Մեղրիից՝ Ամուլսար․ հույզեր ու հարցեր Նիկոլին

«Քայլի» հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանը Սյունիքով չէր անցել եւ այդ բացը փորձեց լրացնել հուլիսի 5-ին՝ այցելելով Սիսիան, Գորիս, Կապան, Քաջարան, Մեղրի՝ անձամբ շնորհավորելու տեղացիներին Սահմանադրության օրվա կապակցությամբ։ Գառ չեն մորթել, մատաղ չեն արել՝ լավ հիշելով, որ Նիկոլը գառներին «ներում» է շնորհել։ Փոխարենը երկար զրուցել են վարչապետի հետ, եւ այդ զրույցները շարունակվել են նաեւ նրա հեռանալուց հետո, վիրտուալ տիրույթում։ Փաշինյանին հարցեր տվողը հիմնականում երիտասարդությունն է եղել, որը նրան ավելի շատ է իր վարչապետը համարում, քան տարիքային մյուս խմբերը։ Որպեսզի Նիկոլն իրեն ճիշտ հասկանա, Սիսիանում ակտիվ մի տղա՝ Հայկ Մկրտչյանը, Նիկոլին երկար պատմել է ֆիզկուլտուրնիկների 4-րդ կարգի վթարային շենքի մասին, հետո՝ ինժեներական լաբորատորիայի, որն իր ընկերների հետ է բացել։ Վարչապետը զարմացել է, որ լաբորատորիա, որտեղ կարող են 40 հոգի զբաղվել, ընդամենը 10-12 երեխա է գալիս։ Նա բացատրել է, որ ՏՏ ոլորտում 4 հազար թափուր աշխատատեղ կա, եւ պետք է ներգրավել պատանիներին հեռանկարային այս ոլորտ։ Երեկոյան տեղադրելով իր մասնակցությամբ «վիդեոն», Հայկ Մկրտչյանը տակը գրել է․ «Պարոն Փաշինյան, ես հիմնականում սենց օրոր-շորորվելով չեմ խոսում, ուղղակի ինձ ճիշտ հասկացեք՝ երեկ ամբողջ գիշերը մոնտաժն էի անում, հետեւաբար, մի քիչ հոգնել էի»:

Խոսելով համայնքների խոշորացման մասին՝ Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ այդ գործընթացն իրոք վիճահարույց է, բայց ինքը ճիշտ չի համարում «նախկին որոշումները հետողորմյա անելը»։ «Մենք պետք է մի պահ դադար առնենք ու տեսնենք, թե ինչ արդյունքներ են գրանցվել խոշորացված համայնքներում, ու գրանցվո՞ւմ են արդյոք»։ Ընդհանուր առմամբ, սիսիանցիները զուսպ են եղել հանդիպման ժամանակ, չեն դժգոհել տեղական իշխանիկներից՝ Լավրենտ Սարգսյանից եւ նրա որդուց՝ 9 տարվա քաղաքապետ Արթուր Սարգսյանից, որը «գրոշներով» մոտ 15 շենք-շինություն է գնել Սիսիանում։ Այս մասին գրում են մեզ Սիսիանի բնակիչները, որոնք երազում են, որ ԱԱԾ բացահայտումների ալիքը հասնի նաեւ Սիսիան, բայց «դուխ» չունեն հարցը բաց եւ հրապարակային բարձրացնել վարչապետի առաջ։

Գորիսն արթնանում

«Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան, եւ հանցագործություն կատարած ցանկացած անձ պետք է պատասխանատվության ենթարկվի»․ պատահական չէ, որ վարչապետի այս խոսքերը հատկապես սուր հնչել են Լիսկայի քաղաքում՝ Գորիսում, եւ մի գորիսեցի էլ հարցրել է, թե արդյոք դրանք վերաբերո՞ւմ են նաեւ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին։ «Տեղական իշխանիկների ժամանակն անցել է, ֆեոդալների ժամանակն անցել է»,- ասել է Փաշինյանը, եւ մարդիկ ոգեւորված սուլել են ու ծափ տվել։ Այդ կրքոտ արձագանքը հուշում է, որ Գորիսում դեռ ազատ խոսքի կարոտ են։

