Փոշոտ տեսախցիկներ, փախուստ դեպքի վայրից, չառերեսված կողմեր․ պաշտպանը կարծում է՝ Բաբայանին անհիմն են կալանավորել

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում երեկ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ նիստ էր հրավիրվել եւ կեսգիշերն անց դատարանը որոշեց բավարարել քննիչի միջնորդությունը՝ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի անվտանգության պետ Էդուարդ Բաբայանի նկատմամբ խափանման միջոց ընտրեց կալանավորումը։

Հիշեցնենք՝ Բաբայանը մեղադրվում է 50-ամյա Վյաչեսլավ Հարությունովի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ: Վերջինս օլիմպավանում դժգոհել է, որ իր որդուն՝ բռնցքամարտի աշխարհի չեմպիոնին չեն ազատում բանակից։ Վեճ է ծագել, որի արդյունքում Հարությունովը ծեծի է ենթարկվել եւ ծանր մարմնական վնասվածքներ ստացել։ Նա հետաքննիչին ցուցմունք է տվել, որ իրեն ծեծել են Ծառուկյանի թիկնապահն ու մյուսները, սակայն ժամեր անց հրաժարվել է իր ցուցմունքներից՝ բացատրելով, որ սայթաքել ընկել է եւ դեղերի ազդեցության սխալ ցուցմունք է տվել։

Ըստ էության կալանքի միջնորդության քննության պահին ոչ մի էական ապացույց դատարանին չի ներկայացվել, բացառությամբ նախնական ցուցմունքից, որից տուժողը հրաժարվել է։ Դատարանի որոշումը Բաբայանի պաշտպանները չեն ընդունում, կարծում են, որ դատարանն անհիմն որոշում է կայացրել։

«Հրապարակ»-ի հետ զրույցում Բաբայանի շահերի պաշտպան Յուրի Խաչատրյանը նշեց․ «Դատարանը ոչ թե պետք է ունենար, այլ քննիչը պետք է ներկայացներ հիմքեր, որպեսզի դատարանին էլ արժանավոր ներկայացներ։ Միայն նախնական տված ցուցմունքի հիման վրա, որը հետո հերքվեց ամբողջ լրատվամիջոցներով, քննիչը միայն սկզբնական, մեղադրող ցուցմունքը ներկայացրեց, մեր պաշտպանյալը իր հարցաքննության ժամանակ չընդունեց մեղադրանքը, եւ միջնորդություն ներկայացրինք, որ առերես հարցաքննություն կատարվի մինչեւ դատարան տանելը։ Սակայն քննիչը հրաժարվեց առերեսում կատարելուց, դե պարզ էր, մտածում էր՝ եթե առերեսումը կատարվի, մի ապացույց ունի, դա էլ կկոտրվի։

Դրա համար առանց առերեսում կատարելու բերեցին դատարան, մենք էլ նշեցինք, որ քննիչը քրեական դատավարության օրենսգրքի խախտում է կատարել, պարտադիր կարգով պետք է էական հակասությունների ժամանակ առերեսում կատարվի։ Մենք հեռախոսի միջոցով ներկայացրինք տուժողի ելույթը, ինչպես է ասում, որ ինքը ընկել է, իրեն չեն հարվածել։ Հիմա այլ հանգամանք է՝ ով կհավատա, ով՝ չէ, բայց փաստը փաստ է, փաստերի հիման վրա է իրավաբանությունը»։

Փաստաբանը նաեւ գտնում է, որ ժամանակավրեպ էր ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հայտարարությունը, թե տուժողի պնդումները, որ ընկել է աթոռից, իրականությանը չեն համապատասխանում․ «Ինքը իր կարծիքը հայտնեց, թե ընկնելուց նման վնասվածք դժվար ստանան, կարծես արդեն իսկ անհիմն ուղղորդում լիներ դատարաններին։ Կարծում եմ, որ դա էլ որոշակի նշանակություն ունեցավ, թե չէ առանց հիմքերի, դատավոր Մակյանին էլ գիտեմ օբյեկտիվ, անաչառ դատավոր է։ Ասում են՝ դուրս գալով կխոչընդոտի, հիմա ինչ կա, եղած է։ Դատաբժիշկը եզրակացությունը տվել է՝ ծանր մարմնական վնաս, փորձագետը չի կարող ասել՝ ծեծի՞, թե՞ մեկ այլ բանի հետեւանք է։ Նշում է բութ առարկայից պատճառած, բութ առարկան կարող է կվալտը լինել, քարը լինել։ Իր ցուցմունքի մեջ էլ ասել է, որ ճակատային մասին վնասվածքը ընկնելու հետեւանքով հնարավոր է առաջացած լինի։ Քննիչը կողքի վնասվածքի վերաբերյալ հարց չի տվել, թե հնարավո՞ր էր ընկնելուց կողքն էլ վնասեր։ Դրա համար մենք քննիչին որ ասացինք՝ մի մասի վերաբերյալ որ հարց տվել ես, մյուսի վերաբերյալ ինչի՞ չես տվել, ծիծաղեց։ Ինքը մտավախություն է ունեցել, թե նրա վերաբերյալ էլ կասեր, որ ընկնելու հետեւանքով է եղել»։

Դատարանը մերժել է նաեւ պաշտպանական կողմի միջնորդությունը՝ 1 եւ ավելի միլիոն դրամ գրավի դիմաց իրենց պաշտպանյալին ազատ արձակելու վերաբերյալ. «Զարմանալի դեպք էր՝ այս թավշյա հեղափոխությունից հետո, որ առաջխաղացում կա գրավի կիրառման հարցում, այս մեր գործի գլխին կիրառվեց գրավ չկիրառելը.... Նաեւ ժամանակի արձանագրման տվյալներով՝ ե՞րբ են հարցաքննել, երբ է եկել, քննչը իր որոշման մեջ գրել է, թե փախուստի է դիմել դեպքի վայրից, այն դեպքում, երբ ինքը տուն ունի, «Օլիմպավանից» տուն է գնացել, ոստիկանները փոխարենը գնան իրեն տանը ման գան, գնացել են «Շանգրի Լա», սկսել են Էդուարդ Բաբայան ման գալ։ Բայց Բաբայանը գտնվել է տանը, իր հետ կապվել են, ասել են ոստիկաններից քեզ հարցնում են, ինքն էլ գնացել, ներկայացել է։ Փաստաբանի հետ է գնացել, որ ձեւակերպեն, որ ինքը եկել է։ Բայց որոշման մեջ գրում են դեպքի վայրից փախուստ, երբ կա արձանագրված, որ ինքնակամ ներկայացել է»։

Հարցին՝ դեպքի վայրի տեսախցիկները առգրավվե՞լ են, պաշտպանը նշեց․ «Տեսախցիկները փոշոտ են եղել, կրիչը մեջը չի եղել։ Նույնիսկ փոշի է վրան դրված եղել»։ Մեղադրյալը դատարանում հայտարարել է, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, միանում է պաշտպանական կողմի միջնորդությանը եւ առարկություններին։

ԱԺ «Ծառուկյան դաշինքի» պատգամավորներն էլ պնդում են՝ որեւէ հիմք չկա Բաբայանին անազատության մեջ պահելու, ապա նշում են, որ իրենք անձնական երաշխավորություն են ներկայացնելու խափանման միջոցը փոխելու համար։

Աննա Պապիկյան

Մեկնաբանություն
X