Շատ տեղերում Հայաստան անունը նույնիսկ չգիտեին, ավելին՝ մեր մասին այլ կարծիքներ ունեին

Կատարողական արվեստի համաշխարհային ընկերակցության եւ հիմնադիր նախագահ Արման Ղուկասյանի նախաձեռնությամբ հուլիսի 7-13-ը Երևանում կկայանա «Կովկասյան առաջնություն» երգի եւ պարի միջազգային 5-րդ մրցույթ-փառատոնը, որին մասնակցելու են Իսրայելի, Ղազախստանի, Լատվիայի, Ռուսաստանի, Լիտվայի, Կիպրոսի, Վրաստանի եւ իհարկե Հայաստանի ներկայացուցիչները : Այս տարի ժյուրիի կազմում ընդգրկված է նաև Լիբանանի պատվիրակությունը՝ երգչուհի Թարա Մաալուֆը, Կատարողական արվեստի համաշխարհային ընկերակցության փոխնախագահ Վիգեն Թանաշեանը, ինչպես նաև ծնունդով գյումրեցի, օպերային հայտնի երգչուհի, եվրոպական 6 միջազգային մրցույթների գրան պրի մրցանակակիր Լէոնորան՝ Արևիկ Թանաշեանը, ով նաև ժյուրիի նախագահն է:

Hraparak.am-ի զրուցակիցը երգչուհի Լեոնորան է, որից փորձեցինք պարզել, թե ո՞րն է մրցույթ-փառատոնի հիմնական նպատակը եւ ի՞նչ է տալիս այն մեզ: «Այս նախաձեռնության գաղափարը ցրել ենք աշխարհով մեկ։ Այսինքն, եթե մենք ունենք արտերկրից հրավիրված ժյուրի, ուրեմն մեր կապը միայն այդ ժյուրիի հետ չէ, այլ՝ նաև տվյալ երկրի մշակույթի հետ է: Մեր ցանկությունը միայն այն չէ, որ երկրում զարգացնենք օտարազգիների մուտքը, այլև մեր մշակույթը տարածենք դրսում: Հենքը դրել ենք նրան, որ հիմա ավելի շատ եվրոպական երկրներից ունենանք հյուրեր, որովհետև շատ տեղերում Հայաստան անունը նույնիսկ չգիտեին, ավելին՝ մեր մասին այլ կարծիքներ ունեին, ինչը վիրավորական է: Երկու տարի առաջ, երբ ես Իսպանիա գնացի՝ Լորետե դե Մառ, այնտեղ չգիտեին՝ ով է Նարեկացին, Կոմիտասը:

Ի ուրախություն ինձ՝ ես նրանց ներկայացրեցի Կոմիտասին, եւ շատ հավանեցին, նույնիսկ դասեցին Բախի, Մոցարտի, մեծարժեք կոմպոզիտորների կողքին: Ամեն երկիր ունի իր մշակույթի գագաթնակետը, բայց մենք պարտավոր ենք որպես արվեստագետ ասել, որ մեր Կոմիտասը Ձեր Բախին իր մեծությամբ չի զիջում»,- ասաց երգչուհին:

«Կովկասյան առաջնություն» մրցույթ-փառատոնին Հանրապետության երկրորդ քաղաքը 7 ներկայացուցիչ ունի: «Այս մրցույթի առավելությունն այն է, որ դրսից հրավիրված ժյուրիները ունեն հնարավորություն իրենց երկիր հրավիրել եւ այնտեղ մասնակցել մրցույթների այն մասնակիցներին, որոնց անձամբ համակրել են ,>>- ասաց Արևիկ Թանաշեանը ՝ նշելով, որ այս տարին իրենց համար հոբելյանական է, մեծ շուքով են տոնելու: Արևիկ Թանաշեանը Կոմիտասի անվան Գյումրու կոնսերվատորիայի մասնաճյուղի ուսանող է եղել, եւ նրանից հետաքրքրվեցինք, թե ինչ կարծիք ունի կոնսերվատորիայի ռեկտոր Կարինե Ավդալյանի անվան հետ կապվող կոռուպցիոն սկանդալի մասին:

«Հիմա եւ առաջ շատ բան է փոխվել, իմ տարիներին բուհը բարգավաճեց, որակյալ կադրեր արտադրեց: Տիկին Ավդալյանի օրոք ես ընդամենը մոտ երկու տարի ուսանեցի, որովհետև հետո տեղափոխվեցի Երևան, ինքը սկսնակ էր, եւ նմանատիպ գործողություններ դեռ չկային: Չեմ կարող չնշել, որ «Վերածնունդ» փառատոնին, որը նրա նախաձեռնությամբ ձևավորվեց, ես տաս տարի առաջ առաջին մրցանակակիրը դարձա, եւ ամեն ինչ շատ արդար էր, իսկ հիմա պարզապես ցավ եմ ապրում, երբ լսում եմ, որ բուհում ամեն ինչ այլևս առաջվանը չէ »,- նշեց երգչուհին:

Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X