Գազի Կոլյան ինքնասպանության պահին տանը մենակ չի եղել

Երեկ առավոտյան Մոսկովյան 48 շենքի 24 բնակարանում հայտնաբերվել է «Տրանսգազ» ՍՊԸ տնօրեն, հանրությանը հայտնի «Գազի Կոլյա» մականունով Նիկոլայ Գաբրիելյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։ Ձեռքում եղել է իր անվանական ատրճանակը, որը նա ստացել էր որպես պարգեւատրում։ Մեր տեղեկություններով, զենքի օրինականությունը հաստատող փաստաթուղթն իրավապահները չեն գտել, ուստի գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու եւ ապօրինի զենք-զինամթերք կրելու փաստերով։ «Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերեւույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ եւ 235-րդ հոդվածների 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, մշակվել քննչական պլան, առաջ են քաշվել աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ իրականացվում են մեծածավալ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ»,- հայտնում է Քննչական կոմիտեն։ Նիկոլայ Գաբրիելյանի հարազատները հուզական ծանր վիճակում են։ Նրանք ի վիճակի չեն առայժմ ցուցմունքներ տալու։ Մեր տեղեկություններով, հանգուցյալն ինքնասպանության պահին տանը մենակ չի եղել։ Բայց ի՞նչը կարող էր պատճառ դառնալ կյանքին վերջ տալու համար։

69-ամյա գործարարը, որը 5 երեխա ուներ, Հայաստանի ամենահարուստ մարդկանցից էր։ Նիկոլայ Գաբրիելյանը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ընկերներից էր, նրա վստահելի մարդկանցից մեկը։ Նախնական վարկածով, կատարվածն ինքնասպանություն է։ Առաջին վարկածը, որը երեկ շրջանառվեց, թոռների քրեական վարքագիծն է։ Նիկոլայ Գաբրիելյանի դուստրերից մեկն ամուսնացած է հանցագործ աշխարհում հայտնի Ճվճվ Արոյի՝ Արա Վարդանյանի հետ, որն անցյալ տարի հանկարծամահ եղավ իր բնակարանում։ Նա, ըստ մահվան բժշկական վկայականի, մահացել էր գլխուղեղի իշեմիկ ինսուլտից: Ըստ լուրերի, մահը վրա էր հասել թմրամիջոցների գերդոզավորման հետեւանքով։ Հոր կենդանության օրոք էլ Ճվճվ Արոյի որդիները՝ Սերժն ու Սարգիսը, իրենց վարքով մշտապես հոգս էին պատճառում հարազատներին։ Նրանք բազմաթիվ ավտովթարների, խուլիգանության, կողոպուտի դրվագների մասնակիցներ են, եւ ինչ-որ ժամանակ հարազատներին հաջողվում էր նրանց փրկել պատասխանատվությունից։

Բայց հունվարին Գաբրիելյանի երկու թոռներն էլ կալանավորվեցին։ Մեկը՝ Սերժ Վարդանյանը, որը մինչ այդ դատվածություն ունեն, մեղադրվեց կողոպուտի եւ խուլիգանության մեջ։ Նա Քոչարի փողոցում անցորդներից մեկի պարանոցից ոսկյա շղթա էր գողացել, իսկ Սարգիսը բանտում էր հայտնվել այն բանից հետո, երբ ս․թ․ հունվարի 8-ին, խախտելով ճանապարհային երթեւեկության կանոնները, բախվել էր ճանապարհային ոստիկանների մեքենային, երկու ոստիկանների մահվան պատճառ դարձել եւ փախել դեպքի վայրից։ Այդ վթարից մի քանի օր անց թերթերը գրեցին, որ «Տրանսգազ» ընկերության տնօրեն Նիկոլայ Գաբրիելյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, եւ որ դա կապված է թոռան՝ Սարգիս Վարդանյանի արարքի հետ։ Այսօր եւս շատերը նույն եզրահանգմանը եկան, որ Գազի Կոլյայի ինքնասպանության պատճառը թոռների արարքներն են։ Նիկոլայ Գաբրիելյանը հաճախ էր ջանքեր գործադրում թոռներին իրավապահների «ճիրաններից» փրկելու համար։ Սակայն նրան ճանաչողները պնդում են, որ Վազգենիչը չէր կարող ինքնասպան լինել թոռների պատճառով, հակառակը՝ նա հաշտվել էր թոռների նստելու մտքի հետ։

