Վերջին արտահերթը

Ազգային ժողովը կառավարության առաջարկով հուլիսի 11-ին, ժամը 11-ին արտահերթ նիստ կհրավիրի, հավանաբար՝ այս ամառվա վերջին նիստը։ Կառավարության սահմանած օրակարգում հինգ հարց է, որոնցից մեկը տուգանքների համաներման մասին օրենքի նախագիծն է։ Այն ձեւակերպված է այսպես․ «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին»։ Սա կառավարության նախորդ նիստում քննարկված հարցն է, որով մտադիր են «ջրել» մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 31-ը վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքները։

Սրա վերաբերյալ, սակայն, որոշ մտահոգություններ հնչեցին թե՛ գլխավոր դատախազի, թե՛ ՊԵԿ նախագահի, անգամ սպառողների կողմից։ Վարչապետն էլ հանձնարարել էր նորից քննարկել ու վերացնել թերությունները, ավելի պարզեցված ու հասկանալի տեսքով ուղարկել նախագիծը խորհրդարան։ Սակայն բարեխիղճ քաղաքացիները, որոնք մեծ նեղություններով վճարել են ոչ միայն տուգանքները, այլեւ դրանց վրա ավելացած տույժերը, փաստորեն, չեն շահել, իսկ անբարեխիղճ վարորդներն այս պարագայում շահում են։ Արտահերթ նիստի հարցերից մեկն էլ վերաբերում է «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու հարցին։ Սա, եթե հիշում եք, «հայու գենին» վերաբերող օրենքն է։

Արտահերթի մյուս հարցով էլ փոփոխություն եւ լրացում են կատարելու «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում։ Ի դեպ, մեր տեղեկություններով՝ այս արտահերթ նիստում պետք է ընդգրկված լիներ նաեւ Սեւանից ջրառ կատարելու վերաբերյալ հարցը, քանի որ երաշտի պատճառով նորից դաշտերում ոռոգման խնդիր է առաջացել, եւ նոր իշխանություններին հուշել են, որ չեք կարող ջրառ չթույլատրել, սակայն երեկվա դրությամբ օրակարգում նման հարց ընդգրկված չէր։

Մեկնաբանություն
X