ԵԿՄ-ն համագումար է հրավիրում սեպտեմբերին

«Երկրապահ կամավորականների միության» նախագահ Մանվել Գրիգորյանի կալանավորումից հետո բարդ ժամանակներ են սկսվել քաղաքական խարդավանքներում ոչ հմուտ, ավանդական կառավարման սովոր երկրապահ ազատամարտիկների համար։ Ստեղծված թնջուկը նրանք փորձում են լուծել նոր նախագահ ընտրելով։ ԵԿՄ վարչության փոխնախագահ Համլետ Հայրապետյանն ու ԵԿՄ Աշտարակի տարածքային բաժանմունքի նախագահ Գեղամ Սմբատյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսում ներկայացրեցին կառույցում ստեղծված վիճակը։

Համլետ Հայրապետյանը հիշեց, թե ինչպես է ինքը 1in.am-ին տված հարցազրույցում նշել, որ ցանկանում է ԵԿՄ նախագահի պաշտոնում տեսնել Արամ Զավենի Սարգսյանին, այդ լուրն էլ արագ տարածվել է ԵԿՄ ամբողջ ընտանիքում։ Հետո էլ երկրապահներն ինքնաբուխ հավաք են կազմակերպել Աշտարակի ձորում։ Համլետ Հայրապետյանը հիշեց, որ ժամանակին սպարապետ Վազգեն Սարգսյանը գարնան առաջին օրը նշում էր այդ ձորում, ինչն էլ հետագայում դարձավ ավանդույթ։ Գեղամ Սմբատյանն էլ նշեց, որ պետք է ընդունվեր այնպիսի ԵԿՄ նախագահ, որ ընդունելի լինի բոլորի կողմից։ Նա ասաց, որ Արամ Սարգսյանը հանդիպում է ունեցել երկրի ղեկավարության հետ, քանի որ ԵԿՄ-ն առանց պետական աջակցության հնարավոր չէ պահել։ Աշտարակի ձորում էլ Արամ Սարգսյանը ելույթ ունենալով՝ ասել է, թե ինչ կարեւոր խնդիր է լուծել, եւ ինքը ստանձնում է այդ պարտականությունը։

Այստեղ էլ ԵԿՄ մարզխորհուրդների եւ բաժանմունքների նախագահները միահամուռ հայտարարել են, որ կանգնած են Արամ Սարգսյանի կողքին։ Միաժամանակ, ըստ բանախոսների, Արամ Սարգսյանը ասել է, որ եթե համագումարը կայացնի նման որոշում, ապա ինքը չի մերժի։ Եվ հիմա ստեղծվել է այն իրավիճակը, որ պատվիրակները ընտրելու են վարչություն, վարչությունն էլ՝ վարչության նախագահ։ Համլետ Հայրապետյանը վստահեցրեց, որ ԵԿՄ բաժանմունքներում չկա մեկը, որ դեմ լինի Արամ Սարգսյանի թեկնածությանը։ Արամ Սարգսյանն առաջարկել է ԵԿՄ համագումարը հրավիրել սեպտեմբերի սկզբին։ Մինչ այդ կստեղծվի նախաձեռնող խումբ։ Լրագրողների դիտարկմանը, թե ԵԿՄ նախագահի պաշտոնում շրջանառվում են նաեւ Սեյրան Սարոյանի, Սեյրան Օհանյանի, Արա Խուդավերդյանի՝ Կոռնիձորի Արոյի անունները, բանախոսները հերքեցին։

Նշեցին միայն, որ Կոռնիձորի Արոյի անունն է շրջանառվել։ Վերջինս ԵԿՄ վարչություն է բերել 17 ազատամարտիկի անուններից բաղկացած ցուցակ, որ նրանք մտնեն նախաձեռնող խումբ եւ առաջադրեն իր թեկնածությունը։ Համլետ Հայրապետյանը նշեց, որ Արա Խուդավերդյանը որեւէ տեղ հաշվառված չէ, թեեւ ԵԿՄ անդամ է։ ԱԺ առաջիկա ընտրություններին էլ նա անդրադարձավ՝ նշելով, որ դրանք լինելու են Նիկոլ Փաշինյան-կերպարի ընտրություն։ Եվ քանի որ Արամ Սարգսյանն էլ «Ելք» դաշինքի անդամ է, նա լինելու է իշխանություն։ Նա հիշեցրեց, որ եթե ԵԿՄ-ն չունենա իշխանության աջակցությունը, ապա ժամանակի ընթացքում կինքնալուծարվի։

Մեկնաբանություն
X