«Աղջիկը, տնեցիք էնքան էին ճնշում գործադրել, որ մի բան անի, հանի երեխեքին բերդից, ինքն էլ էդ հողի վրա ազդվում էր, բայց նա թոռների վրա վաղուց խաչ էր քաշել։ Ինքը չոր ու կոպիտ մարդ էր, չոր կպատասխաներ, կպրծներ-կեթար»,- ասաց մեր աղբյուրը։ «Նա մեծ անձնական դրամա էր տանում թոռների պատճառով, գետնին նայելով էր քայլում,- պնդում է «Գազպրոմի» նրա գործընկերներից մեկը,- ամեն տարի նրան մի փորձանք էին բերում։ Մենք բոլորս ասում էինք՝ մի օր իրենց գլուխն ուտելու են՝ հանգստանան, բայց արի ու տես, թե ում գլուխը կերան»։ Մյուսները պնդում են, որ Ճվճվ Արոյի որդիները կալանավայրում «ղումար» են խաղացել, մեծ գումար պարտվել՝ տեղեկություն, որը հերքում են կալանավայրի մեր աղբյուրները։

«Տրանսգազ» ընկերությունը, որը Գաբրիելյանը ղեկավարում էր 20 տարի, պատկանում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին։ Հնարավո՞ր է, որ այս ընկերությունում ստուգումներ են եղել, ինչ-ինչ խախտումներ են բացահայտվել։ Մեր հարցին ՊԵԿ-ից պատասխանեցին․ ««Տրանսգազ» ընկերությունում ոչ մի գործողություն չենք իրականացնում»։ Սակայն, մեր տեղեկություններով, ՊԵԿ-ը, այնուամենայնիվ, ինչ-որ գործողություններ կատարել է։ Իսկ «հերքում» են կոռուպցիոն բացահայտումների վարկածը, որ չստացվի, թե նոր իշխանությունը քրեական հալածանքներով մարդկանց ինքնասպանության է հասցնում։

Հայտնի է, որ Գաբրիելյանը գազալցակայաններ ուներ, շինարարական բիզնես։ Նաեւ «Գլաձոր ունիվերսալ վարկային կազմակերպություն»-ում ամենամեծ փայատերն էր՝ նրան էր պատկանում բաժնետոմսերի 49 տոկոսը։ «Գլաձորը» համարվում է «գազի աշխատողների» բիզնեսը։ Այստեղ փայատեր են նաեւ նախկին ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը, «Տրանսգազի» փոխտնօրեն Ալբերտ Խաչատրյանը։ Կարծիք կա, թե այստեղ «փողեր են լվացվել», սակայն Նիկոլայ Գաբրիելյանին ճանաչողները վստահեցնում են, որ սա Գաբրիելյանի մաքուր բիզնեսն էր, եւ նա շատ զգուշավոր էր ֆինանսական գործարքներում։ «Վարկայինով տոկոսով փողեր էր աշխատում, բայց նա զգույշ մարդ էր»,- ասում են նախկին գործընկերները։ Նիկոլայ Գաբրիելյանը ծնունդով Շամխորից էր, Սալեր գյուղից, էներգետիկայի նախկին նախարար, Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի համագյուղացին էր։ Նա 5 դուստր ունի եւ անվանի խնամիներ։ Դուստրերից մեկն ամուսնացած է նախկին պետնախարար, Ջրպետկոմի մախկին պետ, էներգետիկայի նախարար Գագիկ Մարտիրոսյանի որդու հետ։ Մյուսը ԴԱՀԿ առաջին պետ Անատոլի Ավագյանի հարսն է։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Մեկնաբանություն
X