Վիզուալ իմ համար նորմալ է եղել քաղաքապետի աշխատանքը

Երեկ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է ներկայացրել, իսկ մինչ այդ հրաժեշտի հանդիպում է կազմակերպել քաղաքապետարանի աշխատակազմի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ավագանու անդամ, կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանը, ում այս առիթով մի քանի հարց ուղղեցինք․

- Պարոն Երզնկյան, Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց քաղաքապետի պաշտոնից՝ մինչ այդ հանդիպում կազմակերպելով աշխատակիցների եւ ավագանու անդամների հետ։ Ինչպե՞ս եք գնահատում այդ քայլը, ասում են՝ որոշ կանայք արտասվելով են դուրս եկել։

Ես այնտեղ էի, բայց ինքը կոնկրետ հրաժարականի մասին չասեց։ Միայն ասեց, որ ուզում եմ հրաժարական տամ, ժողովուրդն էլ ասեց՝ դե, եթե էդպես եք մտածում ու էդպես եք ճիշտ գտնում, ուրեմն տվեք։

- Այսինքն՝ ուզում էր ձեր ցանկություններն ու կարծիքները լսել, նո՞ր կողմնորոշվել իր որոշման մեջ։

Չէ, ուղղակի որոշ մարդիկ ինչ-որ հարցեր տվեցին, կարծիքներ ասեցին, բայց քանի որ ինքն է քաղաքապետը, ինքը պետք է որոշում կայացնի, եւ բոլորը երեւի մտածեցին՝ եթե ինքը հրաժարական տա, ուրեմն տենց ա ճիշտ։

- Իսկ Դուք ի՞նչ եք կարծում՝ ճի՞շտ էր։

Ուրեմն ճիշտ էր։ Եթե ինքը գտել է, որ պետք է հրաժարական տա, ուրեմն պետք է տա։ Ես գտնում եմ, որ ամեն մարդ ամենաճիշտ քայլն ինքն է անում՝ ամեն ինչը կշռադատելով եւ հաշվի առնելով բոլոր հանգամանքները։

- Իսկ ինչպե՞ս եք գնահատում քաղաքապետի գործունեությունն այս տարիների ընթացքում։ Ի՞նչ եք կարծում՝ նրա հրաժարականը վերջին ամիսների բողոքի ակցիաների ճնշման արդյո՞ւնք էր, թե՞ պահը հասունացել էր։

Գիտեք ինչ, ես ավագանու մեջ նոր մարդ եմ՝ ընդամենը մի քանի ամսվա, շատ լավ չեմ պատկերացնում աշխատանքը եւ կարծում եմ, որ ավագանու մեջ բոլոր դեպքերում պրոֆեսիոնալ մարդիկ պետք է լինեն։ Ես, ճիշտ է՝ սոցիալական հարցերի եւ կուլտուրայի հանձնաժողովում էի, եւ ինչ կապված է դրան՝ հասկանում եմ, բայց շատ հարցեր կան, որ չեմ հասկանում, բայց վիզուալ իմ համար նորմալ է եղել իր աշխատանքը։ Իր պահելաձեւը զուսպ է եղել, դրա համար ես ոչ մի վատ բան չեմ կարող ասել։ Եթե մարդիկ պահանջում են, որ ես գնամ, ուրեմն ճիշտ է, որովհետեւ ես, միեւնույն է, ինչով կարողանամ, օգնելու եմ եւ այլն, եւ այլն՝ այսպիսի խոսակցություն գնաց։ Երեւի հանդիպման վերջում արդեն տվել է հրաժարականը։ Ինչ վերաբերում է ինձ, ես քաղաքականության մարդ չեմ, երաժիշտ մարդ եմ, ինձ խնդրել են, որ ես դառնամ ավագանի, եւ դարձել եմ, բայց էդ ընթացքում հասկացել եմ, որ դա իմ գործը չէ։

- Այսինքն՝ արդեն փոշմանե՞լ եք։

Բոլոր դեպքերում ես դժվար թե շարունակեմ այդ աշխատանքը։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X