Կարո՞ղ է ԱԱԾ-ն մի հատ էլ «Հյուսիս-հարավով» որոշի «շրջայց» կատարել

Տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարար Աշոտ Հակոբյանին, ով երկար տարիներ ՀՔԾ-ում է աշխատել, հարցրինք՝ կարո՞ղ է ԱԱԾ-ն մի հատ էլ «Հյուսիս-հարավով» որոշի «շրջայց» կատարել։ Ի վերջո, «Հյուսիս-հարավի» չարաշահումների մասին շատ է խոսվել։ «Որքանով ես տեղյակ եմ, դրանով գործ կա հարուցված, քննվում է, ես չգիտեմ՝ կոնկրետ որ դրվագի, ինչի վերաբերյալ է։ Ես՝ ինքս, եթե ունենամ տենց ապացուցողական բազա, ես էլի եմ ասել, էդ փաթեթը վաղուց կլիներ պատկան մարմինների մոտ։ Բայց տենց մերկապարանոց հայտարարություններ չեմ ուզում անել»,- ասաց նա։ Խոսվում էր, որ նախկին նախարար Գագիկ Բեգլարյանն էլ է ներգրավված եղել այդ չարաշահումների մեջ։

«Չէ, էդ կապ չունի, թե ով ա ներգրավված եղել, ուղղակի պիտի կոնկրետ ինչ-որ ստուգումներ լինեն, չափումներ լինեն, միայն էդ դեպքում կարանք խոսենք կատարված չարաշահումների հետ կապված»,- ասաց Հակոբյանը։ Նրա կարծիքով՝ ԱԱԾ-ն չի ուղղորդվելու իրենց կողմից՝ որ արժի զբաղվել դրանով, թե չարժի։ «Ես օպերատիվ տեղեկություն չունեմ, եթե իրենք ունեն, եւ դրանք բավարար կլինեն վարույթ սկսելու համար, բնական է՝ իրենք ինձ չեն էլ հարցնի, պաժալուստա՝ կարող են սկսել»,- ասաց նորանշանակ նախարարը։

Մեկնաբանություն
X