Արմեն Սողոյանը, հնարավոր է, ազատվի կալանքից․ ՍԴ-ն նրա գործի վերաբերյալ որոշում է ընդունել

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանն արդեն մոտ 2 տարի է կալանավորված է։ Նա նախկին իշխանությունների հակակոռուպցիոն պայքարի զոհերից է՝ այն մարդկանցից, որոնց քրեական հետապնդման էին ենթարկում ցույց տալու համար, որ մեր երկրում էլ են կոռուպցիոն բացահայտումներ լինում։ Նրա ղեկավարած կառույցը, ըստ ԱԱԾ քննիչների, օրենքով նախատեսված հաշմանդամության խումբ որոշելու դիմաց քաղաքացիներից 20-40 հազար դրամի չափով կաշառքներ է վերցրել։ Գումարների մի մասը բժշկական հանձնաժողովների նախագահները պարբերաբար հանձնել են գործակալության պետ Սողոյանին։

Սողոյանին մեղադրանք էր առաջադրվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու համար՝ հոդված, որը 4- 10 տարվա ազատազրկում է սահմանում։ Այս գործով սոցապնախարարության ևս 13 աշխատակիցներ են անցնում՝ բժշկասոցիալական հանձնաժողովների նախագահներ, որոնք մեկ տարում տարբեր չափերի կաշառք են տվել Սողոյանին՝ ընդհանուր առմամբ 1 մլն 528 հազար դրամ։ Արմեն Սողոյանը հայտնի հոգեբույժ է, գիտնական, առողջապահության համակարգում բարձր պաշտոններ է զբաղեցրել, 2013-2014 թթ. «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի տնօրենի պաշտոնակատարն է եղել, իսկ 2014թ.-ից` «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնի փոխտնօրենը, նաև Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն ՀԿ-ի ղեկավարն է, և նրան կաշառակերության մեջ մեղադրելը նախ զարմանք առաջացրեց, ապա կասկածներ, որ Սողոյանը եթե անգամ կաշառք է վերցրել, ապա հաստատ «մուծված» կլինի՝ տուրք տալով համակարգում արմատավորված բարքերին։ Նրան ճանաչողները ասում են, որ նա այն մարդը չի, որ արած լինի այն, ինչ իրեն վերագրում են։

Դատավարությունն այս գործով սկսվել է անցյալ տարվա հոկտեմբերին, սակայն պարբերաբար հետաձգվել է։ «Դեռ չի եղել մինչև հիմա նորմալ դատ, մարդիկ են հիվանդանում, մարդիկ են արձակուրդ գնում», - ասում է Արմեն Սողոյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը։ Նա իր պաշտպանյալին կալանքից ազատելու երկար և համառ պայքար է տարել։ Անցյալ տարվա հոկտեմբերին նա Արմեն Սողոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը վերացնելու միջնորդություն էր ներկայացրել դատարանին։ «Երբ նախաքննության ավարտից հետո գործը գնում է առաջին ատյանի դատարան՝ քննության, - ասում է փաստաբանը, - Քր․ դատ օրենքը /հոդված 300/ նախատեսում է, որ մինչև գործով քննություն նշանակելը դատավորը միանձնյա պետք է որոշում կայացնի խափանման միջոցի վերաբերյալ։ Ես էլ դիմել էի դատարանին, որ խնդրում եմ, մեզ էլ ներգրավեք որոշումը կայացնելու այդ գործընթացին, որովհետև մենք փաստարկներ ունենք, ուզում ենք ներկայացնենք։ Առաջին ատյանի դատարանը պատասխանել էր, որ ամբաստանյալի, կամ նրա պաշտպանի մասնակցությունը օրենքով նախատեսված չի»։ օրենքով նախատեսված չի, որ ամբաստանյալը, կամ նրա պաշտպանը մասնակցեն»։ Հայկ Ալումյանը բողոքարկում է առաջին ատյանի դատարանի որոշումը վերաքննիչ, ապա վճռաբեկ ատյան, պնդելով, որ քրդատ․ 300-րդ հոդվածը հակասում է Սահմանադրությանը և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածին՝ «Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք»։ Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել փաստաբանի բողոքը, սակայն ապօրինաբար կասեցրել է դրա քննությունը, և դիմել է ՍԴ-ի օգնությանը։

«Սահմանադրությունը մեզ մոտ փոխվել է 2015 թվականին, բայց իրենք, հավանաբար, տեղյակ չեն այս մասին։ Ըստ Սահմանադրության, դատարանը դիմում է ՍԴ միայն այն դեպքում, եթե կասկած ունի, որ կիրառման ենթակա օրենքը կարող է հակասել Սահմանադրությանը։ Եթե դատարանը համոզված է, որ նորմը հակասում է Սահմանադրությանը, պետք է ուղիղ կիրառի Սարմանադրությունը։ Այս դեպքում վճռաբեկ դատարանը համաձայնվել է իմ բողոքի փաստարկներին, - ասում է Հայկ Ալումյանը, - երեք էջի վրա մանրամասն հիմնավորել է, որ այդ օրենքը հակասում է սահմանադրությանը, եւ դրանով հանդերձ դիմել է ՍԴ և մի երկու էջի վրա էլ մանրամասն հիմնավորում է հակասությունը ՄԻ եվրոպական կոնվենցիային։ Եթե դատարան է, ոչ թե համատիրություն կամ կադաստր, եթե դատարան է իր անունը, եթե ինքը համոզված է, որ այս անձը կալանավորված է հակասահմանադրական օրենքի հիման վրա, ապա նա իրավունք չուներ մեկ րոպե ավել անձին կալանքի տակ պահել»։

Իր դատողությունները Հայկ Ալումյանը ներկայացրել է ՍԴ՝ պահանջելով, որ անհապաղ դադարեցնեն վճռաբեկ դատարանի դիմումով վարույթը, սակայն ՍԴ-ն իրեն իրավունք է վերապահել ընդհանրապես չպատասխանել փաստաբանին։ Փոխարենը երկար բարակ քննություն է իրականացրել՝ վերջում պարզելով, որ պարզ էր ի սկզբանե՝ քրդատ․ 300-րդ հոդվածը հակասում է Սահմանադրությանը։ Սրանից հետո էլ Սողոյանին դեռ չեն ազատել։ «Արդեն մոտ 20 օր է, ինչ ՍԴ որոշումն ընդունված է, բայց նրան դեռ պահում են կալանքի տակ, - ասում է Հայկ Ալումյանը, - սա Վճռաբեկ դատարանի անձեռնհասությունն է»։ Հուլիսի 2-ին Վճռաբեկ դատարանը նոր որոշել է վերսկսել Ալումյանի բողոքի վերաբերյալ վարույթը։

Սյուզան Սիմոնյան

Մեկնաբանություն
X