«Սպայկայում» դեռ ոչինչ չգիտեն

Հուլիսի 3-ին իրավապահներն ու ՊԵԿ աշխատակիցները մտել էին «Սպայկա» ընկերություն։ Ըստ ՊԵԿ-ի` 2018 թվականի հուլիսի 3-ին, օրենքով սահմանված կարգով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշման հիման վրա, Պետական եկամուտների կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման և օպերատիվ հետախուզության վարչությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության՝ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ խուզարկություն է իրականացվել «Սպայկա» ՍՊԸ-ում: Հետագայում ՊԵԿ մամուլի ծառայությունը հայտարարություն տարածեց, որ ստուգումներ են անցկացրել «Սպայկայում» ու դրա հետ փոխկապակցված ընկերություններում` «Վիլլեջ գրուպում» ու «Գրինպրոդուկտում»։ ՊԵԿ-ի տվյալներով` այդ երկու ընկերությունները մոտ 4,4 միլիոն դոլար հարկ չեն վճարել բյուջե։ Իսկ «Սպայկան» տեղափոխել էր սրանց բեռները եւ դրանով հայտնվել ՊԵԿ տեսադաշտում։ Սակայն, այնուամենայնիվ, առկախված մնաց հարցը, թե ինչ էին իրավապահները փնտրում «Սպայկա» ընկերությունում և արդյոք որևէ խախտում հայտնաբերե՞լ են այնտեղ։ Հիշեցնենք, այս ընկերությունը եւս առնչվում է ՀՀ երկու նախկին նախագահների հետ։

Ընկերության մամուլի խոսնակ Էդվարդ Անտինյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ստուգումների օրվանից մինչ օրս որևէ նոր ինֆորմացիա չունի, ընկերության աշխատակիցներից որևէ մեկին դրանից հետո հարցաքննության համար օրինապահ մարմինները չեն կանչել․

«Այն օրը, որ իրենք մտել են, ինֆորմացիա ունեցել ենք, ու իրենք հայտարարել են ավելի ուշ, դրանից բացի ոչ մի նոր ինֆորմացիա մենք չունենք, որովհետև իրենք էդ օրով դադարեցրել են և ոչ մի նոր ինֆորմացիա չկա։ «Սպայկայի» աշխատակիցներից որևէ մեկը հետագայում հարցաքննության չի կանչվել, իրենք այդ օրը ավարտել ու գնացել են։ Այնպես որ իրենց հայտարարություններից հետո մենք որևէ ինֆորմացիա չունենք»։

Անտինյանը նաև ասաց, որ «Վիլլեջ գրուպ» և «Գրինպրոդուկտ» ընկերությունների անունները հենց ՊԵԿ աշխատակիցներն են հիշատակել, և իրենք չեն էլ իմացել, թե ինչ են ստուգում «Սպայկայում»․«Դա իրենց հայտարարության մեջ էլ կա, որ փոխկապակցված ընկերության մասին է խոսքը, իրենք եկել են մեզ մոտ, փաստաթղթեր են նայել՝ այլ կազմակերպության, որոնց անունը իրենք հիշատակել են, մենք նույնիսկ չգիտեինք, թե ում մասին են նայում»։

Էդվարդ Անտինյանից փորձեցինք ճշտել, թե իրավապահների ստուգումները որևէ կերպ անդրադարձե՞լ են ընկերության գործունեության վրա, ծավալները բեռնափոխադրումների չեն փոխվել կամ հեղինակությունը չի՞ տուժել․«Այդ օրվանից սկսած որևէ ազդեցություն չի եղել, իրենք որևէ ձևով չեն էլ խոչընդոտել աշխատանքային պրոցեսին, անգամ մթերման պրոցեսին, նման խնդիր ուղղակի չկա»։

Հարցրինք նաև մթերման գործընթացների վերաբերյալ։ Ոչ վաղ անցյալում մենք բողոք էինք ստացել Արարատի մարզի բնակիչներից, վերջիններս անհանգստացած էին, որ «Սպայկան» ուշացնում է ծիրանի մթերումը, անցած տարվա ծավալներով չի մթերում։ Փորձեցինք ճշտել, թե նման հապաղումներ հնարավո՞ր են, որ գյուղմթերքի այլ տեսակների դեպքում էլ լինեն․

«Մյուսների ժամանակը դեռ չի եկել, էնպես որ եթե կգա, կպատկերացնենք, որովհետև շատ հարցեր կապված են մթերման ծավալներից և թե ինչպիսի բերքատվություն կա, դա նույնպես շատ կարևոր է, թե ինչպիսի վիճակ է շուկայում։ Այդ առիթով ես մի անգամ պարզաբանում տվել եմ, որ ցանկացած տարին նայում ես, թե ինչպես կա, և թե շուկայում ինչ վիճակ է»։

Կորյուն Սիմոնյան

Մեկնաբանություն
X