Քոչարյա՞նը կներկայանա ՀՔԾ, թե՞ ՀՔԾ-ն՝ Քոչարյանի գրասենյակ

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին Hraparak.am-ը հարցրեց, թե ինչպե՞ս կարձագանքի Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի առաջարկին և արձագանքներին ՀՔԾ-ի՝ Քոչարյանին հարցաքննության հրավիրելու վերաբերյալ։ Սողոմանյանը, հիշեցնենք, հայտարարել էր, որ Քոչարյանը գտնվում է արտերկրում, Հայաստան կվերադառնա ամսի 25-ից ոչ շուտ, և առաջարկել էր, որ ՀՔԾ-ի հետ քննարկեն Քոչարյանին հարցաքննելու վայրը։ Այսինքն՝ հնարավոր է և ոչ ՀՔԾ-ում։

«Ուրեմն նախ նշեմ, որ վկան հարցաքննության չներկայանալու հարգելի պատճառների մասին պարտավոր է նախապես տեղյակ պահել վարույթն իրականացնող մարմնին, հակառակ դեպքում` կարող է բերման ենթարկվել հարկադիր կարգով։ Տվյալ դեպքում պարոն Քոչարյանը մեզ չներկայանալու հարգելի պատճառների մասին չի հայտնել, ընդամենը նրա գրասենյակից մեզ փոխանցել են, որ Քոչարյանը գտնվում է արտերկրում, և ամսի 25-ից շուտ չի կարող ներկայանալ։

Սակայն հաշվի առնելով նաև նախկին նախագահի անձը՝ այս պահին մենք բերման ենթարկելու մասին որոշում չենք կայացրել, ընդամենը կրկին այսօր ծանուցագիր է ուղարկվել և առաջարկվել է կրկին որպես վկա ներկայանալ հարցաքննության ՀՔԾ վարույթում գտնվող քրեական գործով հուլիսի 26-ին։ Այդ ծանուցագիրն ուղարկվել է պարոն Քոչարյանին, և նա չներկայանալու հարգելի պատճառների մասին պարտավոր է տեղյակ պահել, հակառակ դեպքում կարող են կիրառվել դատավարական հարկադրանքի միջոցներ»,-ասաց Խաչատրյանը։

-Ի՞նչ է նշանակում՝ նախկին նախագահի անձը, հարգանքից ելնելո՞վ, թե՞ նաև նա որոշակի անձեռնմխելիություն ունի՝ որպես նախկին նախագահ։

Ոչ, անձեռնմխելիության խնդիր չկա, պարզապես հաշվի առնելով այն, որ նա իրոք կարող է հարգելի պատճառներ ունենալ չներկայանալու, կարող է գտնվել նաև բուժման մեջ կամ կարող է ինչ-որ կարևոր հանդիպում ունենալ, որի մասին պարզապես տեղյակ չի եղել, որ պետք է մեզ տեղյակ պահի, որ այդ չներկայանալը հարգելի է։ Մենք այդ ամենը կպարզաբանենք նաև Քոչարյանի գրասենյակին, և հուսով եմ, որ նշանալված ժամկետին պարոն Քոչարյանը կներկայանա։

-Պարոն Խաչատրյան, Վիկտոր Սողոմոնյանն առաջարկում էր, որ ոչ թե Քոչարյանը ներկայանա ՀՔծ՝ հարցաքննության, այլ քննարկեք տեղը և ժամը, որ գուցե դուք ներկայանաք նրա գրասենյակ։ Հնարավո՞ր է նման բան։

Ձեզ ասեմ, որպես կանոն՝ վկայի հարցաքննությունն իրականացվում է վարույթն իրականացնող մարմնի գտնվելու վայրում։ Բացառիկ դեպքերում կարող է իրականացվել նաև վկայի գտնվելու վայրում, բայց այդ դեպքերը ողջամտորեն կարելի է սահմանազատել այսպես, որ եթե օբյեկտիվորեն անհնար է վկային բերել վարույթն իրականցնող մարմնին, ասենք՝ նա ծանր հիվանդ է կամ գտնվում է այնպիսի տեղանքում, որտեղից հնարավոր չէ նրան բերել, դա այլ խնդիր է։ Բայց, տվյալ դեպքում, պարոն Քոչարյանի հետ կապված՝ չեմ կարծում, որ այդպիսի անհաղթահարելի ուժ կա, որը խոչընդատում է նրա՝ վարույթն իրականացնող մարմնին ներկայանալուն։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X