Ի՞նչ եղավ ավտոմեքենաների պարտադիր տեխզննման հարցը

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախկին նախարար Վահան Մարտիրոսյանը ավտոմեքենաների տեխզննման գործընթացը խստացնելուն և կարգավորելուն ուղղված քայլեր էր ձեռնարկել, որոնք, սակայն կիսատ մնացին՝ Մարտիրոսյանը հայտնի իրադարձություններից հետո հրաժարական տվեց։ Ավտոմեքենաների տեխզննումը, հիշեցնենք, տարիներ ի վեր ձևական բնույթ կրող մի պրոցես է եղել, որը գործել և գործում է բացահայտ կոռուպցիոն սխեմայով։ Այդ մասին մենք քանիցս գրել ու խնդրին անդրադարձել ենք, բայց նախորդ իշխանությունները որևէ կերպ չեն փորձել հարցին լուծում տալ։ Միակ «լուծում» տվողը տարիներ առաջ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն էր, ում «հանճարեղ» մտահղացմամբ որոշում կայացվեց, որ ֆիզիկապես տեխզննում անցնելը պարտադիր պայման չէ, կարևորը կտրոնի առկայությունն է ավտոմեքենայի դիմապակուն։ Դրանից հետո վարորդներն սկսեցին գումարը վճարել ու ընդամենը կտրոնը գնել՝ առանց տեխզննում անցնելու։ Մինդչեռ, տեխզննման կայանները կան, գործում են, ավելին՝ այս տարիներին անգամ շատացան ու դարձան եկամտաբեր բիզնես՝ ելնելով հենց այդ կոռուպցիոն մեխանիզմների առկայությունից։ Այդ բզինեսի հետևոմ էլ, ի դեպ, պատահական մարդիկ չեն։

Վահան Մարտիրոսյանը ձեռնամուխ էր եղել օրենսդրական կարգավորումներով այս ձևական ու կոռուպցիոն շղթայով գործող երևույթին վերջ տալ՝ տեխզննումը դարձնելով պարտադիր պայման։ Դրա համար, սակայն, բավականին ծավալուն աշխատանք էր հարկավոր, որը չկարողացավ լիարժեք իրականացնել նախկին նախարարը։ Մարտիրոսյանի օրոք, ամեն դեպքում, որոշ խստացումներ եղան՝ մինչ խնդրի հիմնական լուծման հասնելը։ Վերջերս սեփական օրինակով համոզվեցինք, որ մեքենան հնարավոր է տանել պատշաճ տեխզննում անցկացնել ու դրա վերաբերյալ ստանալ տեխննման լիցեզնավորված կայանի կնիքով փաստաթուղթ, որը հավաստում է, որ ավտոմեքենան անցել է տեխզննում, և այն սարքին վիճակում է։ Իհարկե, այս խստացումը ևս որոշակիորեն ձևական բնույթ է կրում, քանզի կայանը պարտավոր է անսարքություններ հայտնաբերելու դեպքում չտրամադրել այդ փաստաթուղթը, այլ վարորդին ուղարկել թերությունները վերացնելու, որից հետո նորից գա տեխզննման ու նոր ստանա տեխզննման հավաստագիրը։ Բայց շատ հաճախ ուղղակի բանավոր տեղեկացնում են վարորդին թերությունների մասին, և որպեսզի նորից չգնա-գա, տեղում տրամադրում են փաստաթուղթը, որ ամեն ինչ սարքին է։ Թեպետ՝ ոչ բոլոր կայաններում է այսպես, կայան կա՝ շատ ավելի անփույթ մոտեցում են ցուցաբերում այս գործընթացին։ Ինչևէ, խնդիրը կարգավորելու և տեխզննման պրոցեսը խստացնելու, բարելավելու դեռ շատ տեղ կա։

Մենք հետաքրքրվեցինք տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նորանշանակ նախարար Աշոտ Հակոբյանից, թե ինչ քայլեր է ինքը ձեռնարկում այս ուղղությամբ։

Նոր նախարարն ասաց այն, ինչ ասում էր նախկին նախարարը, որ պիտի էլեկտրոնային համակարգ ներդնել տեխզննման կայաններում․ «Որպեսզի մենք էդ բազան ունենանք, թե որ մեքենաներն են տեխզննում անցել, և փաստացի անցել են, թե ոչ։ Էդ բազան տրամադրվելու է ոստիկանությանը, որ ճանապարհային ոստիկանությունը կարողանան հսկողություն իրականացնել»։

-Հիմա այդ «պիտին» ե՞րբ է կյանքի կոչվելու։

-Կարծում եմ՝ մոտակա մի․․․ նու, էտի օրենսդրական փոփոխություն պիտի արվի երևի։

-Նախորդ նախարարն անում էր, բայց այդպես չիմացանք՝ ինչ եղավ։

-Դե, էս ապրիլ-մայիսյան իրադարձությունները մի քիչ ձգձգեցին․․․

-Այսինքն՝ դեռ պիտի էլեկտրոնային բազա՞ն ստեղծվի։

-Բազան կարծես արդեն ստեղծած ա, էնտեղ մի երկու շտրիխներ կան, որ պիտի արվի․․․ այսինքն՝ խնդիրը ո՞րն ա, որ մենք չունենանք, որ մեքենայի վրա, ասենք, մի հատ լամպ չի վառվում, համարենք, որ տեխզննում չանցավ։ Պիտի հիմնական դետալներին վերաբերվի՝ արգելակման համակարգին, ղեկային համակարգին և այլն։

-Ե՞րբ սպասենք արդյունքների։ Այ պահին որևէ աշխատանք տարվո՞ւմ է այդ ուղղությամբ։

-Իհարկե, տարվում է։ Մոտակա մի 15-20 օրվա մեջ մենք արդեն լրիվ կունենանք մշակված փաթեթը։

Հ․Գ․ Թեև Աշոտ Հակոբյանը, ինչպես զգացվում էր իր պատասխաններից, թեմային այնքան էլ լավ չէր տիրապետում, քանզի խոսում էր «երևիներով», բայց վերջում, ամեն դեպքում, արդյունքի հասնելու կոնկրետ ժամկետ նշեց։ Ուստի մենք այս թեմային նորից կանդրադառնանք իր նշած ժամկետից հետո։ 15-20 օր անց պարզ կդառնա՝ օրենսդրական փաթեթը մշակվել ու ներկայացվե՞լ է կառավարության, էլ չենք ասում՝ Ազգային ժողովի դատին, թե՞ ոչ։ Ըստ այդմ՝ կգնահատենք նաև նոր կառավարության աշխատանքի արդյունավետությունն ու ժամկետների մասով խոստացածն իրագործելու պատրաստակամությունն առնվազն այս մասով։ Նախորդ կառավարությունն ու նախարարը, ինչպես տեսանք, խոստացան ու ավարտին չհասցրեցին․ համարենք՝ իբրև թե «հեղափոխությունը խանգարեց»։ Հիմա, հուսանք, հեղափոխությունը կնպաստի այս և այլ խնդիրների լուծմանը։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X