Ապրիլյան հեղափոխության հետեւում հնարավոր չէ տեսնել ո՛չ արեւմուտքին, ո՛չ Զիմբաբվեին․ Լարիսա Մինասյան

Hraparak.am-ը «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի Հայաստանի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանի հետ զրույցում նկատեց, որ տարբեր հասարակական, քաղաքական խմբեր ապրիլյան հեղափոխության ակունքներում տեսնում են Սորոսին եւ տարածում այն տեսակետը, որ հեղափոխության կազմակերպիչը հենց այդ հիմնադրամն է եղել։ Որպես փաստարկ՝ նշվում է, որ այսօրվա կառավարության մի շարք պաշտոնյաներ կրթություն են ստացել արեւմուտքում, աշխատել միջազգային ՀԿ-ներում։ Որքանո՞վ է այդ պնդումը հավաստի, Սորոսը դեր խաղացե՞լ է ապրիլյան հեղափոխության ժամանակ։

«Հայաստանի ապրիլյան հեղափոխության ժամանակ բանական ոչ մի մարդու մտքով չանցավ նրա հետեւում տեսնել թե՛ արեւմուտքին, թե՛ Սորոսին, թե՛ արեւելքին, թե՛ Կորեային, թե՛ Զիմբաբվեին։ Հեղափոխությունն իրականացրել է ժողովուրդը, եւ ժողովուրդն այնքան միանշանակ տեր էր կանգնել այդ փոփոխություններին, որ ոչ մի բանական մարդ չէր կարող դա չտեսնել։ Եթե որոշ մարդիկ փորձում են տեսնել Սորոսին, գործում են ակնհայտ իրողությունների դեմ։ Հնարավոր չէ հարյուր-հազարավոր մարդկանց ասել, թե իրենք դուրս են եկել, որովհետեւ Ջորջ Սորոսն է ասել, որ իրենք դուրս գան»,- ասաց Լարիսա Մինասյանը։ Հարցին, թե ապրիլյան հեղափոխությունից հետո Եվրամիությունն ինչպես է վերաբերվում Հայաստանին՝ թե՛ ֆինանսական աջակցության, թե՛ ծրագրերի առումով։

«Քաղաքական առումով կա աջակցություն։ Կարեւոր է, որ Եվրամիությունը Հայաստանում տեսնում է իսկապես ժողովրդավարական բարեփոխում։ Իսկ դրանից էլ կբխի թե՛ աջակցությունը, թե՛ ֆինանսավորումը։ Եթե մենք ընտրել ենք այս ճանապարհը եւ հաջողենք ռեֆորմները, ապա ինձ թվում է, որ դրան կսատարեն։ Այդ մասին ասում են թե՛ ՀՀ-ում ԵՄ դեսպան Սվիտալսկին, թե՛ ԵՄ հանձնակատար Մոգերինին»,- ասաց Լարիսա Մինասյանը։

Մեկնաբանություն
X