«Հրապարակ». Մեկը գնում է Բրյուսել, մյուսը՝ Մոսկվա

Երեկ դեռ հայտնի չէր, թե Նիկոլ Փաշինյանն ինչ մակարդակի հանդիպումներ է ունենալու հուլիսի 11-12-ին Բրյուսել կատարելիք այցի ընթացքում։ Մասնակցելո՞ւ է նա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, ստորագրելո՞ւ է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի կողմից ընդունելիք կոմյունիկեն, ուր, որպես օրինաչափություն, ամրագրվում է տարածքային ամբողջականության նորմը, ինչի պատճառով շատ դեպքերում Հայաստանը հրաժարվել է մասնակցել այդ գագաթնաժողովներին։

Հանդիպելո՞ւ է նա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Սթոլդենբերգի հետ, ինչի մասին ակնարկել է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյա Ջ․ Ապպաթուրայը։ Հիշեցնենք նաեւ, որ իր հերթին ՀՀ-ում ԵՄ դեսպան Սվիտալսկին էլ ասել էր, որ Փաշինյանին անչափ ջերմ կընդունեն Բրյուսելում։ Հայտնի է, որ Փաշինյանն անպայմանորեն մեկնելու է Բրյուսել․ մեր այս բոլոր հարցերին ի պատասխան՝ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանն ասաց․ «Բրյուսել կատարելիք այցի ընթացքում ՀՀ վարչապետի ունենալիք հանդիպումների մասին առավել մանրամասն կհայտնենք լրացուցիչ։

Այս պահին կարող ենք հաստատել միայն, որ նա հանդիպումներ է ունենալու ԵՄ ղեկավարության հետ»։ Ի դեպ, այս օրերին ՌԴ-ում է գտնվում ՀՀ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, որը փորձում է ռուսական մի շարք փորձագիտական շրջանակների հետ հանդիպումներում բացատրել, որ որեւէ վտանգ պետք չէ սպասել այդ այցից։ Մեծ ջանքերի շնորհիվ հաջողվել է կազմակերպել նրա հանդիպումը ՌԴ ԱԱԽ քարտուղար Ն․ Պատրուշեւի հետ, ինչի մասին երեկ նա հպարտորեն հայտարարեց իր էջում։

Մեկնաբանություն
X