Խաղում են հավատացյալների կրոնական զգացումների հետ. Տեր Ասողիկ Քահանա

Նախօրեին «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամները մուտք էին գործել Մայր Աթոռի դիվանատուն՝ դիվանապետ Արշակ սրբազանից պահանջելով իրենց ցույց տալ Սուրբ Գեղարդը։ Հետագայում լուրեր տարածվեցին, որ գեղարդի մի մասը կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից նվիրվել է Սանկտ Պետերբուրգի քաղաքապետին։ Իմիջիայլոց, որպես այս տեղեկության սկզբնաղբյուր նշվում էր հենց Արշակ սրբազանի անունը, որը մեզ հետ զրույցում հերքեց այդ լուրերը՝ ասելով, որ ինքը որևէ մեկին նման բան չի ասել։ Հետագայում արդեն Մայր Աթոռի թանգարանների ու արխիվների տնօրեն Տեր Ասողիկ քահանան լրատվամիջոցների ներկայությամբ ցուցադրեց Գեղարդը՝ որպես բնօրինակը լինելու ապացույց ներկայացնելով Դավիթ 5-րդ և Դանիել 1-ին կաթողիկոսների կնիքները՝ դրված Սուրբ Գեղարդի վրա։ Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկի այն հարցին, թե կաթողիկոսի հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնությունը ինչո՞ւ հենց այժմ պահանջեց ցուց տալ գեղարդը, Տեր Ասողիկը պատասխանեց.

«Հավանաբար իրենք մտածեցին, որ եթե գեղարդի շուրջ իրենք կասկածներ սերմանեն, իրենց անհիմն պահանջը ևս առավել կարդարանա, սակայն այդ կասկածները սերմանողները բնականաբար պատմական հիմքերին անտեղյակ են, և իրենց իրավունք վերապահեցին անպատասխանատու հայտարարություններ կատարել՝ զուտ մարդկանց մոտ բարկություն, վրդովմունք և ընդդեմ եկեղեցու կեցվածք առաջ բերելու համար՝ խաղալով հավատացյալների կրոնական զգացումների հետ»։

Հիշեցնենք, որ, ըստ ավանդության՝ Հիսուս Քրիստոսին խաչելուց հետո հռոմեացի զինվորներից մեկը՝ Լոնգինը տեգով (Գեղարդով) խոցել է խաչված Հիսուսի կողը։ Այդ օրվանից գեղարդը դարձել է քրիստոնյաների համար սրբազան մասունք։ Հայ եկեղեցու ավանդության համաձայն, Գեղարդը 33 թվականին Հայաստան է բերել Թադեոս Առաքյալը, և երկար ժամանակ այն պահվել է քրիստոնյա համայնքներում։Աշխարհում Սուրբ Գեղարդ կամ Լոնգինի Գեղարդ անունը կրող հինգ քրիստոնեական մասունք կա, սակայն խոսվում է, որ դրանցից միայն մեկն է բնօրինակը, որը դարեր շարունակ պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, մյուսները դրա պատճեններն են:

Կորյուն Սիմոնյան

Մեկնաբանություն
X