Քրեական գործեր բացելիս իշխանությունները չպետք է շրջանցեն մարդու իրավունքները

Իշխանափոխությունից հետո ձերբակալությունները, ԱԱԾ-ի բացահայտումները հասարակության մի ստվար հատվածի «սիրտն են հովացնում»։ Դասախոս ծանոթներիցս մեկի բնորոշմամբ՝ գոնե բարոյապես փոխհատուցված ենք զգում, երբ տեսնում ենք, թե ինչպես են պետության հաշվին հարստացածների, իշխանությունը չարաշահածների նկատմամբ քրեական գործեր հարուցում եւ նրանց գողության ու ապօրինությունների փաստերը «ջրի երես» հանում։

Անզեն աչքով էլ է, սակայն, տեսանելի, որ իրավապահ համակարգը ցուցաբերում է շտապողականություն, բռնում-բաց է թողնում մարդկանց, որոնց ներկայացրել էր մեղադրանքներ։ Օրինակ՝ ձերբակալեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանին՝ հասարակական կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու եւ յուրացումներ կատարելու կասկածանքով, հետո ազատ արձակեցին՝ խափանման միջոցը փոխելով մեկ միլիոն դրամ գրավով։ Արա Վարդանյանը աշխատանքի է գնում։ Մոտ ինը ժամ խուզարկություն կատարեցին Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի տանը, բերման ենթարկեցին նրան ու իր որդուն՝ Հայկ Սարգսյանին։

Հետո նրանց ազատ արձակեցին։ Իսկ Սաշիկ Սարգսյանի մյուս որդու՝ Նարեկ Սարգսյանի հաշվառման վայրում հուլիսի 4-ին ԱԱԾ քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերված պատկառելի արժողությամբ գումարներից ու իրերից հետո Նարեկ Սարգսյանն ու նրա թիկնապահ Արտեմ Պետրոսյանը ներգրավվեցին որպես մեղադրյալ, նրանց նկատմամբ հայտարարվեց հետախուզում, որպես խափանման միջոց ընտրվեց կալանքը։ Հուլիսի 4-ին Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ գլխավոր դատախազը, նոր երևան եկած հանգամանքներով պայմանավորված, որոշել է վերացնել դեռևս 2007թ.-ին անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հարուցված քրեական գործով քրեական հետապնդում չիրականացնելու և վարույթը կարճելու որոշումը: Գլխավոր դատախազությունը որոշել է իրականացնել նոր նախաքննություն՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելու հանգամանքով:

Վերաբացված գործում արդեն ներգրավվել են Սերժ Սարգսյանի եղբորորդիները՝ Նարեկ և Հայկ Սարգսյանները: Որքան էլ ԱԱԾ-ի, իրավապահ համակարգի նկատմամբ հասարակությունը մեծ չափով վստահություն է տածում, հանրային հնչեղ գործերի մասին էլ ԱԱԾ-ն պարբերաբար տարածում է տեսանյութեր, հանդես է գալիս ծավալուն ու մանրակրկիտ ձեւակերպված հաղորդագրություններով, որոշ հարցեր, այնուամենայնիվ, մնում են առկախ։

Փաստաբան, մարդու իրավունքների հարցերով փորձագետ Արա Ղազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ձերբակալությունների, խուզարկությունների ընթացքում խախտվում է ձերբակալվածների անմեղության կանխավարկածի իրավունքը եւ անձնական կյանքի հարգման իրավունքը։ «Քանի որ օպերատիվ աշխատանքը կատարվում է շատ արագ, այդ երկու հիմնարար իրավունքներն անընդհատ խախտվում են, սակայն հասարակությունը հաշվի չի նստում դրանց հետ, հասարակությանն առաջին հերթին հետաքրքրում է, որ այդ մարդկանց բռնեն։ Եթե սկսվեն դատական գործընթացներ, ի հայտ կգան այլ փաստեր, օրինակ՝ գաղտնալսումները։

Արդյո՞ք դրանք իրականացվել են իրավաչափ, օրինական կերպով, թե՞ ոչ։ Երբ շտապում են, իսկ իշխանությունները շտապում են, ինչ-որ սխալներ թույլ են տալիս։ Ամբողջ հարցն այն է, որ հասարակությունն ուրախ է, քանի որ կազմակերպված հանցավորության դեմ պայքար է իրականացվում։ Հիմա այդ պայքարի շրջանակներում սրանք կարող են դիտվել որպես մանր խնդիրներ, սակայն երբ սկսվի դատական պրոցես, այդ մանր խնդիրները կդառնան խոչընդոտներ։ Դրա համար իշխանությունները պետք է շատ զգույշ լինեն»,- ասաց Արա Ղազարյանը։

Մեր դիտարկմանը, որ ներկայացված մեղադրանքները, խուզարկությունները հիմնազուրկ չեն, Արա Ղազարյանն արձագանքեց․ «Հիմնազուրկ չեն, որովհետեւ լրատվությունը այն ծավալով, որ ներկայացվում է հանրությանը, հիմնավորում են, որ կան կասկածներ։ Մենք հիմա պետք է խոսենք կասկածի մասին։ Կան բավարար փաստեր, որ այդ մարդիկ ամենայն հավանականությամբ ենթադրաբար կատարել են հանցագործություն։ Իսկ եթե բաց են թողնում նրանց, դա չի նշանակում, թե քրեական գործը փակված է․ խոսքը տվյալ դեպքում միայն խափանման միջոցին է վերաբերում։ Իշխանությունները հայտարարեցին, որ իրենք առաջնորդվում են օրենքի գերակայությամբ եւ չեն միջամտելու դատարանների գործերին, կարծես թե հավատարիմ են իրենց սկզբունքին։ Մնում է, որ իշխանություններն իրենք շատ չգայթակղվեն քրեական գործեր բացելով եւ մարդու իրավունքները չշրջանցեն։ Իսկ դա բարդ բան է, որովհետեւ դատավարությունը ծավալուն պրոցես է։

Եվ եթե հիմնարար իրավունքի մասին է խոսքը, ավելի լավ է դատավարությունը դանդաղեցնեն, բայց չշրջանցեն մարդու իրավունքը»։ Արա Ղազարյանը նկատում է, որ այդքան մարդկանց ձերբակալեցին, սակայն ոչ մեկի դեմքը փակ չէր։ «Ճիշտ է, լրատվություն հաղորդելիս գրվում է, որ հարգվում է անմեղության կանխավարկածը, սակայն ինքը՝ տեքստը, ունի մեղադրական ուղղվածություն։ Մինչդեռ՝ խոսքն ընդամենը կասկածի մասին է։ Կամ ասում են՝ այսքան գումար վերականգնվեց պետբյուջե, ո՞վ է ասում, որ կարող են այդ գումարները վերականգնել։ Գումարները արգելանքի տակ են վերցնում, մինչեւ դատարանը որոշի մեղքի հարցը։ Երբ մեղքը ճանաչվի, գումարները կարող են մտնել պետբյուջե։ Իսկ այսօրվա դրությամբ ոչ մի գումար չի կարող մտնել պետբյուջե, դրանք բոլորը արգելանքի տակ են, սառեցված են։ Այսինքն՝ ո՛չ կասկածյալները կարող են օգտագործել դրանք, ո՛չ էլ պետական մարմինը կարող է օգտագործել»,- նկատում է փաստաբանը։

Թագուհի Հակոբյան

Մեկնաբանություն
X