Դավիթ Պետրոսյանը բանավեճի է հրավիրում Ստյոպա Սաֆարյանին

«ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը բանավեճի է հրավիրում Ստյոպա Սաֆարյանին։ Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այսօրվա կատարվածի արդյունքում, պարոն Սաֆարյան, կարծում եմ, որ մենք կարիք ունենք ունենալ բանավեճ։ Ուրախ և շնորհակալ կլինեմ, եթե ընդունեք խնդրանք- առաջարկս»։

Սաֆարյանը, սակայն, ինչպես հասկացանք գրառման տակ արված մեկնաբանություններից, չի ընդունել բանավեճի հրավերը՝ առաջարկելով փակել այս թեման։ Նա անգամ կատակել է․ «Չէ, մի անգամ միջոցառմանդ կհրավիրես, կգամ ես էլ կհարամեմ ու քվիթ կլինենք»։ Ի պատասխան՝ Դավիթ Պետրոսյանն արձագանքել է․ «Ձեր բառապաշարը ամեն անգամ ավելի վիրավորող է դառնում ու ես ժպտալու իմաստը չեմ հասկանում։ Փաստորեն հրաժարվու՞մ եք»։

Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ երեկ «Անի պլազա» հյուրանոցում «Անվտանգություն և արտաքին քաղաքականություն. ՄԱՀՀԻ 3-րդ երիտասարդական ֆորում»-ի ժամանակ, «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը նկատողություն արեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ֆորումին ուշացած ներկայանալու համար։

Արմեն Սարգսյանն էլ հումորով արձագանքեց Դավիթի նկատողությանը՝ նաև ներողություն խնդրելով ուշացման համար։ Միջոցառման կազմակերպիչ, ՄԱՀՀԻ հիմնադիր Ստյոպա Սաֆարյանն էլ առաջարկեց այդ դիտողությունը հասցեագրել իրենց՝ կազմակերպիչներին։

Սրանից համացանցում աղմուկ բաձրրացավ, ինչին վերջ դնելու նպատակով Ստյոպա Սաֆարյանը երեկ երեկոյան ֆեյսբուքում գրառում կատարեց՝ մանրամասն նկարագրելով, թե ինչպես է ստացվել, որ Արմեն Սարգսյանն ուշացել է։ Ըստ Սաֆարյանի՝ պատճառը եղել է հյուրանոցի դիմաց կայանած մեծ տուրիստական ավտոբուսն ու մի մեքենա, որոնց պատճառով նախագահի մեքենան չի կարողացել կայանել հյուրանոցի դիմաց։ Բայց Արմեն Սարգսյանը, ըստ Սաֆարյանի՝ մեծահոգություն ցուցաբերելով, Դավիթի նկատողությունից հետո իր վրա վերցրեց ուշացման մեղքը՝ նշելով, թե կարևոր հեռախոսազանգեր ուներ, դրա համար ուշացավ, ինչի համար ներողություն է խնդրում։ Այս ամենը, սակայն, չբավարարեց Դավիթ Պետրոսյանին, որն էլ որոշեց բանավեճի հրավիրել Ստյոպա Սաֆարյանին, բայց մերժվեց։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X