«Ելք»-ը Թբիլիսիում է․ լուսանկարներ

>

Երեւանի քաղաքապետարանի «Ելք» խմբակցության ավագանու մի խումբ անդամներ այս օրերին Թբիլիսիում են։ Ինչպես տեղեկացնում է խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն, իրենք նախ այցելել են Թբիլիսիի քաղաքային աղբավայր․ «Թբիլիսիի քաղաքային աղբավայրը ձևավորվել է բարձր ստանդարտներին համապատասխան: Այժմ նրանք աշխատում են մոդերնիզացման ուղղությամբ և պատրաստ են իրենց փորձը կիսել Երևանի նոր աղբավայրի ձևավորման նպատակով։ Ցավով եմ արձանագրում, որ առնվազն 5 տարի մեզ բաժանում է Թբիլիսիի ենթակառուցվածքների զարգացվածությունից»:

Բացի սրանից, առաջին հանդիպումը կայացել է Թբիլիսիի՝ 2017 թվականի հուլիսին բացված ավտոբուսային պարկում․ «Թբիլիսիի տրանսպորտային ընկերության տնօրեն Պաատա Բեժանիշվիլին ներկայացրեց ինովացված տրանսպորտային համակարգի նորամուծությունները, ծառայության առանձնահատկությունները, գնային համակարգը, վարորդների ախատանքային պայմանները։ Ավագանու անդամներին ներկայացվեց նոր ձեռք բերված 148 միավոր գերմանական արտադրության և 12 մետրանոց «MAN» ավտոբուսների ֆունկցիոնալ հնարավորությունները, դրանց պահպանման և շահագործման պայմանները։ Ավտոբուսային պարկում ավագանու անդամները ուսումնասիրեցին նաև ավտոբուսների լվացման, լիցքավորման և տեխնիկական սպասարկման կետերի աշխատանքը»։

Ըստ ավագանու անդամների՝ երկու այցերը հնարավորություն են ընձեռել ուսումնասիրել և հասկանալ քաղաքային երկու խնդրահարույց ոլորտների՝ տրանսպորտային համակարգի և աղբի,կենցաղային թափոնների կառավարման համակարգերի ժամանակակից լուծումները, որոնք կարող են կիրառվել Երևան քաղաքի համար։

Մեկնաբանություն
X