Ինչպիսի՞ գործընկեր է ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ երկրների համար

2013թ․ սեպտեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության իշխանությունների կայացրած որոշումը՝ անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը, շոկի մեջ էր գցել մեր հասարակության մի ստվար հատվածին, որոնք իրենց կյանքը չէին պատկերացնում ԵԱՏՄ-ում, եւ որոնք մտավախություն ունեին, որ այդպիսով վտանգվում է մեր երկրի ինքնիշխանությունը։ Հիշո՞ւմ եք, թե ինչպես էին թեկուզ փոքր խմբերով ցույցեր կազմակերպում մեր արեւմտամետները՝ ընդդեմ ԵԱՏՄ-ի։ Կամ՝ ինչպես էին նրանք մռայլ ապագա գուշակում Հայաստանի համար ԵԱՏՄ կազմում։

Անցան տարիներ, 2017թ․ նոյեմբերին Հայաստանը ստորագրեց Եվրամիության հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, եւ կարծես թե մեր կոմպլեմենտար քաղաքականությունը տեղն ընկավ։ Ժամանակին արեւմտամետները պնդում էին, որ ԵԱՏՄ-ն հետամնաց կառույց է, անհեռանկար, մեր լավագույն տեղն էլ Եվրոպայում է, որը կարող է տնտեսական եւ քաղաքական համագործակցության հեռանկարներ բացել մեզ համար։ Թե որքանով է գրավիչ եւ հետաքրքիր Հայաստանն իր եվրոպացի եւ եվրասիական գործընկերների համար, երեւի առանձին վերլուծության թեմա է։

Սակայն դժվար է անուշադրության մատնելը ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության միգրացիոն ծառայության կայքում տեղադրված աշխատանքի նպատակով ԵԱՏՄ անդամ պետություն մուտք գործած քաղաքացիների մասին 2015-17թթ․ վիճակագրությունը։ Ներկայացնենք վերջին երկու տարիների վիճակագրությունը։ ԵԱՏՄ անդամ Բելառուսի Հանրապետություն 2017թ․ Հայաստանից՝ 400, Ղազախստանից՝ 313, Ղրղզստանից՝ 57, Ռուսաստանի Դաշնությունից՝ 2543 քաղաքացիներ։

Ղազախսատանի դեպքում ներկայացված են միայն 2017թ․ առաջին կիսամյակի տվյալները։ Ըստ այդմ ՝ ՀՀ-ից այդ երկիր անցյալ տարի մուտք են գործել 1843, Բելառուսից՝ 494, Ղրղզստանից՝ 3416, Ռուսաստանի Դաշնությունից՝ 11458 քաղաքացիներ։ ԵԱՏՄ անդամ երկրներից Ղրղզական Հանրապետություն մուտք գործած քաղաքացիների թիվը ներկայացված չէ։ ՌԴ մուտք են գործել Հայաստանից՝ 232247, Բելառուսից՝ 124633, Ղազախստանից՝ 88202, Ղրղզստանից՝ 376863 քաղաքացիներ։ Իսկ Հայաստանի դեպքում պատկերը բավականին տխուր է։

Անցյալ տարի աշխատանքի նպատակով Հայաստան է մուտք գործել Բելառուսի Հանրապետությունից՝ 7, Ղազախստանից՝ 17, Ղրղզստանից՝ 3, Ռուսաստանի Դաշնությունից՝ 99 քաղաքացիներ։ 2016թ․ Բելառուսի Հանրապետություն աշխատանքի նպատակով մուտք են գործել 372, Ղազախստանից՝ 385, Ղրղզստանից՝ 50, ՌԴ-ից՝ 2140 քաղաքացիներ։ Ղազախստանի Հանրապետություն են մուտք գործել ՀՀ-ից՝ 2297, Բելառուսից՝ 817, Ղրղզական Հանրապետությունից՝ 2962, ՌԴ-ից՝ 19371։ Ղրղզական Հանրապետություն մուտք գործողների թիվը, ինչպես նախորդ դեպքում, ներկայացված չէ վիճակագրության մեջ։ Նույն թվականին ՌԴ են մուտք գործել ՀՀ-ից՝ 97743, Ղազախստանից՝ 71600, Ղրղզստանից՝ 361875։ Իսկ ահա Հայաստան մուտք է գործել Բելառուսից՝ 7, Ղազախստանից՝ 21, Ղրղզստանից՝3, ՌԴ-ից՝ 118։

Թագուհի Հակոբյան

Մեկնաբանություն
X