Ռուսամետներն ու արեւմտամետները բանանի կեղեւ են դնում Նիկոլ Փաշինյանի ոտքերի տակ

Արտերկրում հավատարմագրված ՀՀ մի շարք դեսպանների՝ ոչ կոմպետենտության, նրանց փոխելու անհրաժեշտության մասին մեկ անգամ չէ, որ գրվել ու բարձրաձայնվել է։ Քանիցս է քաղաքագիտական շրջանակներում հնչել տեսակետ, որ Սերժ Սարգսյանը «լավության կարգով» արտասահմանում դեսպաններ է նշանակել մարդկանց, որոնք չունեն համապատասխան կրթություն, փորձ։ Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանում եւ արտերկրի հեղինակավոր բուհերում միջազգային հարաբերություններ եւ քաղաքագիտություն ուսանած շատ կադրեր մնացել են ստվերում։

Մեր զրուցակիցը ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանն է։

-Պարոն Նավասարդյան, Դուք բազմիցս խոսել եք տարբեր երկրներում նշանակված ՀՀ դեսպանների՝ ոչ կոմպետենտության մասին։ Ի՞նչ սկզբունքներով պետք է նշանակվեն դեսպանները, արդյոք միայն համապատասխան կրթությունը բավարար պայմա՞ն է։

-Կոմպետենտ` այսինքն իրազեկ կամ իրավասու է այն դեսպանը, որը պրոֆեսիոնալ է։ Նա ստանում է համապատասխան կրթություն, սակայն դա քիչ է։ Կարևոր պայման է աշխատանքը կենտրոնական ապարատում` արտգործնախարարությունում և նրա արտասահմանյան ներկայացուցչություններում, որոնք են` դեսպանություն, հյուպատոսություն և միջազգային կազմակերպություններում։

Դեսպանների և դեսպանորդների նշանակումը պետության ղեկավարի մենաշնորհն է, սակայն օպտիմալ տարբերակ է, երբ մինչև նախագահի հրամանագրի ստորագրումը, դեսպանության թեկնածուն անցնում է որոշակի «քննություն»։ Այսինքն` օրենսդիր մարմնի առաջ ապացուցում է, որ ինքն արժանի է նշանակվելու այդ կարևոր պետական պաշտոնին և կարդարացնի իր նախագահի վստահությունը դեսպանընկալ երկրում։

(Սա անտիկ ժամանակներից եկող պրակտիկա է։ Էլլադայում, սրանից երեք հազար տարի առաջ դեսպանը նշանակվում էր, ավելի ճիշտ ընտրվում էր բաց քվեարկությամբ պառլամենտի կողմից, որին մասնակցում էին Աթենքի բոլոր չափահաս քաղաքացիները)։

-Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ արտաքին քաղաքականության մեջ կտրուկ փոփոխություններ չեն լինելու։ ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Եվրամիության հետ Հայաստանի հարաբերություններն այսօր, ըստ Ձեզ, կառուցվա՞ծ են փոխշահավետության սկզբունքով։ Ռուսամետները դժգոհում են, թե Հայաստանն արեւմտամետ քաղաքականություն է իրականացնում, արևմտամետները բողոքում են իշխանությունների՝ ռուսամետ քաղաքականությունից։

-Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած արտաքին քաղաքականության հիմքում առաջին անգամ դրվում է «հայաստանակենտրոնության» կոնցեպտը, ինչը նշանակում է փոխշահավետ հարաբերությունների զարգացում Ռուսաստանի, Ամերիկայի Եվրոպայի, մեր հարևան երկրների, բոլոր պետությունների հետ։ Մոսկվայի քաղաքականության գնահատականը Հայաստանի նկատմամբ, բարեբախտաբար, որոշվում է ոչ թե սևհարյուրակայիններ և Ադրբեջանին ծառայող դուգինների, շևչենկոնների, սավեյլևների և նրանց նման այլ քաղաքական պոռնիկների կողմից, այլ պաշտոնական Կրեմլի կամոք, որը հիմնված է սթափ իրողության և փոխշահավետ հաշվարկների վրա։

Ինչ վերաբերվում է ռուսամետների և կամ արևմտամետների դժգոհություններին, իմ կարծիքով, նրանք հետապնդում են մեկ նպատակ, խանգարել ներկա կառավարությանը և բանանի կեղև դնել Նիկոլ Փաշինյանի ոտքի տակ։ Նման կեցվածքը ես գնահատում եմ ազգադավ և վտանգաշատ պետական քաղաքականության համար։

-Մոտ ապագայում տեսնո՞ւմ եք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկար, ի՞նչ քայլեր պետք է անի հայկական կողմն այդ ուղղությամբ։

-Հակամարտության կարգավորման մոտ հեռանկար չեմ տեսնում։ Քայլերը պետք է լինեն երկու ուղղությամբ` ա/ գերակտիվ դիվանագիտական գործունեություն, բ/ հանրապետության պաշտպանունակության, ռազմաարդյունաբերության և տնտեսության հետագա զարգացում, գ/ ազգային կոնսոլիդացիա և հայրենասիրության վերելք։

Մեկնաբանություն
X