«Բազառում» 46 աստիճանի տակ մարդիկ Նիկոլին էին սպասում

Մեղրիում Փաշինյանին սպասել են առավոտից։ Բոլորը ժամանակից շուտ հավաքվել են «Բազառ» կոչվող հրապարակում՝ 45-46 աստիճան շոգը չնկատելով։ Ագարակից, կողքի գյուղերից էլ են գնացած եղել։ «Շատ բուռն ծափ էին տալիս մարդիկ, հուզվում էին։ Մեկ էլ այդպիսի հանդիպում եղել էր Կարեն Դեմիրճյանի ժամանակ։ Մենակ տեսնեիք, թե երեխաները ոնց էին մոտենում, սելֆի անում»,- պատմում է մեղրեցի ուսուցչուհի Քնարիկ Բաղդասարյանը։ Նա երեկ բոլոր հեռուստաալիքները նայել է, բայց մեղրեցիների հետ վարչապետի հանդիպումը չի տեսել։ «Մենակ ազատ տնտեսական գոտին եւ մաքսատունը ցույց տվեցին, մենք մեզ չտեսանք»,- ասում է ուսուցչուհին։ Նիկոլ Փաշինյանը խոստացել է վերականգնել նաեւ Մեղրիի մանկապարտեզը, որը կառուցվել է 1923 թ․, բայց հիմա չի գործում։ Վարչապետին Լիճքի պղնձի հանքի մասին են հարց տվել, որի շահագործումը կանգնեցված է, ջրի հարց են բարձրացրել, բնական գազի, որը մինչ օրս Մեղրիում չի անցկացվել, իսկ գլխավոր հարցը վերաբերել է «Հյուսիս-հարավ» ճանապարհի շինարարությանը։ Նիկոլն ասել է, որ ինքն էլ, մեղրեցիների նման, զարմանում է, թե ինչու այստեղից չեն սկսել «Հյուսիս-հարավի» շինարարությունը, եւ այս հարցով էլ խոստացել է առաջիկայում քննարկում անել։

Կապանի քաղաքապետը հրաժարական տվեց «դուխով» պապիկի պահանջո՞վ

Վարչապետի հարավային շրջագայության առաջին օրն ավարտվել է Կապանում։ «Դուխով» մի պապիկ թույլ չի տվել, որ Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը խոսի։ «Դուք ռեժիմի ստրուկն եք, Դուք ՀՀԿ-ի դրածոն եք, Դուք պետք է հեռանաք»,- ասել է պապիկը։ Վարչապետի հետ հանդիպումը քիչ է մնացել միտինգի վերածվի, քանի որ այլ դժգոհներ էլ են սկսել տեղերից գոռալ, բայց Նիկոլը հորդորել է հարգել միմյանց, իսկ նրան մարդիկ դեռ լսում են։ Կապանի քաղաքապետն այնքան ինքնասիրություն ունեցավ, որ երեկ հրաժարականը գրեց։ «Նա Սերժի մարդն էր, տենց էլ պետք է լիներ»,- պարզաբանում է Կապանից Արա Մակարյանը, որը ներկա է եղել միտինգին։ «Ոչ մի արտառոց բան չի եղել, բացի քաղաքապետի հրաժարականից։ Չթողեցին խոսել, նա էլ հրաժարական տվեց»,- ասաց Մակարյանը։ Ավելի բարդ հարաբերություններ են ձեւավորվել վարչապետի եւ Վայոց ձորի բնակիչների միջեւ։ Երեկ Նիկոլ Փաշինյանը Կապանից ուղեւորվել է Ջերմուկ:

Ամուլսարի պաշտպաններն ու հանքափորները կրկին լեզու չգտան

«Վարչապետն ուղղաթիռով Հայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչ Լեւոն Գալստյանի ու «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի հետ հետեւել է Ամուլսարի հանքի աշխատանքներին, այնուհետեւ Կեչուտ համայնքում հանդիպել Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող բնակիչներին ու բնապահպաններին, լսել նրանց կարծիքներն ու դիտարկումները»,- հաղորդում են կառավարությունից: Ամուլսարի պաշտպանները հանքարդյունաբերողների հետ վերջին մեկ-երկու տարում շփվում են բացառապես դատարանի միջոցով։ Այլ առնչություն չկա։ Երկու կողմերն էլ համոզված են, որ «իրար ասելու կամ լսելու բան չունեն»։ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է նրանց լսել իրար։ Ջերմուկում նա նշել է, որ եթե բոլոր պրոցեսները տեղի ունենային գործող կառավարության օրոք, ինքը չէր ցանկանա, որ այսպիսի հանք գոյություն ունենար Ջերմուկի մոտակայքում: Բայցեւ հիշեցրել է․ «Ունենք իրավիճակ, երբ կատարվել է ահռելի ծավալի ներդրում, որը դե յուրե տեղի է ունեցել ՀՀ կառավարության թույլտվությամբ, համենայնդեպս, գոնե այս պահին չունենք տեղեկատվություն, որ ինչ-որ կարգ է խախտվել»: Վարչապետն առաջարկել է պետությանը, բնապահպաններին եւ «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչներին՝ համատեղ պարզել հանքի հնարավոր ազդեցությունը ջրային ռեսուրսների եւ Ջերմուկի՝ որպես առողջարանային քաղաքի զարգացման վրա։ Բողոքող քաղաքացիները նշել են, որ պատրաստ են նման մեխանիզմ ստեղծել, եթե «Լիդիան Արմենիան» ուսումնասիրության ընթացքում դադարեցնի գործունեությունը: «Լիդիան Արմենիայի» ներկայացուցիչները նշել են, որ նույնպես պատրաստ են ընդունել վարչապետի առաջարկը, սակայն իրենց համար ընդունելի չէ այդ ընթացքում գործունեությունը կասեցնելու առաջարկը: Այնպես որ, կողմերը կրկին համաձայնության չեն եկել։ Գնդակը կառավարության դաշտում է։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Մեկնաբանություն
X