Հրազդանի չլիցենզավորված մանկապատեզները պարտքեր ունեն

Հրազդանի նախադպրոցական կրթական հաստատությունները բացի այն, որ գտնվում են անմխիթար եւ անբարեկարգ վիճակում, ջեռուցվում փայտե վառարաններով, պարզվում է, որ երկար տարիներ նաեւ լիցենզիա չունեն: «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարվեց 2006թ-ին, որով սահմանվում է նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացման գործընթացը եւս լիցենզավորել:

Այս որոշումից հետո Հրազդանի մանկապարտեզները գործել են առանց լիցենզավորման, սակայն նախկինում ոչ ՊԵԿ-ը,ոչ կրթության եւ գիտության նախարարությունը չեն պահանջել լիցենզիա: Թե ինչպե՞ս է ստացվել, որ տարիներ շարունակ մանկապարտեզները գործել են առանց լիզենցիայի, մեր այս հարցին քաղաքապետարանից չպատասխանեցին: Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի ԺՊ Արա Սիմոնյանը մեզ հետ զրույցում ասաց,որ Կոտայքի մարզում կան գործող մանկապարտեզներ, որոնք չունեն լիցենզիա, դրանց թվում են նաեւ Հրազդանում գործող 12 մանկապարտեզ. «Այս պահին մենք այդ գործընթաց ենք ապահովում, Հրազդան քաղաքում բոլոր մանկապարտեզների լիցենզավորման գործընթացքը դեռ ավարտված չի: Քանի որ մանկապարտեզները համայնքի ենթակայության տակ են, մենք ուղղակի համակարգում ենք, որոշ իրավական ակտեր ներկայացնում»:

Լիցենզիա չունենալուց բացի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզները պարտքեր ունեն՝ մատակարարող ընկերություններից սնունդ ստացել եւ չեն վճարել: Թե ինչպե՞ս են այդ պարտքերը գոյացել եւ որքա՞ն են պարտք, հարց ուղղեցինք մի քանի մանկապարտեզների տնօրենների: «Կներեք, մեզ մոտ հիմա ստուգումներ են, չեմ կարող ձեր հարցին պատասխանել»,-ասաց թիվ 6 մանկապարտեզի տնօրեն Ջեմա Ոպանյանը: «Եվ չեմ ուզում, եւ չեմ կարող ձեր պատասխանել»,-ասաց Հրազդանի թիվ 4 մսուր մանկապարտեզի տնօրեն Հասմիկ Մակոյանը: Հրազդանի թիվ 8 մանկապարտեզի տնօրեն Ալվարդ Մարտիրոսյանն էլ մեր հարցը լսելուց հետո ասաց. «Չի լսվում, ի՞նչ պարտք»,- ու անջատեց հեռախոսը: Կրկին զանգահարեցինք, սակայն տնօրենը մեզ գցեց հեռախոսի «սեւ ցուցակը»: Ի դեպ, նշենք, որ 2 տարի առաջ, քաղաքապետի մամուլի խոսնակ Ալվինա Զաքարյանի ջանքերով Ալվարդ Մարտիրոսյան նշանակվեց Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար:

Մեր տեղեկություններով՝ վերջին 1 ամսում քաղաքապետարանում իրավիճակը սրվել է, եւ Ալվարդ Մարտիրոսյանին ասել են. «Գնա եւ պատքերդ փակի»: Քաղաքապետարանում գաղտնի են պահում, թե որքա՞ն պարտք ունեն քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզները, եւ որտեղից են պարտքերը գոյացել, այն դեպքում, երբ Հրազդանում վարձավճարները 4400 դրամ են, մանկապարտեզները ջեռուցվում են փայտե վառարաններով, բացի թիվ 16 մանկապարտեզից, իսկ ձմռան ամիսներին էլ մանկապարտեզները չեն գործում: Համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Միքայելյանը եւս չպատասխանեց մեր հարցին՝ ասելով. «Հարցրեք ֆինանսների բաժնի պետին»:

Նելլի Կարապետյան

Մեկնաբանություն
X