Ազատման դիմումներ կգրեն միայն ստուգումներից հետո

Հրազդանի քաղաքապետի հրաժարականից հետո, քաղաքապետի թիմը՝ խորհրդականները, օգնականը, քաղաքապետի տեղակալները, բաժնի պետերը, անգամ մամուլի խոսնակը պատրաստ էին աշխատանքից ազատման դիմումներ գրել: Սակայն իրավիճակը քաղաքապետարանում կտրուկ փոխվել է՝ հրահանգվել է, որ ոչ ոք աշխատանքից չազատվի, քանի որ քաղաքապետարանում ստուգումներ են սկսվել:

Հրազդանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար՝ Աշոտ Միքայելյանից հետաքրքրվեցինք, արդյոք մտավախություն չունի՞, որ ստուգումների արդյունքում խախտումներ կհայտնաբերվի. «Դուք մի նեղվեք, հանգիստ եղեք, մեզ մոտ ամեն բան նորմալ է»,- եղավ պատասխանը: Ի դեպ, մամուլում գրվեց, որ Հրազդանի քաղաքապետի հրաժարականից հետո, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի ՔՊ կուսակցության վարչության նախագահ, Աժ պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին` Սեւակ Միքայելյանը:

Սեւակ Միքայելյանը մեզ հետ զրույցում ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց տեղեկությունը, միայն ասաց, որ բոլոր հարցերին մի քանի օր հետո կպատասխանի: Մինչ Հրազդանի քաղաքապետարանում ստուգումներ են, քաղաքում բնակիչները քննարկում են, թե ո՞ւմ կուզենային տեսնել քաղաքապետի պաշտոնում. «Մենք այս տարիների ընթացքում ժողովրդավար քաղաքապետ չենք ունեցել, քաղաքապետին ընտրությունից ընտրություն ենք տեսել: Մի բան ենք ուզում, ով էլ քաղաքապետի պաշտոնին լինի, միայն ժողովրդավար լինի, ժողովրդի ձայնը լսի եւ ժողովրդի շահերն առաջ տանի: Քաղաքապետին պետք է ժողովուրդը, մի բան, որ այս տարիների ընթացքում Հրազդանում չի եղել՝ ժողովուրդը չի ընտրել, բայց մարդը ընտրվում էր: Գրագետ, գործունյա պաշտոնյա է պետք, որ կարողանա մեր քաղաքը անմխիթար վիճակից հանի»,- ասում էին հրազդանցիները:

Նելլի Կարապետյան

Մեկնաբանություն
X