Ալիեւը հիասթափվե՞լ է Էրդողանից

Թուրքիայի նախագահի պաշտոնամուտի եւ երդմնակալության արարողությանն Ադրբեջանից ներկայացված կլինի վարչապետ Նովրուզ Մամեդովը: Այն դեպքում, երբ այլ երկրներ Էրդողանին կշնորհավորեն նախագահի մակարդակով: Ո՞րն է Բաքվի դեմարշի պատճառը, ինչու՞ Ալիեւը չի մեկնել Անկարա: Վերջին օրերին Ադրբեջանում իրավիճակը բավական լարված է: Գյաջայի քաղաքապետի դեմ մահափորձ է կատարվել: Նախաքննությունը հերքել է կատարվածի մեջ անձնական դրդապատճառների հանգամանքը եւ դեպքը որակել ահաբեկչություն: Բաքվի մամուլում իսլամական արմատականության թեմայով մի շարք հրապարակումներ են հայտնվել, որոնք, անշուշտ, ուղղորդված են Ալիեւի աշխատակազմից:

Հնարավոր է, դա է պատճառը, որ Իլհամ Ալիեւը գերադասել է Անկարա գործուղել Նովրուզ Մամեդովին, իսկ ինքը մնացել է տանը, որպեսզի անմիջականորեն վերահսկի իրավիճակը: Բացառված չէ, սակայն, որ Էրդողանի եւ Ալիեւի հարաբերություններում ինչ-որ բան այն չէ: Վերջերս ադրբեջանական կայքերից մեկը գրել էր, որ Անկարան Ալիեւի վրա դիվանագիտական մեծ ճնշումներ է բանեցնում, որպեսզի նա իրավաբանորեն ճանաչի այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը»: Բաքուն թեեւ այդ ապօրինի կազմավորման հետ փաստացի հարաբերություններ ունի, սակայն իրավական ճանաչումից խուսափում է՝ քանի դեռ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարգավորված չէ: Հավանական է, Ալիեւը խուսափել է «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության նախագահի» հետ նույն օրն Անկարայում գտնվելուց, որպեսզի Էրդողանը վերստին չբարձրացնի Ադրբեջանի կողմից այդ «երկրի» ճանաչման հարցը: Կա նաեւ Ալիեւի դժգոհության եւս մեկ պատճառ:

Սովորաբար Թուրքիայի ղեկավարն ընտրվելուց հետո առաջին այցը կատարում է Ադրբեջան: Դա փոխադարձ պրակտիկա է, որին Ալիեւը հավատարիմ է մնացել ապրիլի 11-արտահերթ ընտրություններից հետո: Իսկ Էրդողանն առաջին այցը որոշել է նվիրել «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությանը»: Դրանով նա ընդգծել է, որ Ադրբեջանը «ՀԿԹՀ» համեմատ Թուրքիայի համար նվազ հետաքրքրական է: Եւ Ալիեւը տվել է դիվանագիտական պատասխան. Էրդողանի երդմնակալության արարողությունը կանցնի առանց նրա մասնակցության: Մնում է սպասել, թե Էրդողանը երբ եւ ինչ մակարդակի այց կկատարի Ադրբեջան:

Մեկնաբանություն
X