Նախարարը խնդիր է դրել խախտումներ հայտնաբերել հիվանդանոցում

Առողջապահության նախարարությունը ստուգումներ, ուսումնասիրություններ է սկսել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։ Այն, հիշեցնենք, միակ պետական հիվանդանոցն է, որը չի մասնավորեցվել։ Հիվանդանոցի տնօրեն Արա Մինասյանը խուսափել է մասնավորեցումից՝ ավելորդ խոսակցություններից խուսափելու համար։ Հիշեցնենք, որ նա Սերժ Սարգսյանի խնամին է՝ Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի հայրը։ Բայց չմասնավորեցնելը նրան, այնուամենայնիվ, զերծ չպահեց խնդիրներից․ նոր նախարարը՝ Արսեն Թորոսյանը, իր նշանակվելու հենց առաջին օրերին հրահանգել է ստուգումներ սկսել հիվանդանոցում։

Ստուգում են հատկապես պետպատվերի կիրառումը՝ ինչքան փող են ստացել պետբյուջեից, ում վրա են ծախսել, որքանով են պետպատվերով բուժված անձինք պատկանում անապահովների խմբին, եւ որքանով է այդ ամենը կատարվել օրենքի շրջանակներում։ Բնականաբար, շատ տեղեկատվություն տնօրինելու կարիք չկա, հասկանալու համար, որ այս հարցում բազում խնդիրներ կլինեն՝ տարբեր պաշտոնյաներ եւ անապահովների խմբերին չպատկանող անձինք են բուժվել այս եւ բոլոր մյուս հվանդանոցներում։ Այսինքն՝ ցանկության դեպքում խախտումներ հաստատ կգտնվեն։ Մյուս կողմից, սակայն, սա այն հիվանդանոցն է, որտեղ ընդունում են ցանկացած հիվանդի, այդ թվում՝ «անտեր» մնացած եւ մյուս հիվանդանոցներից մերժված։ Թերեւս հիվանդանոցում չեն պատկերացրել, որ կգան նաեւ այսպիսի ժամանակներ, եւ որեւէ մեկը կհանդգնի ստուգել ու խորանալ այս մանրուքների մեջ։

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Լիանա Եղիազարյանը մեր հարցին, թե ինչ նպատակով են ստուգումներ կատարվում այս բուժհաստատությունում, ասաց․ «Որովհետեւ առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող հիմնարկ է, եւ վաղուց ստուգումներ չէին արվել։ Դրանք մեծածավալ ստուգումներ են, եւ առաջին շեշտադրումը պետպատվերի ծախսերի արդյունավետությանն է առնչվում»։ Նա ասաց, որ ստուգումները մոտ երկու ամիս կտեւեն։ Այս պահին կան հայտնաբերված որոշակի խախտումներ, բայց դրանք դեռ չեն հայտարարում։ «Ինչ տվյալներ որ լինեն, դրանց մասով դատախազությանը դիմում կուղարկվի, բայց որոշակի խախտումներ կան արդեն։ Չեմ կարող մանրամասներ հաղորդել, մինչեւ չամփոփվեն, երբ որ ամփոփվեն, ամբողջական տեղեկատվությունը կհաղորդվի»։

Մեր տեղեկություններով, հիվանդանոցի տնօրենը՝ Արա Մինասյանը, չնայած մեզ հետ զրույցում հավատացնում էր, թե ոչ մի արտառոց բան չկա, սակայն բավականին ծանր է տանում այս ստուգումները, եւ հիվանդանոցում էլ կարծում են, որ ստուգումներն ուղղորդվում են իշխանավորների կողմից ու պայմանավորված են Արա Մինասյանի՝ Սերժ Սարգսյանի հետ ունեցած նամիական կապով։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X