Մեկուկես ամսում 42 միլիոն դոլար է վերականգնվել բյուջե և այդ գումարը չի կարող կորչել․ վարչապետ (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում հայտարարեց, որ իրավապահ տարբեր մարմինների կողմից հարուցված քրեական գործերի շրջանակներում, միայն հարկային պարտավորությունների մասով, հուլիսի 1-ի դրությամբ հաշվարկվել վեականգնվել է 20 մլրդ 622 միլիոն դրամի վնաս կամ չվճարված հարկ, որը հիմա պետք է վճարվի։ Խոսքը, ըստ վարչապետի, 42 միլիոն դոլարի մասին է։

«Սա շատ կարևոր ցուցանիշ է, և կարծում եմ, որ մենք այս ուղղությամբ աշխատանքը պետք է շարունակենք։… Երկու ամիս, որից կես ամիսը ծախսվել է զուտ կազմակերպչական աշխատանքների վրա։ Այսինքն՝ սա իրականում մեկուկես ամսվա ցուցանիշ է»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն այնուհետև անդրադարձավ մամուլի տեղեկություններին, թե բյուջեում այս թիվը չի արտահայտվում, և այստեղ, ըստ նրա, տարօրինակ բան չկա։

Ուստի Փաշինյանը խնդրեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին ներկայացնել, թե ի՞նչն է պատճաը, որ մենք այս պահի դրությամբ պետական բյուջեում չունենք 20 մլրդ դրամը, և ընդամենը ունենք փաստացի մուտք արված 800 մլն դրամ։

Անանյանը պարզաբանեց, որ այդ 20 մլրդ 622 միլիոն դրամը օր-օրի փոփոխվում է, բնականաբար բարձրանալու միտում ունի։ «Այս պահի դրությամբ 73 տնտեսվարողների վարքագծի արդյունք է էս 20 մլրդ 622 միլիոն դրամը, և մենք կարող ենք դա բաժանել երեք մասի։ 800 միլիոնը, ինչպես Դուք ասացիք, փաստացի մուտքագրվել է բյուջե, մոտավորապես 12.7 միլիարդ առաջադրվել է գանձման պետական բյուջե, իսկ 7 միլիարդի կարգի թիվ նախնական հաշվարկներ են, որոնք փոփոխման ենթակա են, այսինքն՝ քննչական գործողությունների արդյունքում դրանք մեծանալու միտում ունեն»,-ասաց Անանյանը։

Վարչապետն էլ փորձեց հանգստացնել լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որ այս ավելի քան 20 միլիարդ դրամը որևէ տեղ չի կարող կորչել, դրանք փաստացի վերականգնված գումարներ են։

Մանրամասն՝ տեսանյութում։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X