«Ելք»-ում տրամադրվածություն կա դաշինքը պահպանելու

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը մեզ ասաց, որ իրենք դեռ քննարկում են՝ ինչ ձևաչափով են մասնակցելու ընտրություննեին, բայց դեռ հստակ որոշում չունեն։ Մարուքյանը չբացառեց, որ կարող են նորից «Ելք» դաշինքով մասնակցել ընտրություններին։ «Խոսքը գնում է «Ելք» դաշինքը պահպանելու մասին, ու հավանականությունը շատ մեծ է, շատ։ Ավելի շատ հավանական է, որ կպահպանվի, քան չի պահպանվի»,-ասաց Մարուքյանը։

-Բայց խոսակցություն կա, որ ՔՊ-ում այդքան էլ հակված չեն դրան և չեն ցանկանում ձեզ հետ նույն դաշինքով գնալ։

Դե, հիմա, ես տարբեր խոսակցություններ չեմ կարող մեկնաբանել, ես Ձեզ ասում եմ այն տրամադրվածությունը, որը որ ունենք։

-Իսկ «Ելք» դաշինքում կոնկրետ ո՞ւմ կողմից կա այդ տրամադրվածությունը, օրինակ՝ ՔՊ-ի կողմից կա՞։

Բոլոր ուժերի կողմից էլ կա դաշինքը պահպանելու։

-Եվ նույն ֆորմատով եք մասնակցելո՞ւ ընտրություններին։

Ֆորմատի տարբեր քննարկումներ կան, թե ինչպիսին կլինի, բայց որ դաշինքը պահպանել, կա նման տրամադրվածություն բոլորի մոտ։

-Իսկ ի՞նչ հարաբերակցությամբ պետք է կազմվեն ցուցակները, որքա՞ն կլինի ձեր կուսակցության ներգրավվածությունը, և կա՞ն այս հարցում տարաձայնություններ։

Ես կարծում եմ՝ հիմա դրա մասին վաղ է խոսելը։

-Պարզապես ասում են, որ ՔՊ-ականները կարծում են՝ հեղափոխությունն իրենք են արել, և ուզում են, որ պտուղներն էլ մեծ մասամբ իրենք քաղեն։

Չեմ կարող մեկնաբանել բամբասանքները։ Կքննարկենք, կավարտենք, կհայտարարենք։

-Իսկ երկրորդ սցենար մտածե՞լ եք, որ եթե չստացվի «Ելք» դաշինքով մասնակցությունը, ուրիշ ի՞նչ տարբերակով կմասնակցեք։

Բոլոր ուժերն էլ ունեն հնարավորություն առանձին մասնակցելու, բայց դա չի կարևոր, կարևորն այն է, թե Հայաստանում այսօրվա իրողությունների լույսի ներքո որ սցենարն է պետք, պետությանը ո՞րը օգուտ կտա, ոչ թե մեզ, ինձ, էս ուժին, էն ուժին։ Ես կարծում եմ՝ դաշինքի պահպանումը, ընդլայնումը, առաքելության հստակեցումը կարևոր կլինի։ Եթե չի ստացվի, կասենք՝ չստացվեց։

-Ի՞նչ եք կարծում, եթե վաղը լինի ընտրությունները, և մի քանի ամսի անց, ու դուք էլ մասնակցեք նույն դաշինքով, ի՞նչ ձայներ կհավաքեք։

Ես կարծում եմ՝ և՛ հիմա, և՛ հետո մեծամասնություն ձևավորելու խնդիր չի լինի։

-Իշխանափոխությունից հետո, երբ պաշտոնների բաժանում էր տեղի ունենում, ձեզ գործադիրում պաշտոնի առաջարկ եղե՞լ է, օրինակ՝ արդարադատության նախարարի։

Եղել են քննարկումներ, անգամ արդեն չեմ էլ հիշում, մենք կոնկրետ մի նախարար ենք ներկայացրել։ Այսինքն՝ ի սկզբանե ես հայտարարել եմ, որ ես չեմ պատրաստվում խորհրդարանից գնալ, ի սկզբանե՝ առանց որևէ առաջարկ լսելու։

-Ինչո՞ւ։

Որովհետև էստեղ շատ մեծ գործ կա անելու մինչև ընտրություններ, իսկ էդ գործն անելու համար «Ելք» խմբակցությունը պետք չէր թուլացնել։ Ես կարծում եմ, որ իմ դուրս գալով, կթուլանար խմբակցությունը։ Մենք՝ չորս փորձառու պատգամավորի արդեն «կորցրել» ենք հեղափոխության արդյունքում, նրանք գնացել են կառավարություն։

-Ի դեպ, ասում են՝ իսկապես թուլացել է «Ելք» խմբակցությունը, երբ ռոտացիոն կարգով ձեր փորձառուները գնացին կառավարություն, ու նրանց փոխարեն եկած նոր պատագամավորները չեն կարողանում ապահովել «Ելք»-ի հմայքը, որ ժամանակին ուներ։

Դե, հիմա նոր են եկել, կապահովեն, մի՛ անհանգստացեք։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X