Գեղարդի մասունքը ռուս քաղաքապետին նվիրելու լուրերը ապատեղեկատվություն են․ Արշակ սրբազան

Այսօր առավոտյան «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամները մուտք էին գործել Մայր Աթոռի դիվանատուն՝ պահանջելով ցույց տալ սրբազան Գեղարդը։ Այնուհետև մամուլում լուրեր տարածվեցին, որ այդ մասունքը նվիրել են Սանկտ Պետերբուրգի քաղաքապետ Գեորգի Պոլտավչենկոյին։ Որպես լուրի սկզբնաղբյուր հղում էր կատարվել Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանին։ Մենք կապ հաստատեցինք նրա հետ՝ փորձելով պարզել սուրբ Գեղարդի կամ նրա մասնունքի այս կամ այն երկրի պետական պաշտոնյային նվիրելու դրդապատճառները։ Սակայն Արշակ սրբազանը մեզ հետ զրույցում հերքեց այդ լուրերը, դրանք կոչեց ապատեղեկատվություն՝ հայտարարելով, որ ինքը որևէ մեկին չի ասել, որ գեղարդի մասունքը նվիրվել է Սանկտ Պետերբուրգի քաղաքապետին․

«Ռուս քաղաքապետին նվիրելու վերաբերյալ ես բացարձակապես որևէ հայտարարություն չեմ արել, դա ամբողջապես ապատեղեկատվություն է։ Ես ընդամենը ասել եմ, որ Ռուս ուղղափառ եկեղեցու հովվապետի՝ Ալեքսեյ պատրիարքի խնդրանքով ուղարկվել է ռուս եկեղեցում տեղադրվելու համար։ Իսկ քաղաքապետը իրենց մտածածի, իրենց հասկացածի արդյունքն է»։

Գուցե քաղաքապե՞տն է տարել ու նվիրել Ռուս ուղղափառ եկեղեցուն․

«Ոչ, մասունքը տարվել է վեհափառի կողմից և այնտեղ հանդիսավոր պայմաններում հանձնվել է։ Քաղաքապետը ուղղակի այդ մասին զրույց է ունեցել վեհափառի հետ, քաղաքապետը որևէ կապ չունի։ Քաղաքապետի անուն ես պարզապես ոչ տվել եմ, ոչ հիշատակել եմ։ Այդ մասին գերագույն ժողովում հայտարարվել է, մեր բոլոր եպիսկոպոսներն էլ իմացել են, այդ մասին խոսվել է, դա ծածուկ բան չի։ Ծածուկ լինելու դեպքում՝ հնարավոր չէ, որ իրենք այդ մասին իրազեկված լինեին»։

Փորձեցինք Արշակ սրբազանից պարզել, թե ի՞նչ ասել է մասունք, քանի որ հրապարակումներ եղան, թե ամբողջ Գեղարդն է նվիրաբերվել․ «Դա մի փոքր, աննշան, գնդասեղի գլխիկի չափ մասնիկ է։ Գեղարդը բացարձակապես անվնաս է, անվտանգ է և իր ամբողջականության մեջ պահվում է Մայր Աթոռում՝ գանձատանը։ 2 օրինակ կա, մեկը պատճենն է, որպեսզի չգողացվի, ցուցադրության համար է, մյուսը պահվում է Մայր Աթոռի գանձատանը»։

Սոցցանցերում նաև դժգոհություն եղավ այն բանի հետ կապված, որ սուրբ համարվող Գեղարդը մասնիկների է բաժանվել։ Որոշ քաղաքացիներ վրդովվել էին այդ հանգամանքից՝ ասելով, որ դա հակաքրիստոնեական քայլ է։ Արշակ սրբազանին հարցրինք, թե կրոնաբանական ու դավանաբանական տեսանկյունից որքանո՞վ է ընդունելի սուրբ համարվող այդ մասունքը մասերի բաժանելը կամ գոնե թեկուզ դրանից մի փոքր մասիկ պոկելը, արդյո՞ք եղել է նման պրակտիկա․

«Դա ընդունված ավանդույթ է բոլոր եկեղեցիների մոտ այնպես, ինչպես Լուսավորչի մասունքի հատվածներ բերվեցին Էջմիածին, այնպես, ինչպես ինչպես Նոյյան տապանից մասունք է տրվել Ռուս ուղղափառ եկեղեցուն։ Դա բացարձակապես ընդունելի, տարածված ավանդույթ է, որ որևէ հակականոնական, մեր նվիրագործման ավանդույթներին հակառակ երևույթ գոյություն չունի դրանում։ Կարող եք պատմությունը թերթել և տեսնել»։

Անդրադառնալով նախաձեռնության անդամներին՝ դիվանապետն ասաց, թե տպավորություն ունի, որ Հայաստանում հալածում են ազգային եկեղեցին։ Նա նաև օգտագործեց առիթը և դիմեց օրինապահ մարմիններին․

«Սանձարձակ, սադրիչ գործողություններով, ուղղակի կաթվածահար էին արել դիվանատան աշխատանքը։ Առավոտյան ժամը 12-ից մինչև այժմ (18։ 30) գտնվում են այնտեղ։ Իմ մոտ այնպիսի տպավորություն ձևավորվեց, որ մենք ապրում ենք մի երկրում, որտեղ որ ազգային եկեղեցին կարող է հալածանքների ենթարկվել, այլ բնորոշում չեմ կարող տալ։ Մի կողմից ագրեսիվ փոքրամասնություն, մյուս կողմից՝ ազգային եկեղեցի, բայց ագրեսիվ փոքրամասնությունը փորձում է իր կամքը թելադրել։ Մենք նաև մեր կոչումի բերումով զրկված ենք անհրաժեշտ ինքնապաշտպանություն իրականացնելու հնարավորությունից։ Մենք չենք կարողանում մեր առօրյա առաքելությունը իրականացնել, զրկված ենք այդ հնարավորությունից։ Եվ ես կուզեի նաև առիթը օգտագործել՝ հորդորելու մեր իրավապահ մարմիններին ռացիոնալ լուծումներ գտնել՝ հարգելով մարդկանց հիմնարար իրավունքները։ Լուծում գտնեն, որպեսզի մենք նույնպես կարողանանք մեր առաքելությունն իրականացնել»։

Կորյուն Սիմոնյան

Մեկնաբանություն
X