Մտերմիկ զրույց Աշոտ Ահարոնյանի հետ

Շուրջ 3 օր Մայր Աթոռի դիվանատանը նստացույց իրականացնող «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամներին այսօր առավոտյան ոստիկանությունը ուժով դուրս է բերել դիվանատնից։ Նախաձեռնության անդամ Կարեն Պետրոսյանի խոսքով՝ ոստիկաններն իրենց որևէ պարզաբանում չեն ներկայացրել, միայն 10 րոպե ժամանակ են տվել դիվանատունը լքելու համար։ Նստացույց անողները չեն լքել տարածքը, ինչից հետո ոստիկաններն ուժով նրանց հանել են դիվանատնից։ Դեպքից քիչ ավելի ուշ ոստիկանությունը տարածեց հետևյալ հայտարարությունը՝ այն վերնագրելով՝ «Ոստիկանները վերականգնել են հաստատության բնականոն աշխատանքը»։

«Օրերս եˊւ հոգևորականներից, եˊւ քաղաքացիներից ոստիկանությունում բազմաթիվ բողոքներ են ստացվել, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատանը շուրջօրյա բողոքի ակցիա իրականացնող անձինք խաթարում են հաստատության բնականոն գործունեությունը։ Բացի այդ, ակցիայի մասնակիցների և մյուս կողմի միջև առկա էր հնարավոր բախումների վտանգ, որը նախկինում ոստիկանները կանխել էին, սակայն լարվածությունը այդպես էլ չէր մարում։ Հաշվի առնելով այս հանգամանքները՝ հուլիսի 10-ի առավոտյան ոստիկանները ակցիայի մասնակիցներին հեռացրել են դիվանատան վարչական շենքից՝ վերականգնելով հաստատության բնականոն աշխատանքը»։

Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանից փորձեցինք ճշտել, թե ի՞նչ իրավախախտումներ են արել նախաձեռնության անդամները, ի՞նչ լարվածության մասին է ասվում հայտարարության մեջ, և ինչո՞ւ ոստիկանությունը որոշեց միայն 4-րդ օրը նրանց հեռացնել դիվանատնից։ Ահարոնյանի հետ մեր «մտերմիկ» զրույցը ներկայացնում ենք ստորև․

- Դուք էստեղ նշում եք, որ բողոքներ եք ստացել ու էդ բողոքների հիման վրա․․․

Ահազանգեր, վերջին 3 օրերի ընթացքում լրատվամիջոցներին ներկայացվել է, հարցրել են՝ ահազանգեր ունե՞ք, ասել ենք՝ այո։

- Այդ տարածքը ոստիկանության կողմից չպահպանվող տարածք է և համարվել է հանրային վայր, իրենք պնդում են, որ խաղաղ նստացույց են իրականացրել, և ․․․

Պատճառները նշված են հայտարարության մեջ։

- Նշված է, որ ահազանգեր է եղել, դա հի՞մք է, որ նրանց ուժով հեռացնեն դիվանատնից։

Ահազանգից բացի այլ բան կա, խնդրում եմ ուշադիր կարդացեք։

- Ես կարդում եմ, որ այդտեղ դիվանատան բնականոն աշխատանքի խաթարման վերաբերյալ է գրված, բայց դա վիճահարույց հարց է։

Հետո՞, հետո՞, շարունակեք, շարունակեք։

- Ես կարող եմ ամբողջությամբ ընթերցել, տեքստը երկար չէ, ինձ համար էլ դժվար չէ։

Ըհը՜, եկեք ընթերցեք, ես Ձեզ ասեմ։

- Օրերս եˊւ հոգևորականներից, եˊւ քաղաքացիներից ոստիկանությունում բազմաթիվ բողոքներ են ստացվել, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատանը շուրջօրյա․․․

Այո, և այդ ահազանգերը ստանալուց, ես հընթացս մեկնաբանեմ, ահազանգեր ստացել էինք, միջամտելու խնդիր չկար, շարունակեք։

- Էջմիածնի դիվանատանը շուրջօրյա բողոքի ակցիա իրականացնող անձինք խաթարում են հաստատության բնականոն գործունեությունը։

Այո։

- Օրինակ՝ ինչո՞վ են խաթարել, 3 օր ոստիկանության աշխատակիցներն այնտեղ են եղել։

Ես որ նոր խոսում էի, Դուք ուշադիր չէիք, հա՞, երևի։

- Ուշադիր էի, հարցս հետևյալն է՝ իրենք 3 օր այնտեղ էին, 3 օր ոստիկանությունը չի միջամտել։

Անհրաժեշտություն չի եղել, Դուք որ կարդում եք, դա ընկալվում է, շարունակեք տեքստը։

- Բացի այդ, ակցիայի մասնակիցների և մյուս կողմի միջև առկա էր հնարավոր բախումների վտանգ, որը նախկինում ոստիկանները կանխել էին, սակայն լարվածությունը այդպես էլ չէր մարում։ Ի՞նչ լարվածության մասին է խոսքը։

Դա արդեն հասարակական կարգը ապահովող ոստիկանները իրենք են վերլուծում, դրա մանրամասները ես Ձեզ ի՞նչ բացատրեմ։

- Հաշվի առնելով այս հանգամանքները՝ հուլիսի 10-ի առավոտյան ոստիկանները ակցիայի մասնակիցներին հեռացրել ․․․

Այո, մնացածը, տեքստում է, տեսնո՞ւմ եք, որ ամեն ինչ կա գրված։

- Պարոն Ահարոնյան, Դուք չեք ասում, թե այդ 3 օրերի ընթացքում ինչպես է լինում, որ անհրաժեշտություն չի լինում, իսկ 4-րդ օրը ծագում է, 4-րդ օրը ի՞նչ իրավախախտում են արել։

Կրկնում եմ, նույնն է, ինչ գրված է ոստիկանության պաշտոնական հայտարարությունում։ Եղել են ահազանգեր, ոստիկանությունը միջամտելու անհրաժեշտություն չի տեսել, երբ եղել է այդ անհրաժեշտությունը՝ միջամտել է։

- Պարոն Ահարոնյան, ո՞րն էր այդ անհրաժեշտությունը։ Եթե մարդիկ կոնկրետ վայրում բողոքի ցույց են իրականացնում, դրա ողջ իմաստը բնականոն գործունեությունը խաթարելն է, դա մենք տեսանք համաժողովրդական շարժման օրերին, տվյալ դեպքում խոսքը նույնիսկ պահպանվող տարածքի մասին էլ չէ, դա հանրային տարածք է։

Կա համաչափության սկզբունք, կա հանդուրժողականության սկզբունք, տևականության սկզբունք։

- Իրենք նաև պնդում են, որ իրենց արգելվում է մուտք գործել մայր Աթոռի տարածք, դիվանատուն, վեհարան և այլն։

Նշված է հայտարարության մեջ։

- Հայտարարության մեջ դրա վերաբերյալ ոչինչ չկա։ Նշված չէ, որ իրենց չի թույլատրվելու մուտք գործել Մայր Աթոռի տարածք։

Մի հատ տրամաբանական հարց էլի՝ եթե պիտի 5 րոպե հետո թույլ տային, ինչի են հանում, խնդրում եմ էլի․․․

- Մի տրամաբանական հարց էլ ես տամ՝ հիմա այդ մարդկանց մինչև ե՞րբ է ոստիկանությունը արգելելու մուտք գործել Մայր Աթոռի տարածք։

Ձեր հարցերը խնդրում եմ ուղարկեք, մենք կպատասխանենք։

Կորյուն Սիմոնյան

Մեկնաբանություն
X