրն Սարգսյանն այժմ Հայաստանի Հանրապետության նախագահն է:

Գալով Բուքինգհեմյան պալատում ընթրիքի մասնակցելու դրվագին՝ ՀՀ նախագահականի տարածած հաղորդագրությունների պաճուճապատ ֆրազներից կարելի էր հետեւություն անել, թե Բուքինգհեմյան պալատում գրեթե ընդունելություն է կազմակերպվել, ընթրիք կամ ճաշ է տրվել Արմեն Սարգսյանի պատվին: Մինչդեռ իրականում երկու հաջորդական օրերի` հունիս 20-ին եւ 21-ին, Ուելսի արքայազնը ճաշկերույթներ եւ հյուրընկալություններ է ունեցել Բուքինգհեմյան պալատում` անկախ պրն Սարգսյանի Լոնդոնում գտնվել-չգտնվելու հանգամանքից:

Հունիսի 20-ին արքայազն Չարլզը տիկնոջ` Քորնուելի դքսուհու հետ ճաշկերույթի սեղանի շուրջ հյուրընկալել է Արքայական նկարչական դպրոցի ներկայացուցիչներին: Դա կերպարվեստին առնչվող հիմնադրամ է, որը 2000-ին հիմնադրել եւ ցայսօր հովանավորում է արքայազն Չարլզը:

Հաջորդ օրը` հունիսի 21-ին, արքայազն Չարլզը Բուքինգհեմյան պալատում ճաշկերույթի սեղանի շուրջ հյուրընկալել է արդեն իր` Ուելսի արքայազնի բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներին։ Նույն օրը ավելի վաղ նաեւ նշյալ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ է գումարվել (The Prince of Wales, Founder, afterwards attended a Trustees' Meeting for The Prince of Wales's Charitable Foundation. His Royal Highness, President, The Prince's Foundation, this evening held a Dinner at Buckingham Palace):

Նախագահ Սարգսյանն արդյոք արքայազն Չարլզի հիմնադրամի հոգաբարձուների՞ց է, թե՞ ոչ, տեղյակ չենք, սակայն նրա՝ տիկնոջ հետ Բուքինգհեմյան պալատ այցելելու առիթը եղել է այդ հիմնադրամի ներկայացուցիչների ու հոգաբարձուների պատվին տրված ճաշկերույթը: ՀՀ նախագահի հանգամանքն այդտեղ դեր չի կատարել:

Ամփոփելով՝ պրն Սարգսյանի այցը Լոնդոն պաշտոնական, առավել եւս՝ դիվանագիտական, քաղաքական բովանդակություն գրեթե չի կրել: Զուտ արարողակարգային կամ, ինչպես նախագահականն է ասում՝ «քաղաքավարական հանդիպումներ» են եղել: Բայց լոնդոնյան հատվածն ամենից անբովանդակայինն ու արարողակարգայինը չէ պրն Սարգսյանի շրջագայության մեջ: Դափնին իրավամբ պատկանում է շրջագայության փարիզյան հատվածին, որը կներկայացնենք հաջորդիվ:

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեկնաբանություն
X