Մինչև «Վարդերի հեղափոխությունը» Վրաստանի ՊՆ-ում չկար նույնիսկ մեկ պատճենահանման ապարատ

Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի գրասենյակը երեկ կազմակերպել էր քննարկում՝ «Ժողովրդավարացման փորձառությունը հետհեղափոխական Վրաստանում» թեմայով։ Քննարկման բանախոս վրացի Աննա Դոլիձեն հետահայաց անդրադարձավ 2003թ․ Վրաստանում տեղի ունեցած «Վարդերի հեղափոխությանը», ներկայացրեց այն բարեփոխումները, որոնք Վրաստանն իրականացրեց հեղափոխությունից հետո։ Աննա Դոլիձեն իրավաբանական գիտությունների դոկտոր է, ղեկավարել է Վրաստանում ամենահեղինակավոր իրավաբանական կազմակերպություններից մեկի՝ Երիտասարդ իրավաբանների ասոցիացիան: Եղել է Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալը, նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի խորհրդարանական հարցերով քարտուղար, իսկ այժմ Վրաստանի արդարադատության գերագույն խորհրդի անդամ է: Դոլիձեն ասաց, որ ինքն առաջին անգամը չէ այցելում Հայաստան։

Նա տեղյակ էր, թե Հայաստանում ինչ փոփոխություններ են եղել վերջին ամիսների ընթացքում։ Ինչ վերաբերում է Վրաստանում տեղի ունեցած հեղափոխությանը, ապա Դոլիձեն ասաց, որ ինքն այդ մասին կպատմի հնարավորինս հավասարակաշռված։ «2003թ․ եղել եմ «Վարդերի հեղափոխության» ջատագովը, երեք տարի հետո՝ քննադատը։ Հետո հեռացա Վրաստանից, վերադարձա 2015թ․»,- պատմում է Դոլիձեն։ ԽՍՀՄ փլուզումից հետո նա Վրաստանի պատմությունը բաժանում է հետեւյալ շրջանների՝ առաջինն ազգային-պետական կառուցման փուլն էր՝ 90-ականներից մինչեւ 2003թ․։ Ըստ Դոլիձեի՝ Շեւարդնաձեի իշխանությունից դժգոհությունը հանգեցնում է «Վարդերի հեղափոխությանը»։ Ըստ Աննա Դոլիձեի՝ Սահակաշվիլին ստացավ ձախողված պետություն եւ սկսեց իրականացնել բարեփոխումներ։ 2003, 2004, 2005, 2006 թթ․ Վրաստանում տեղի են ունենում լուրջ փոփոխություններ։ «2003թ․ Վրաստանը շատ էր տարբերվում այսօրվա Հայաստանից, որն ավելի արդիական է։ 2002թ․ Վրաստանում պաշտպանության նախարարությունը չուներ նույնիսկ պատճենահանման ապարատ։ Իսկ բարեփոխումները, որ տեղի ունեցան ինը տարվա ընթացքում, արագընթաց էին։ Մինչեւ հեղափոխությունը Վրաստանում համալսարանները շատ կոռումպացված էին, գյուղից եկող իմ ընկերները մանդարին էին կաշառք տալիս քննությունների ժամանակ։

Կար լուրջ դիմադրություն բարեփոխումներին։ Սակայն քաղծառայության ոլորտում եղան բարեփոխումներ։ Հանրությունը միշտ չէ, որ կողմ էր այդ բարեփոխումներին։ Օրինակ՝ դժգոհ էին ամրագոտիների կիրառումից։ 2005-06թթ․ հայտարարվեց 0 հանդուրժողականության քաղաքականություն։ Այդ ժամանակ տեղի ունեցան բազմաթիվ բանտարկություններ։ 2011թ․ կար միայն մեկ անկախ հեռուստաընկերություն, մյուսները կառավարական էին։ Հետախուզական ծառայությունները վերահսկում էին մարդկանց։ 2012թ․ Սահակաշվիլին խաղաղ ձեւով հանձնեց իշխանությունը։ Քաղբանտարկյալների ցուցակը կազմել էր կառավարությունը Սահակաշվիլու իշխանության օրոք։ Նախագիծը կար, խորհրդարանը վերցրեց այդ ցանկը եւ սկսեց լրամշակել։ Կային նաեւ քաղաքական փախստականներ, որոնք հեռացել էին երկրից։ Նրանց գործերը պետք է փակվեին»,- հիշում է Դոլիձեն։

Հետո նա պատմեց, թե ինչպես Սահակաշվիլու կառավարությունը սկսեց հետապնդել օլիգարխներին, ինչի դիմաց աջակցություն ստացավ։ Իսկ երբ նրանք մտել են մի կոռումպացված մարզպետի տուն, նրան հանել ներքնաշորերով, դա չի գտել դրական արձագանք հանրության շրջանում, քանի որ համարվել է մարդու իրավունքների խախտում։ Մեկ ուրիշն էլ մահացել է բանտում։ Ըստ նրա՝ պետք է սկսեին բացել գործեր, եւ մարդիկ պետք է հիմնավորեին, թե ինչպես են ձեռք բերել այդ հարստությունը։ Նախկին արտգործնախարարին էլ, ըստ Դոլիձեի, հետապնդեցին ուժի կիրառման համար։ Քննարկման ժամանակ քաղաքագետ Էդգար Վարդանյանը հետաքրքրվեց, թե Շեւարդնաձեի օրոք աշխատած պաշտոնյաներից որեւէ մեկը ներողություն խնդրե՞լ է ժողովրդից իր սխալների համար։ «Ներողությունը վրացական մշակությում չի կիրառվում։ Սահակաշվիլին շատ կարեւոր գործ է արել՝ պայքարելով կոռուպցիայի դեմ։ Բայց նրա ամենալուրջ սխալն այն է, որ երբեք չընդունեց իր սխալները։ Մենք մատների վրա կարող ենք հաշվել այն մարդկանց, որոնք Վրաստանում ներողություն են խնդրել։ Ես պաշտպանության փոխնախարարն էի, տեսել եմ մեկ միլիոն դոլարանոց պայմանագրեր։

Մարդիկ կարող էին գնալ կոռուպցիոն ռիսկի՝ հանուն այն բանի, որ իրենց զավակը սովորի Հարվարդի համալսարանում»,- ասաց Աննա Դոլիձեն։ Հետո նա հիշում է, որ 2003-2004թթ․ կառավարության աշխատավարձերն ավելի բարձր էին, քան հասարակական կազմակերպությունների աշխատակիցներինը։ Նրանք առաջարկել էին մրցունակ աշխատավարձեր։ Դոլիձեն հիշեց նաեւ, որ աշխատավարձերը կառավարությունում հասցրեցին 50 ԱՄՆ դոլարից մինչեւ 500 ԱՄՆ դոլարի։

Թագուհի Հակոբյան

Մեկնաբանություն
X