Վարչապետի այցից հետո Գորիսի քաղաքապետը հայտնվել է հիվանդանոցում

Շաբաթ օրը՝ «Գորիսը` 2018-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի հանդիսավոր բացմանը, որին ներկա էին ՀՀ մշակույթի նախարարը եւ արտերկրից բազմաթիվ հյուրեր, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը չի մասնակցել: Մոտ մեկ տարի քաղաքապետը ջանք ու եռանդ չէր խնայում, որպեսզի քաղաքն հավուր պատշաճի ներկայացնեին հանրությանը, իսկ ահա պատասխանատու պահին բացակայում էր: Գորիսում տարատեսակ խոսակցություններ են պտտվում: Մեր աղբյուրի պատմելով` վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցից հետո քաղաքապետի առողջական վիճակը կտրուկ վատացել է․ «Վարչապետի այցից հետո նա նորմալ գործի էլ չի գնացել, ասում են՝ շատ է ազդվել դիտողություններից, հեչ չէր պատկերացնում, որ վարչապետն իր հետ այդքան խիստ է խոսելու: Մեկ էլ տեսար դիմում գրեց, ասում են՝ մեսիջ է եկել, որ պիտի թողնի պոստը» ,-պատմեց գորիսեցի մեր զրուցակիցը:

Փորձեցինք կապ հաստատել քաղաքապետ Առուշ Առուշանյանի հետ, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին : Hraparak. am-ին հաջողվեց զրուցել փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի հետ: Հատկապես հետաքրքրվեցինք, թե ինչու քաղաքապետը չի մասնակցել «Գորիսը` 2018-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի հանդիսավոր բացմանը: «Ինքը, ճիշտ է, միջոցառման բացման երեկոյին ներկա չի եղել, ինքը վատացել ա, իրան տեղափոխել են Երևան: Ուրեմն ասեմ՝ ինչ ա կատարվել: Մոտավորապես երկու ամիս է՝ մենք ոչ քնում ենք, ոչ պերերիվ ենք անում, բեզպերերիվ գիշեր-ցերեկ աշխատում ենք, ամբողջ օրը կոֆե ենք խմում, ինքն էլ ստամոքսի հետ կապված խնդիրներ ա ունեցել, էդ օրը վատացել ա, տեղափոխել են »,-ասաց փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը:

Փոխքաղաքապետից փորձեցինք ավելին իմանալ՝ արդյոք վարչապետի հետ հանդիպումը «նպաստե՞լ» է քաղաքապետի ինքնազգացողության վատացմանը: «Ես ձեզ հիմա իրականությունն ասեմ, վարչապետի այցն էնքան լավ ա անցել, վարչապետը մեր մարզի բոլոր քաղաքներում եղել ա, ամենալավը Գորիսում ա ընդունվել, համայնքի ղեկավարի անունը տրվել ա՝ ժողովուրդը պաշտպանել ա նրան : Էնտեղ մի խոսակցություն ա գնացել Ղարա Գյոլի հետ կապված, մտքերի փոխանակում ա եղել, ավել ոչինչ չի եղել, ինչ-որ խնդիր չի եղել»,-պատասխանեց նա:

Ավելացնենք, որ Գորիսում խոսակցություններ են պտտվում նաև, որ քաղաքապետը միջոցառմանը ներկա չի գտնվել, քանի որ երեսատեղ չուներ: Նա վարչապետի այցի օրը 1in․ am-ի հետ հարցազրույցում նշել էր, որ Գորիսի հրապարակը կառուցել է Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, որի անմիջական միջնորդությամբ էլ նշանակվեց քաղաքապետ: Նրա այս հարցազրույցը մեծ աղմուկի պատճառ է դարձել : Նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի /Լիսկա/ համախոհները լուրջ փաստարկներ են ներկայացրել` համացանցում տեղադրելով 2012թ-ին Հայկական երկրորդ հեռուստաընկերությամբ եթեր գնացած տեսանյութը այն մասին, որ հրապարակը կառուցվել է 2012 թ-ին Սուրիկ Խաչատրյանի օրոք եւ քաղաքապետը բացահայտ ստել է: Առուշանյանների ընտանիքին մոտ կանգնած մեր աղբյուրի խոսքերով՝ անգամ հայրը՝ հայտնի գործարար Գագա Առուշանյանն է որդուն նկատողություն արել, թե ինչու է այդպիսի սուտ հորինել: Նա պնդեց նաև, որ «Գորիսը` 2018-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի բացման օրը՝ ուշ երեկոյան, Գորիսի քաղաքապետին նկատել են Առուշանյանների առանձնատան մոտակայքում՝ շան հետ զբոսնելիս:

Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X